Շուռնուխի գործը կարճելու որոշման դեմ տարված բողոքը բավարարվել է

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Նապոլեոն Օհանյանի, բավարարել է «Փինկ Արմենիա» հասարակական կազմակերպության իրավաբան Լուիզա Վարդանյանի կողմից ներկայացված բողոքը՝ Շուռնուխի գործը կարճելու որոշման դեմ: Այս մասին LGBTnews-ի հետ զրույցում ասաց Վարդանյանը:

Նշենք, որ Շուռնուխի գործը կարճվել էր համաներման հիմքով. գործով անցնող մի քանի անձինք ընդունել էին իրենց վերագրվող արարքներն ու համաձայնել, որ իրենց նկատմամբ համաներում կիրառվի: Փաստաբանը մեզ հետ զրույցում ավելի վաղ ասել էր, որ մինչև կարճման որոշումը տուժող կողմին անգամ գործի նյութերին ծանոթանալու և միջնորդություններ ներկայացնելու հնարավորություն չի տրվել:

Փաստաբանն այս պահին դեռևս չի ստացել կարճման որոշումը, ուստի դրա հետ կապված դատողություններ առայժմ անել չի կարող:

Լուիզա Վարդանյանը նշեց, որ գործի կարճման դեմ տարված բողոքից բացի ևս 5 բողոք է ներկայացվել դատարան, որոնցից մեկը նույն դատավորի՝ Նապոլեոն Օհանյանի կողմից քննվել ու մերժվել է:

Բանն այն է, որ միջադեպի մասնակիցներից մի քանիսի գործողություններում քննություն իրականացնող մարմինը հանցակազմ չի տեսել:

Նշենք, որ Շուռնուխում տեղի ունեցած միջադեպի առթիվ գործը հարուցվել էր քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով՝ ծեծը:

«Կան անձինք, որոնք տուժողներին մեկ անգամ են հարվածել, և այս դեպքում վարույթն իրականացնող մարմինը նրանց գործողություներում Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցակազմ չի տեսել»,- ասաց Վարդանյանը և նշեց, որ այս անձանց վերաբերյալ որոշումներն առանձին-առանձին են կայացրել և դրանց դեմ իրենք առանձին բողոքներ են տարել:

Վարդանյանի խոսքով ՝ այս անձանց գործողությունները ոչ միայն քրեական օրենսգրքի 118-րդ, այլ նաև 119-րդ (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) և 143-րդ (մարդու և քաղաքացու իրավահավասարությունը խախտելը) հոդվածների համատեքստում պետք է դիտարկել:

Այս անձանցից մեկի արարքում հանցակազմ չտեսնելու որոշման դեմ տարված բողոքն է, որ դատարանը մերժել է:

Նշենք, որ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է մինչև 7 տարի ժամկետով ազատազրկում, այսինքն՝ եթե գործը այս հոդվածի շրջանակներում քննվեր, ապա այն չէր լինի համաներման հիմքով կարճման ենթակա:

Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում հարձակման է ենթարկվել 9 անձ, որոնց մեջ եղել են նաև ԼԳԲՏԻ ակտիվիստներ: Վերջիններս պնդում են, որ համայնքի բնակիչներն իրենց ծեծի ենթարկելով՝ «վռնդել են» գյուղից՝ նշելով, թե իրենք «համասեռամոլ են»: