Նույնասեռ զույգերի երեխաները զարգացմամբ չեն տարբերվում հետերոսեքսուալ ընտանիքների երեխաներից. հետազոտություն

Ուսումնասիրելով ԱՄՆ քաղաքացիների առողջության՝ 2013-2015 թվականների ազգային հետազոտության արդյունքները՝ գիտնակաները եկել են այն եզրակացության, որ նույնասեռ ընտանիքներում մեծացող երեխաները զարգացման հետ խնդիրներ չեն ունենում, գրում է Gaystarnews-ը:  

Ուսումնասիրության են ենթարկվել 4-17 տարեկան 21 հազար երեխաների ու նրանց ծնողների զգայական, հոգեկան ու հոգեբանական առողջության մասին տվյալներ:  

Ըստ հետազոտության արդյունքների՝ նույնասեռ ընտանիքներում մեծացող երեխաները դպրոցում առաջադիմության խնդիրներ չեն ունենում: Բիսեքսուալ ծնողների երեխաների գնահատականները փոքր-ինչ ավելի ցածր են. սա ուսումնասիրողները բացատրում են ավելորդ սթրեսով, որին հակված են երեխաների բիսեքսուալ ծնողները: Ըստ որոշ հետազոտությունների տվյալների՝ բիսեքսուալներն ավելի շատ են խտրականության ենթարկվում, քան նույնասեռականները:

Հեղինակները գրում են, որ «ավելի բաց հասարակությունում բիսեքսուալներն ավելի քիչ սթրես կապրեին, ինչը դրական կանդրադառնար բիսեքսուալ ընտանիքներում մեծացող երեխաների հոգեկան առողջության վրա»:

Այս հետազոտությունն ընդամենը վերջինն է վերջերս անցկացված այն բազմաթիվ ուսումնասիրություններից, որոնք վկայում են այն մասին, որ նույնասեռ զույգերը երեխաների դաստիարակության հարցում չեն զիջում հետերոսեքսուալներին:  

Սան Դիեգոյի Առողջապահության բարձրագույն դպրոցի դոկտոր, հետազոտության հեղինակ Ջերել Կալզոն նշել է. «Հասարակությունում ավելի ու ավելի նկատելի են դառում գեյերի, լեսբիների ու բիսեքսուալների ընտանիքները, և մեր եզրահանգումները հաստատում են նախորդ հետազոտությունների արդյունքները, համաձայն որոնց՝ նման ընտանիքների երեխաները հետերոսեքսուալ ընտանիքների երեխաների հետ համեմատած հոգեբանական խնդիրներ չունեն:

Արդյունքները ցույց են տալիս, որ մենք պետք է շարունակենք պայքարել սեռական կողմնորոշմամբ պայմանավորված խտրականության դեմ և աջակցենք գեյերին ու լեսբիներին, որովհետև այդ մարդիկ անընդհատ սթրեսների են ենթարկվում»:

Հետազոտության արդյունքներով՝ ԱՄՆ-ում շուրջ 6 մլն երեխա ապրում է նույնասեռական ծնողների հետ: Սակայն 2015-ին անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ ամերիկացիների մեկ երրորդից ավելին կարծում է, որ ԼԳԲ անձանց չի կարելի թույլատրել երեխաներ որդեգրել, իսկ ամենատարածված հակափաստարկը համարվում է այն, որ երեխաները դրանից տուժում են:

Գիտնականները հույս ունեն վաղ թե ուշ վերջ դնել այդ մոլորությանը:

Նույն 2015-ին Ավստրալիայի կառավարությունը «Երեխաների դաստիարակումը նույնասեռ ընտանիքներում» թեմայով հետազոտություն էր պատվիրել և ստացել էր հետևյալ արդյունքները. «Նույնասեռ ընտանիքներում երեխաներն էմոցիոնալ զարգացմամբ, սոցիալական ադապտացիայով ու ուսման մեջ գրանցած հաջողություններով չեն զիջում հետերոսեքսուալ ընտանիքներում մեծացող իրենց հասակակիցներին»:

Ավելին՝ գիտնականները հանգել են այն եզրակացության, որ լեսբի զույգերը միջինում ավելի լավ են զբաղվում երեխաների դաստիարակությամբ, քան հետերոսեքսուալները:

Եվս մի եզրահանգումն այն է, որ «նույնասեռ ընտանիքների երեխաներն ավելի հեշտ են ընդունում այն միտքը, որ սեռական կողմնորոշումը, գենդերային ինքնությունը և ընտանիքների տեսակները կարող են տարբեր լինել»: