Ո՛չ մի առողջ հասարակություն չի արդարացնում բռնությունը. հայտարարություն

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» հայտարարություն է տարածել ԼԳԲՏ ակտիվիստների հանդեպ նախօրեին տեղի ունեցած բռնարարքների վերաբերյալ: 

 

«Փետրվարի 15-ի երեկոյան անհայտ անձինք ծեծի են ենթարկել ԼԳԲՏ ակտիվիստներին, միաժամանակ արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ ու հայհոյանքներ ուղղել նրանց հասցեին: Այնուհետև տուժածներից մեկն անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ արժանացել է խտրական վերաբերմունքի:
Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպությունների ներկայացուցիչներս, 

 

– խստորեն դատապարտում ենք խտրականության հիմքով ցանկացած բռնության դրսևորում, 

 

– գտնում ենք, որ նման երևույթները ամրապնդում և նպաստում են ԼԳԲՏ անձանց նկատմամբ մեր հասարակությունում առկա կարծրատիպերի ամրապնդմանը և ատելության խոսքի հնչեղացմանը, 

 

– կոչ ենք անում իրավապահ մարմիններին շուտափույթ բացահայտել ատելության հիմքով հանցագործությունը և պատասխանատվության կանչել բռնարարներին, 

 

– առողջապահության համակարգին հորդորում ենք կատարել իրենց կոչմանը համապատասխան գործողություններ և հատկապես բռնության զոհ դարձած անձանց հանդեպ ցուցաբերել մասնագիտական պատշաճ մոտեցում:  

 

Ոչ մի առողջ հասարակություն չի արդարացնում բռնությունը»,- ասված է հայտարարությունում: