Շոտլանդիայում նույնասեռ ամուսնությունները կսկսեն գրանցել այս տարվա դեկտեմբերից

Այսօր Շոտլանդիայի իշխանությունները հայտարարել են այն մասին, որ առաջին նույնասեռ ամուսնությունները Միացյալ Թագավորության այդ տարածքում հնարավոր կլինի գրանցել արդեն Նոր տարվա նախաշեմին՝ 2014-ի դեկտեմբերի 31-ին: Շատ զույգեր այդ օրվան էին սպասում արդեն մի քանի ամիս, գրում է GayRussia-ն:

 

Ամուսնության և քաղաքացիական զուգընկերության մասին օրենքը Շոտլանդիայի համար ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 16-ին: Դա նշանակում է, որ քաղաքացիական կապերի մեջ գտնվող գեյերի ու լեսբուհիների զույգերն այդ ամսաթվից սկսած կարող են իրենց կարգավիճակը փոխել ամուսնականի:

 

Նույնասեռ զույգերը, որոնք ցանկանում են առաջինը գրանցել իրենց ամուսնություններն այս տարվա վերջին օրը, կարող են հայտեր ներկայացնել դեկտեմբերի 16-ից: Օրենքով հայտը ներկայացնելուց հետո մինչև ամուսնության գրանցումը 15 օր սպասելու ժամանակ է նախատեսված:

 

Շոտլանդիայի առողջապահության և բարեկեցության նախարար Ալեքս Նիլը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնել են Շոտլանդիային ամուսնական հավասարության հարցում առաջընթացի հասնել՝ ընդգծելով. «Դուք օգնել եք Շոտլանդիան ավելի լավ վայր դարձնել, ավելի հավասար վայր, վայր, որտեղ բոլոր քաղաքացիները՝ անկախ սեռից, նույնպես ունեն սիրահարվելու և ամուսնանալու իրավունք»:

 

Հայտարարությունը, որն արել են շոտլանդական իշխանությունները, նշանակում է, որ տարվա վերջում գեյերի ու լեսբուհիների զույգերը կարող են գրանցել իրենց ամուսնությունները Միացյալ Թագավորության ողջ տարածքում, բացի Հյուսիսային Իռլանդիայից:

 

Հիշեցնենք, որ Անգլիայում և Ուելսում նույնասեռ ամուսնությունները գրանցվում են այս տարվա մարտ ամսից: