Նույնասեռ միությունների իրավական ճանաչման արգելք չմեկնաբանե՛լ. Վենետիկի հանձնաժողովի դիտարկումը

Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է Հայաստանում սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ նախնական գնահատականը

 

Հրապարակված փաստաթղթի 46-րդ կետում, անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների նախագծի 34-րդ կետին, որը վերաբերվում է ամուսնանալու ազատությանը և 15-րդ կետին («Ընտանիքի պաշտպանությունը»), Վենետիկի հանձնաժողովը նշում է. «34-րդ ու 15-րդ հոդվածները չպետք է մեկնաբանվեն իբրև նույնասեռ միությունների իրավական ճանաչման արգելք»: 

 

Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների նախագծի 34-րդ կետում ասվում է, որ «ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդն իրենց կամքի ազատ արտահայտմամբ միմյանց հետ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն»: 

  

Ի հիմնավորումն իր դիտարկմանը, Վենետիկի հանձնաժողովը հղում է կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից բոլորովին վերջերս՝ մոտ տասը օր առաջ հրապարակված՝ «Օլիարին և մյուսներն ընդդեմ Իտալիայի» գործով նախադեպային վճռին: Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ը վճռել էր, որ ո՛չ նույնասեռ ամուսնություններ, ո՛չ նույնասեռ միությունների գրանցման իրավաբանական այլ ձևեր չնախատեսելով՝ Իտալիան խախտում է մարդու իրավունքները՝ խտրականություն դրսևորելով նույնասեռ զույգերի նկատմամբ: Նկատի ունենալով ՄԻԵԴ-ի պրակտիկայի նախադեպային բնույթը՝ Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վերաբերյալ եվրոպական կոնվենցիայի բոլոր մասնակիցները, այդ թվում՝ Հայաստանը, պարտավոր են ապահովել նույնասեռ հարաբերությունների այս կամ այն ձևի օրենսդրական ճանաչումը: 

 

Այսպիսով, Վենետիկի հանձնաժողովը Հայաստանին հիշեցրել է իր ստանձնած միջազգային պարտավորություններն ու տեղեկացրել, որ սահմանադրական փոփոխությունների նախագծի տեքստերում առկա «ամուսնություն» և «ընտանիք» հասկացությունների՝ իբրև կնոջ և տղամարդու միություն ձևակերպված լինելը չի կարող մեկնաբանվել իբրև նույնասեռ միությունների իրավական ճանաչման արգելք: