Որևէ խմբի առանձնացումը ճիշտ չէ. «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Ալեն Սիմոնյան

Խտրականության խնդրի և ԼԳԲՏԻ անձանց իրավունքների վերաբերյալ LGBTnews-ին «Ելք» դաշինքի տեսակետն է ներկայացրել դաշինքի ցուցակով պատգամավորության թեկնածու Ալեն Սիմոնյանը:

– Պարո՛ն Սիմոնյան, «Ելք» դաշինքի նախընտրական ծրագիրն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ ձեր քաղաքական միավորը պաշտպանում է քաղաքացիների հավասար իրավունքների ապահովման գաղափարը և ցանկություն ունի քայլեր ձեռնարկել Հայաստանում խտրականությունը բացառելու վերաբերյալ: Ենթադրում եմ, որ ծրագիրը գրելիս՝ պիտի ուսումնասիրած լինեիք, թե արդյոք անելիքներն այս ոլորտում շատ են, և եթե այո, ապա հատկապես ո՞ր դաշտերում:

– Մեր ծրագրում, այո՛, կարող եք նկատել, որ մենք շատ կարևորում ենք մարդու իրավունքներն ու ազատությունները՝ հաշվի առնելով, որ մեր երկրում հիմնական խնդիրներն առնչվում են հենց մարդու իրավունքների և ազատությունների հետ: Որևէ խումբ առանձնացնելը ճիշտ չեմ համարում, որովհետև ասվածը և դաշինքի դիրքորոշումը վերաբերում է բոլոր խմբերին՝ առանց բացառության:

– Ձեր նախընտրական ծրագրում տարբերվող կարիքներ ունեցող խմբերից հաշմանդամություն ունեցող անձանց խումբն առանձնացվել և նշվել է:

– Այո՛, ճիշտ եք, որովհետև մեր կուսակցության ցուցակի միայն առաջին 10-15 տեղերում հաշմանդամություն ունեցող երկու անձ կա, և կարծում եմ՝ դա է պատճառը, որ մի քիչ ավելի խորացված ու մանրամասն է գրված. իրենք, կարելի է ասել, այդ մասով իրենց գործը լավ են արել, բայց, կրկնում եմ, որ առանձնացնել պետք չէ: Մենք միշտ ասել ենք, որ մեզ համար մարդու իրավունքը գերակա է, և առանձին խմբերն առանձնացնելը ճիշտ չէ: Գուցե սխալ ենք արել, որ հերթով ամեն ինչ չենք նշել, բայց այդպես, կարծում եմ, ծրագիրն ավելի մեծ կլիներ և ավելի խնդրահարույց կլիներ այն ուսումնասիրելը բոլորի, այդ թվում՝ ձեզ համար:

– «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կողմից Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին ուղղված հարցերին պատասխանելով՝ «Ելքը» նշել է, որ կողմ է, որպեսզի Հայաստանում նույնասեռական անձինք ունենան նույն իրավունքները, ինչ մյուս քաղաքացիները: Եթե առնվազն մեկ՝ տարբերվող կարիքներ ունեցող խմբի մասին գրել եք ձեր ծրագրում, չե՞ք կարծում, որ արժեր նաև որևէ կերպ հիշատակել ԼԳԲՏԻ անձանց իրավունքների մասին՝ հաշվի առնելով, որ ԼԳԲՏԻ անձինք հասարակության թերևս ամենախոցելի խումբն են կազմում:

– Ես կրկնում եմ, որ որևէ կերպ չեմ ցանկանում խմբերն առանձնացնել: Ի՞նչ է նշանակում՝ նույնասեռական անձինք պետք է նույն իրավունքներն ունենան: Ինչո՞ւ ենք մենք ընդհանրապես դա քննարկում: Դա նույնիսկ քննարկման խնդիր չէ: Կրկնում եմ՝ մարդու իրավունքներն ու ազատությունները բոլորի համար են՝ անկախ սեռից, դավանանքից և մնացած բոլոր հանգամանքներից: Գուցե այս նախընտրական փուլում որոշ շրջանակների կողմից դա միանշանակ չընկալվի ու անգամ վնաս տա, բայց ես, միևնույնն է, կրկնում եմ, որ անկախ ամեն ինչից՝ մարդիկ հավասար իրավունքներ ունեն:

