Որևէ հոլովակ, ֆիլմ, պաստառ չի կարող փոխել մարդու սեռական կողմնորշումը կամ գենդերային ինքնությունը. Մամիկոն Հովսեփյան

«Մենք քարոզում ենք հանդուրժողականություն, համերաշխություն ու կյանք` առանց խտրականության»,- ԼԳԲՏԻ թեմատիկ գովազդային պաստառների ապամոնտաժման վերաբերյալ «Կենտրոն» ՀԸ-ի «Ուրվագիծ» հաղորդման ժամանակ ասաց Pink Armenia հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Մամիկոն Հովսեփյանը:

«Մենք ուզում ենք, որ ցանկացած մարդ, եթե ուզում է երջանիկ լինել, կարողանա հասնել այդ երջանկությանը, ու ոչ թե ուրիշի կյանքի, ուրիշի դժբախտության հաշվին, այլ ինքն իր ուժերի հաշվին: Իմ ու մեր կազմակերպության ասելիքն այն է, որ ցանկացած մարդու իրավունքներ պետք է հարգված լինեն, իրենք ունենան իրենց ապահով տարածքը, և ոչ ոք իրավունք չունի ներխուժելու այդ ապահով տարածք ու վնասելու այդ մարդուն»,- նշեց նա:

Հաղորդման հեղինակ Պետրոս Ղազարյանի պնդմանը, որ պաստառները ոչ թե սոցիալական գովազդ էին, այլ «նույնասեռականության գովազդ», Մամիկոնը պատասխանեց, որ պաստառները հանդուրժողականության քարոզ էին, և անկախ մարդու կարգավիճակից՝ ինչ կողմնորոշման է, նա երջանիկ լինելու իրավունք ունի. «Թե կողքի տանը միայնակ տատիկ է ապրում, թե երկու աղջիկ են ապրում, թե ամուսիններ՝ իրենց երեխաների հետ, թե մի հոգի՝ իր շան հետ՝ դա ինձ չպետք է հուզի, դա իր տունն է, իր կյանքն է, հանդուրժողականությունը դա է, որ ես ունեմ իմ կյանքը, ինքն ունի իր կյանքը: Եթե ես ուզում եմ, որ ինչ-որ մեկը երջանիկ լինի կամ չեմ ուզում, դա իմ կամքից չպետք է կախված լինի, իսկ այսօր մեր հասարակությունում կան մարդիկ, որ իրենք են որոշում՝ ես այս եմ ուզում լինի մյուսի համար: Ո՛չ, կներեք, դուք ձեզ համար որոշեք, ոչ թե ուրիշների կյանքի մեջ մտեք ու փորձեք խանգարել»:

Հաղորդավարը շարունակում էր պնդել, որ պաստառները «նույնասեռական ընտանիքի քարոզ են», ինչի հետևանքով հասարակությունում նրանց թիվն, իբր, կարող է շատանալ, ինչպես նաև հարց հղեց, թե ինչո՞վ պետք է տվյալ պաստառներն օգնեին հանդուրժողականության տարածմանը՝ «ինչու՞ պետք է այդ պաստառներից մարդիկ ավելի հանդուրժողական դառնան»:

«Մեկ օրում ոչինչ չի փոխվում, մի օր այդ պաստառը կլինի, մի օր զրույց կլինի, մի օր նա կհանդիպի նույնասեռականի, որ չէր մտածում, որ իր շրջապատում կա, կխոսեն, կճանաչի այդ մարդուն, կհասկանա, որ մարդ է, ունի իր կյանքը, կհասկանա, որ կարևոր չէ իմանալ՝ մարդն ինչ սեռականություն ունի կամ դրա պատճառով որոշել՝ նրա հետ ինչպես շփվել: Ինչ վերաբերում է քարոզին, կան բազմաթիվ ուսումնասիրություններ, ըստ որոնց՝ ԼԳԲՏ անձիք կազմում են հասարակության մի փոքր մասը, այդ թիվը ժամանակի ընթացքում ո՛չ փոքրանում է, ո՛չ մեծանում, որևէ հոլովակ, որևէ մուլտ, ֆիլմ, պաստառ չի կարող փոխել մարդու սեռական կողմնորշումը կամ գենդերային ինքնությունը»:

Հարցապնդմանը, որ հայաստանյան հասարակությունը պատրաստ չէ նման բովանդակությամբ պաստառներ տեսնելուն, որ հենց իրենք՝ ԼԳԲՏ անձիք չեն ուզում բարձրաձայնել իրենց խնդիրների մասին, Հովսեփյանը պատասխանեց. «Իրենք ուզում են, որ կազմակերպությունն անի, իրենք չեն ուզում, որ իրենց անունը երևա: Մեր անելիքները գալիս են ներքևից՝ համայնքից: Մենք ամեն անգամ կարիքի գնահատում ենք անում, հաշվի ենք առնում կարծիքները: Մարդիկ ուզում են, որ հարցեր բարձրաձայնվեն: Մեծ մի զանգված կա, ովքեր ուզում են, որ իրենց խնդիրները բարձրաձայնվեն, ու մենք պարտավոր ենք իրենց խնդիրները բարձրաձայնել, որովհետև իրենք անձայն են, իրենք չեն կարող իրենց անունից բարձրաձայնել, հետևաբար մենք պարտականություն ունենք իրենց խնդիրները հասարակության մեջ բարձրաձայնելու»:

Հաղորդման ընթացքում նաև խոսվեց ԼԳԲՏ անձանց այլ խնդիրների մասին:

«Նախ կա՞ մի դեպք, երբ տրվել է դատի, որ մարդը դիմել է դատարան՝ ասելով՝ ինձ նույնասեռական լինելու համար աշխատանքից հեռացրել են: Ես այդպիսի դեպք չեմ տեսել: Երկրորդ՝ ո՞ւմ են ծեծել ի վերջո, որ ասում եք՝ ծեծել են, խոշտանգել են, վերջին անգամ ո՞ր նույնասեռականին են մեր քաղաքում ծեծել: Այդպիսի դեպք նույնպես չեմ տեսել, ի՞նչ ճնշումների մասին է խոսքը»,- հարցրեց Պետրոս Ղազարյանը:

«Հայաստանում վստահությունը ոստիկանության և դատական համակարգի նկատմամբ շատ ցածր է: Առավել ևս՝ խոցելի խմբերի շրջանում, որովհետև երբ իրենք դիմում են ոստիկանություն, ոստիկանությունում արդեն կրկնակի խտրականության են ենթարկվում: Եղել է, որ ինքս այդ մարդկանց ուղեկցել եմ ոստիկանություն. ծաղրանք, սենյակից սենյակ տանել, պատմությունը լսել՝ ծիծաղել, նվաստացնել, ու հետո, երբ բռնարար կողմը ոստիկանության հետ երկխոսության մեջ է մտնում, նաև սկսում են ճնշումները տուժողի նկատմամբ: Այդ դեպքերը չեն հանրայնացվում, որովհետև այդ մարդիկ վախենում են, քանի որ եթե դեպքը հանրայնացվի, այդ մարդը բացահայտվում է, ինքը չի ուզում, որ բարեկամները, մյուսներն իմանան իր մասին, այդ պատճառով է, որ դուք տեղյակ չեք նման դեպքերից»: