Շուռնուխի միջադեպի գործը կարճելու որոշումը բողոքարկվել է

Շուռնուխում համայնքի բնակիչների և մի խումբ մարդկանց միջև տեղի ունեցած միջադեպի գործը կարճելու վերաբերյալ որոշումը բողոքարկվել է Դատախազություն: Այս մասին LGBTnewsի հետ զրույցում ասաց «Փինք Արմենիա» հասարակական կազմակերպության իրավաբան Լուիզա Վարդանյանընշելով, որ Դատախազությունն իրենց բողոքը մերժել է, և որ իրենք պատրաստվում են առաջիկայում դիմել դատարան:

Բողոքում փաստաբանն, ի թիվս մի շարք հանգամանքների, նշել է, որ կարճման վերաբերյալ որոշումը կայացնելուց առաջ իրենց հնարավորություն չի տրվել ծանոթանալու գործի նյութերին և միջնորդություններ ներկայացնելու:

Ինչ վերաբերում է գործի քննության ընթացքին, ապա, ըստ Վարդանյանի, այն քննվել է միայն Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով՝ ծեծը, այն դեպքում, երբ Քրեական օրենսգրքում առկա է հոդված նաև ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու վերաբերյալ:

«Ըստ գործի`կան մարդիկ, ովքեր տուժողներին մի հարված են հասցրել և իրենց արարքը չի որակվել որպես ծեծ, չի որակվել նաև որպես ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանքի պատճառում»,- նշեց Լուիզա Վարդանյանը:

Փաստաբանի խոսքով՝ Քրեական օրենսգրքում առկա է նաև հոդված մարդու և քաղաքացու իրավահավասարությունը խախտելու վերաբերյալ, որը սահմանում է մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատություններն ուղղակի կամ անուղղակի խախտելու հանցակազմը՝ կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, որը վնաս է պատճառել մարդու և քաղաքացու իրավունքներին ու օրինական շահերին:

Այսինքն՝ ըստ փաստաբանի՝ օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն իրականացնելու դեպքում գործը պետք է քննվեր ոչ միայն ծեծի, այլ նաև վերը նշված հոդվածների շրջանակներում:

Վարդանյանի խոսքով՝ քրեական հետապնդում իրականացվել է միջադեպի մասնակից միայն 4 անձի նկատմամբ, ովքեր խոստովանել են, որ իրենք մի քանի հարված են հասցրել տուժողներին, ապա համաձայնել, որ իրենց նկատմամբ համաներում կիրառվի, ինչն արվել է, իսկ անձանց նկատմամբ, ովքեր հասցրել են մի հարված կամ քարով են մեկ անգամ հարվածել, առհասարակ հետապնդում չի իրականացվել:

Պաշտպանի խոսքով՝ միջադեպի մասնակից այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասով ևս առանձին բողոք է ներկայացվել Դատախազություն, սակայն այս բողոքը մերժվել է:

Դատախազությունն, ըստ Լուիզա Վարդանյանի, մերժել է իրենց կողմից ներկայացված մեկ այլ բողոք ևս: Խոսքը փորձաքննություն նշանակելու վերաբերյալ իրենց միջնորդությունը մերժելու Քննչական կոմիտեի որոշման դեմ տարված բողոքի մասին է:

Մասնավորապես, ըստ Վարդանյանի, գործի քննության ընթացքում տուժողների պաշտպանը միջնորդություն է ներկայացրել Քննչական կոմիտե, որպեսզի տուժողների նկատմամբ նշանակվի դատահոգեբանական փորձաքննություն, սակայն այս միջնորդությունը մերժվել է: Վարդանյանի խոսքով, սակայն, փորձաքննության արդյունքում կհաստատվեր տուժողներին հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հանգամանքը, որն էլ հիմք կլիներ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով գործի քննության համար:

«Ես ի սկզբանե հակված չէի մտածել, որ այս կառույցները կողմնակալություն են դրսևորում պաշտպանվող հատկանիշների հիմքով, բայց վերը նշված որոշումների ակնհայտ ոչ իրավաչափությունը կասկածներ է առաջացնում»,- մեզ հետ զրույցում ասաց Լուիզա Վարդանյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում հարձակման է ենթարկվել 9 անձ, որոնց մեջ եղել են նաև ԼԳԲՏԻ ակտիվիստներ: Վերջիններս պնդում են, որ համայնքի բնակիչներն իրենց ծեծի ենթարկելով՝ «վռնդել են» գյուղից՝ նշելով, թե իրենք «համասեռամոլ են»: