Ոլորտը չեմ ուսումնասիրել, կարծիք չունեմ․ ՀՀԿ-ական պատգամավոր

LGBTnews-ը շարունակում է հարցազրույցների շարքն Ազգային ժողովի պատգամավորների հետ, և այս անգամ մեր զրուցակիցն է ՀՀԿ-ական պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Միհրան Հակոբյանը: 

– Պարո՛ն Հակոբյան, արդյոք տեսնո՞ւմ եք սեռական կողմնորոշմամբ և գենդերային ինքնությամբ պայմանավորված խտրականությունն արգելող որևէ իրավակարգավորման անհրաժեշտություն Հայաստանում: 

– Ես ոլորտին չեմ տիրապետում, չեմ տիրապետում վիճակագրության, ուստի այդ հարցին չեմ կարող պատասխանել. կարծիք չունեմ, քանի որ մարդու կարծիքը հիմնված է լինում փաստերի և փաստարկների վրա:

– Դուք պատգամավոր եք, Եվրաինտեգրման հանձնաժողովի անդամ, ինչպե՞ս կարող եք մարդու իրավունքների վերաբերյալ հարցի մասին չունենալ որևէ պատկերացում:

– Մենք իրավական պետություն ենք՝ միջազգային ու սահմանադրական մի շարք պարտավորություններով, օրենքներով և օրենքների, մեր ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում ամեն ինչ պետք է անենք մեր իրավական պետությունը կայացնելու համար: Մնացածն այստեղից բխող հետևանքներ են: 

– Հայաստանը բազմաթիվ միջազգային փաստաթղթեր է վավերացրել`պարտավորություն ստանձնելով պաշտպանել բոլոր մարդկանց ու նաև ԼԳԲՏԻ անձանց իրավունքները:

– Ես մարդկանց չեմ տարանջատում կրոնական, քաղաքական, հասարակական և այլ դիրքորոշումներով և կարծում եմ, որ շատ դեպքերում խնդիրները, որոնց մասին խոսվում են, մտացածին են և առանձնացվում են ըստ քաղաքական, կրոնական և այլ դիրքորոշումների: Ես նման դիրքորոշում չունեմ, մարդուն ես դիտարկում եմ որպես մարդ՝ իր իրավունքներով և չեմ ցանկանում նրան դիտարկել որպես այս կամ այն խմբի ներկայացուցիչ: Մարդը մեկ արժեք է և ունի համապատասխան իրավունքներ ու պարտականություններ։ Իրավական պետությունն այն է, որտեղ բոլոր մարդիկ օրենքի առաջ հավասար են: 

– Ձեր խոսքից կարելի՞ է եզրակացնել, որ կարծում եք՝ Հայաստանը պետք է ապահովի, օրինակ, նույնասեռական անձանց՝ միմյանց հետ ամուսնանալու իրավունքի իրացումը՝ ՀՀ մյուս քաղաքացիների հետ հավասար։ 

– Ես դարձյալ ասում եմ, որ այս ոլորտը լավ չեմ ուսումնասիրել և չեմ կարող որևէ կոնկրետ դիրքորոշում հայտնել, քանի որ հստակ դիրքորոշում արտահայտելու համար պետք է կոնկրետ կարծիքի կրող լինեմ: 

– Իմ հարցը ձեր պատասխաններից է բխում. հարցնում եմ՝ եթե իրավական պետությունում բոլոր մարդիկ պետք է հավասար իրավունքներ ունենան, ուստի նույնասեռական մարդիկ, ինչպես ՀՀ մյուս քաղաքացիները, պե՞տք է հնարավորություն ունենան ամուսնանալու:

– Դուք որքան էլ այդ հարցն ինձ ուղիղ տաք՝ ես դրան ուղիղ չեմ պատասխանելու: 

– Ինչո՞ւ։ 

– Որովհետև ես ուղիղ ասացի. ես մարդուն դիտարկում եմ որպես մարդ՝ իր իրավունքներով ու պարտականություններով՝ օրենքի շրջանակներում: 

– Ի՞նչ է պատճառը, որ մարդու իրավունքների վերաբերյալ ընդհանրական հարցին ուղիղ եք պատասխանում, իսկ կոնկրետ ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքների վերաբերյալ հարցին խուսափում եք ուղիղ պատասխան տալուց: Ես՝ որպես լրագրող, ցանկանում եմ ձեր պատասխանների միջոցով տեղեկանալ և ընթերցողին հասցնել՝ ինչպիսի դիրքորոշում ունեք ԼԳԲՏԻ անձանց ամուսնության հարցի վերաբերյալ: Եթե, օրինակ, Ազգային ժողովում ԼԳԲՏԻ մարդկանց ամուսնության վերաբերյալ օրինագիծ լինի, ինչպե՞ս կքվեարակեք: 

– Ես դիրքորոշում չեմ հայտնում այժմ։ Երբ օրինագիծ լինի՝ կքննակենք, կիմանանք: 

– Գործող Սահմանադրությունը չի արգելում նույնասեռական ամուսնությունները․․․ 

– Ես Սահմանադրության ներկա տարբերակի ակտիվ ջատագովներից եմ եղել և կարծում եմ, որ այն ժամանակակից ժողովրդավարական չափորոշիչներին համապատասխանող ամենալուրջ սահմանադրությունն է՝ այնտեղ առկա դրույթներով: Այսինքն՝ ընտանիքը մեզ համար չափահասության տարիքի հասած կնոջ և տղամարդու միությունն է: Այդպես է գրված Սահմանադրությունում։ 

– Իսկ, օրինակ, չափահաս տղամարդու և տղամարդու կամ կնոջ և կնոջ միությո՞ւնը: 

– Ես այդ հարցը չեմ ցանկանում մեկնաբանել: Այն, ինչ ունենք Սահմանադրությամբ՝ դա էլ ունենք: Սահմանադրությամբ ես իրավունք ունեմ, չէ՞, չպատասխանելու այն հարցին, որին չեմ ցանկանում պատասխանել: 

– Իհարկե ունեք, ես էլ ձեզ հարցեր հղելու իրավունք ունեմ և ցանկանում եմ ճշտել ձեր դիրքորոշումը շատ հստակ հարցի վերաբերյալ։

– Իմ դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրությունն է. մենք դրանով ենք ապրում, մեր կենցաղը, միմյանց միջև իրավահարաբերությունները դրանով ենք կառուցում: Ավելին ես չեմ ասի։