– Ձեր խոսքերից կարելի՞ է եզրակացնել, որ դաշինքը պատրաստ է ԼԳԲՏԻ անձանց իրավունքների վերաբերյալ օրենդրական նախաձեռնություններով հանդես գալ կամ խորհրդարանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների, օրինակ՝ ամուսնության, երեխայի որդեգրման և այլնի մասին օրինագծերին կողմ քվեարկել:

– Ես չեմ կարող այդ հարցին «Ելք»-ի անունից պատասխանել, առավել ևս, որ մենք կոնկրետ այդ հարցը չենք քննարկել, բայց ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ մենք ելնելու ենք մարդու իրավունքներից ու հիմնարար սկզբունքներից, և վստահ եղեք, որ անկախ որոշ անձանց վերաբերմունքից՝ կանենք այն, ինչը կհամարենք ճիշտ:

– ԼԳԲՏԻ համայնքում ակտիվորեն քննարկվում է Հայաստանում հպարտության շքերթների անցկացման հարցը: Եթե նման միջոցառումներ կազմակերպվեն՝ ի նշան սոլիդարության ձեր դաշինքի անդամները կմասնակցե՞ն:

– Բայց ինչո՞ւ պիտի քաղաքական ուժը մասնակցի ԼԳԲՏԻ շքերթին, և ինչո՞ւ եք քվեարկությունից առաջ ինձ այդ հարցը տալիս:

– Որովհետև Հայաստանում ԼԳԲՏԻ ընտրողների թիվը մոտ 120 հազար է, և տրամաբանական է, որ այդ մարդիկ պետք է իմանան իրենց խնդիրների վերաբերյալ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի հստակ դիրքորոշումը, որ պարզ դառնա, թե ումից ինչ ակնկալել:

– Բայց ես համապարփակ պատասխան տվեցի: Ես կարծում եմ, որ այդ մարդիկ վաղուց կողմնորոշվել են ընտրության հարցում: Դե, գիտե՞ք ինչ, հարցերը, թե ԼԳԲՏԻ շքերթներ լինե՞ն, թե՞ ոչ, որ իրենք ամուսնանան`հարսանիքին կմանսակցե՞ք, թե՞ ոչ, իսկ որ իրենք երեխա ուզենան որդերգրել՝ կհամաձայնե՞ք, թե՞ ոչ… Ասացի արդեն, որ բոլոր հարցերի շուրջ պատասխանը մեկն է. մարդու իրավունքները գերակա արժեք են և քննարկման ենթակա չեն: Դա կարտահայտվի ամուսնության մասով կամ, չգիտեմ, երեխա որդեգրելով կամ մեկ այլ հանգամանքով՝ էական չէ:

– Տեսեք, շատերը մեզ հետ հարցազրույցներում ասում են, որ կողմ են հավասար իրավունքներին, մարդու իրավունքների պաշտպանությանը, հավասարությանը և այլն, բայց բավական է մասնավորեցնել այդ իրավունքներն ու կոնկրետ օրինակներ բերել՝ հանկարծ պարզվում է, որ նրանք պատրաստ չեն ընդունել այդ իրավունքները, խուսափում են պատասխաններից և այլն: Հարցերի կոնկրետացումն ա՛յս պատճառով է էական:

– Իմ համար գոյություն ունի երկու սկզբունք՝ օրենք և իրավունք: Ինչ վերաբերում է ամուսնություններին կամ մյուս իրավունքներին, ապա մենք չենք քննարկել այդ հարցը, բայց ինչ էլ լինի՝ մենք դա պետք է նայենք այն տեսանկյունից, որ մարդու իրավունքները չխախտվեն: Նշեմ նաև, որ եթե որևէ երկրում նույնասեռ ամուսնությունները թուլատրված չեն՝ դա դեռևս չի նշանակում, որ մարդու իրավունքներն այդ երկրներում չեն գործում: Կան շատ ժողովրդավար երկրներ, որտեղ նույնասեռական ամուսնությունները դեռևս ընդունված չեն:

– Սա վկայում է ընդամենն այն մասին, որ այդ երկրները ևս դեռևս ամբողջությամբ չեն համապատասխանացրել իրենց օրենսդրությունը մարդու իրավունքների կոնցեպցիային:

– Դա ձեր գնահատականն է: Հասարակությունն է որոշում, թե ինչն իր համար լավ կլինի: Ես, որպես քաղաքացի և քաղաքական գործիչ, չեմ թաքցրել, որ մարդն ու վերջինիս իրավունքն ինձ համար գերակա են: