«…ություններից» կարևորը երջանկությունն է. խոսում են համախոհները

«Տարիներ առաջ մի տեսանյութ էի նայում, որտեղ ԼԳԲՏԻ մարդիկ Կասկադից ուզում էին գնալ դեպի Նկարիչների միության շենք: Հետո մի խումբ մարդիկ խոչընդոտեցին այդ երթը, հետո ազգային երգեր էին երգում, պարեր պարում: Այդ ժամանակ շատ էի ուրախացել այդ փաստից, մտածում էի՝ ինչ լավ է, որ հայ տղաները կարողանում են իրենց ազգայինը պահել: Հետո մոռացա այդ տեսանյութի մասին»,- նախօրեին ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող PINK Armenia֊ի կազմակերպած՝ «Խոսում են համախոհները» խորագրով միջոցառման ժամանակ պատմեց միջոցառման բանախոսներից Քնարիկ Թադևոսյանը:

ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության երթը խոչընդոտելու տեսանյութով ուրախացած աղջկան կյանքի հանգամանքները հետագայում պիտի դարձնեին ԼԳԲՏԻ համայնքի համախոհ:

Աղջիկն այժմ ուրախությամբ չի հիշում այն տեսանյութը, որը նրան ժամանակին հրճվանք էր պատճառել: Քնարիկի ամենամոտ ընկերն օրերից մի օր իրեն խոստովանել է, որ նույնասեռական է:

«Ինձ համար դա շատ շոկային էր: Այդ վիճակից սկսեցի խնդալ: Խնդում էի, խնդում, չէի նայում դեմքին, հետո շրջվեցի, նայեցի դեմքին ու հասկացա, որ անիմաստ էր խնդալս. այն, ինչ ինքն ասել էր, իրականություն էր: Չգիտեմ ինչու` մինչև տուն հասնելն այլևս ոչ մի բառ չխոսեցինք այդ մասին… Առավոտյան, երբ նորից նրա մասին էի մտածում, գիտակցեցի, որ երբ նա իր անձնական կյանքից պատմություններ էր պատմում ինչ-որ մարդկանց մասին, նրանցից ոչ մեկի նկարը երբևէ չէի տեսել, չէի լսել նրանց անունները: Այդ ժամանակ իմ մոտ հարց առաջացավ՝ ինչո՞ւ է այդպես, եթե ես նրա ամենամոտ ընկերն եմ։ Առաջին բանը, որ զգացի, այն էր, որ ես դավաճան եմ: Ինչո՞ւ եմ ես դավաճան․ որովհետև ես իրեն մենակ եմ թողել, ես չեմ կարողացել իր համար այնքան բաց լինել, որ ինքն ինձ ամեն ինչ ասի»,- պատմեց Քնարիկը, ով ասում է, որ այդ նույն պահին նաև գիտակցել է, որ իր ընկերոջ նկատմամբ իր վերաբերմունքում ոչինչ չի փոխվել, որ նա իր համար նույն մարդն է:

«Հետո որոշեցի այն տեսանյութը, որի համար այդքան ուրախացել էի, նորից նայել: Նայում էի, նայում ու… Այդ տեսանյութն ինձ համար շատ տխուր էր: Հետո հասկացա, որ այդ տեսանյութում արծարծվող «հայ տղա», «հայ աղջիկ» ու նմանատիպ արտահայտությունները ոչինչ են, արժեք չեն ներկայացնում, որ կարևորը մարդն է, ով, գուցե, ինչ-որ մեկի ընկերն է»,- պատմեց Քնարիկ Թադևոսյանը:

Միջոցառմանը ԼԳԲՏԻ անձանց, նրանց հետ շփման, նրանց խնդիրների մասին խոսեցին նաև այլ համախոհներ:

«Մարդն արարվում է կամ կա՝ երջանիկ լինելու համար»,- կարծիք հայտնեց «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի ներկայացուցիչ Իզաբելլա Սարգսյանը: Իսկ երջանկության գլխավոր պայմանն, ըստ Սարգսյանի, լինելն է այնպիսին, ինչպիսին կաս։

«Եթե վախենում ես լինել այն, ինչ կաս՝ երջանկությունդ լիակատար լինել չի կարող»,- ասում է Իզաբելլան ու նշում երջանկության ևս մեկ կարևոր նախապայման՝ ընդունված լինելը:

«Այնինչ այս մարդիկ հաճախ իրենց ամենամտերիմ մարդկանց կողմից անգամ ընդունված չեն»,- ԼԳԲՏԻ մարդկանց նկատի ունենալով՝ ասաց Սարգսյանը:

Վերջինս կարծիք հայտնեց, որ պետություններն այսօր մեծ առումով նրա համար գոյություն ունեն, որ ապահովեն մարդու երջանկությունը:

«Ինչի՞ համար են բոլոր գաղափարախոսությունները, «…իզմերը», «… ությունները»։ Դրանք փորձում են ճանապարհ ցույց տալ, թե ինչ անի պետությունը, որ մարդը լինի երջանիկ»,- ասաց Սարգսյանը՝ «… ությունների» մեջ կարևորելով երջանկությունը:

«Չի կարող, օրինակ, հանուն ազգայնականության՝ մարդն ու իր երջանկությունը մղվել երկրորդ պլան»,- համոզմունք հայտնեց Իզաբելլա Սարգսյանը
 

Լուսանկարիչ, լրագրող Անի Գևորգյանը ցանկություն հայտնեց, որ մի օր բոլոր մարդիկ հավասար լինեն բոլորի աչքերում ճիշտ այնպես, ինչպես ամեն մարդ այսօր լուսանկարչի աչքում ու տեսախցիկի առաջ է հավասար:

Բանախոս Եվա Թովմասյանն ընդգծեց, որ երաշխիքը, որ իր իսկ իրավունքները չեն ոտնահարվի՝ այլ անձանց իրավունքների համար պայքարելն է` անկախ նրանց կամ սեփական այս կամ այն հատկանիշից:

Հետազոտող Լուսինե Քարամյանը նշեց, որ կարևոր է շփումները կառուցել մարդկային որակների, այլ ոչ թե սեռական կողմնորոշումն ու գենդերային ինքնությունը հաշվի առնելով:

«ԼԳԲՏԻ մարդիկ կան՝ անկախ մյուսների գործողություններից ու ընկալումներց, և ավելի տրամաբանական է ընդունել այդ փաստն ու հարաբերությունները կառուցել ըստ մարդկանց որակների, հարազատության աստիճանի, փոխադարձ հարգանքի, ընկերություն անելու ցանկության, սիրո զգացմունքի, այլ ոչ թե սեռական կողմնորոշման և գենդերային ինքնութան փաստից ելնելով»,- ասաց Լուսինե Քարամյանը:

PINK Armenia հասարակական կազմակերպության նախագահ Նվարդ Մարգարյանը նշեց, որ հասարակության անդամներն իրենք իրենց պետք է հարց տան՝ արդյոք ազատություն է այն, երբ ընկերները կամ ընտանիքի անդամները չեն կարող օգտվել իրենց իրավունքներից:

Միջոցառման վարողներից Լիլիթ Ավետիսյանը միջոցառման վերջում անկեղծացավ. այն լսարանի առաջ, որի հետ քննարկվում էին ԼԳԲՏԻ անձանց խնդիրները, նա ստիպված չեղավ շունչը պահած՝ սպասել որևէ բացասական արձագանքի: