Ոչ ոք իրավունք չունի միջամտել մարդու անձնական կյանքին, և յուրաքանչյուրն ինքն է ընտրում՝ ինչպես ապրել. Զարուհի Փոստանջյան

LGBTnews.am-ը «Իրավունք» թերթում հրապարակված «Նրանք սպասարկում են համասեռամոլ լոբբինգի շահերը, ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» հոդվածի, ԵԽԽՎ պատվիրակների կողմից դրա վերաբերյալ արձագանքի, ԱԺ պատգամավորների՝ ԼԳԲՏ անձանց նկատմամբ վերաբերմունքի հարցերի վերաբերյալ զրուցել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ:

 

 

– Տիկի՛ն Փոստանջյան, Ազգային ժովովը կոչված է ընդունել օրենքներ, որոնք առավելագույնս կնպաստեն ՀՀ քաղաքացիների կողմից իրենց իրավունքների իրացմանը, մինչդեռ Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Բաբուխանյանն իր թերթի՝ «Իրավունք»-ի էջերում ու Ազգային ժողովի ամբիոնից ԼԳԲՏ անձանց նկատամբ խտրական վերաբերմունքի կոչեր է անում: Ինչպե՞ս եք վերաբերվում այս իրողությանը:

 

– Որևէ պաշտոնյանի հարիր չեն նման հայտարարությունները: Միանշանակ կարող եմ ասել, որ ցանկացած պետական պաշտոնյա պետք է հարգի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, որում նշված է, որ խտրականությունն արգելվում է: Մարդկանց անձնական կյանքին միջամտելն ու անձնական կյանքով պայմանավորված խտրական մոտեցումներն ու հետապնդումներն, իհարկե, արգելված են: Ցանկցած պետական պաշտոնյա նման վարքագիծ դրսևորելու դեպքում պետք է քննադատության արժանանա և հարկ եղած դեպքում նաև պատասխանատվության կանչվի:

 

– «Իրավունք» թերթի կայքում նախորդ տարի լույս էր տեսել «Նրանք սպասարկում են համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» հոդվածը, որում զետեղվել են մի խումբ անձանց ֆեյսբուքյան էջերի հղումներ, որոնց էլ հասցեագրված է եղել վերոնշված հոդվածը: Դրանից հետո այդ անձանցից ոմանք դիմել էին դատարան՝ պահանջելով հրապարակային ներողություն խնդրել: Դատարանը,սակայն, իր վճռում նշել էր, որ թերթը կարծիք է արտահայտել և գնահատողական դատաողություններ կատարել:

 

-Ցանկացած ոք, ով կարծում է, որ իր նկատմամբ խտրական վերաբերմուն ք է դրսևորվել, ոտնահարվել է իր պատիվն ու արժանապատվությունը, սպառելով ներպետական ատյաններն, իրավունք ունի դիմելու Մարդու իրավունքների եվրապական դատարան, և ըստ նախադեպային իրավունքի՝ ՀՀ-ի նկատմամբ դատական ակտ կկայացվի. Հայաստանի Հանրապետությանը կմեղադրեն իր ստանձնած պարտավորությունները չկատարելու համար: Ես կարծում եմ, որ կարելի է օգտագործել այս լծակը և այսկերպ պաշտպանել այն անձանց իրավունքները, որոնց նկատմամբ խտրական վերաբերմունք է դրսևորվել:

 

– ԵԽԽՎ մի խումբ պատվիրակներ անդրադադարձել էին «Իրավունք»-ում լույս տեսած հոդվածին, ինչպես նաև դրա վերաբերյալ դատարանի վճռին, որն էլ պատվիրակներին առիթ էր տվել եզրակացնելու, որ ՀՀ իշխանությունները չեն դատապարտել ԼԳԲՏ անձանց նկատմամբ ատելության դրսևորումը: LGBTnews.am-ի հետ զրույցում «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանն ասել է, որ ինքն իրեն, այսպես ասած, ապահով է զգում, քանի որ Հայաստանում ատելության խոսքը և գենդերային ինքնությամբ պայմանավորված խտրական վերաբերմունքը դատապարտելի չեն:

 

– Կարևոր չէ խորանալ այդպիսի մանրուքների մեջ: Ես հորդորում եմ, որ այն անձինք, որոնք դիմել են առաջին ատյանի դատարան, շարունակեն իրենց պայքարն ու ներպետական ատյաններում արդյունքի չհասնելու դեպքում դիմեն ՄԻԵԴ: Կրկնում եմ՝ որևէ մեկն իրավունք չունի խառնվել այլ անձի անձնական կյանքին, քանի որ յուրաքանչյուր անձ ինքն է ընտրում՝ ինչպես ապրել:

 

-LGBTnews.am-ը զրուցել է ԱԺ մի քանի պատգամավորների հետ և փորձել նրանց վերաբերմունքն իմանալ ԼԳԲՏ անձանց նկատմամբ, ինչպես նաև այդ անձանց իրավունքները պաշտպանելուն ուղղված նրանց անելիքները, և տպավորությունն այնպիսին է, որ, ըստ պատգամավորների գերակշիռ մասի, Հայաստանում ԼԳԲՏ անձինք կամ խնդիրներ չունեն, կամ դրանց լուծմամբ զբաղվելը պատգամավորներն իրենց գործը չեն համարում:

 

-Ընդհանրապես ցանկացած փոքրամասնություն մեծամասնության կողմից կարող է ենթարվել ճնշումների, և այդ խտրական մոտեցումը դատապարտելի է: Պետական պաշտոնյաները պետք է օրենքի շրջանակում գործեն և անեն ամեն ինչ՝ այդ խտրական վերաբերմունքը բացառելու համար:

 

-Դուք՝ որպես ԱԺ պատգամավոր, ի՞նչ եք պատրաստվում անել՝ այդ խտրականությունը բացառելու և ԼԳԲՏ անձանց իրավուքները պաշտպանելու համար:

 

-Եթե խնդիր առաջանա, խնդիր բարձրացված լինի և նրանք ինձ դիմեն, ես, իհարկե, կօգնեմ, քանի որ ցանկացած փոքրամասնության անդամի նկատմամբ տեղի ունեցած ապօրինությունը պետք է դատապարտվի:

 

– Տիկի՛ն Փոստանջյան, դուք մտահոգիչ չե՞ք համարում, որ ԼԳԲՏ անձանց՝ որպես ՀՀ քաղաքացիների, գրեթե բոլոր հիմնարար ազատություններն ու իրավուքները խախտվում են:

 

-Հայաստանում խախտվում են ոչ միայն փոքրամասնությունների իրավունքերը: ՀՀ-ում համատարած են խախտվում մարդկանց իրավուքները: Հայաստանը դեռ ժողովրդավար պետության չէ, որ մարդն ու նրա արժանապատվությունը դիտվեն որպես գերագույն արժեք: