Ուրախ եմ, որ նույնասեռականների համար ապրելն ավելի հեշտ է դարձել. Շառլ Ազնավուր

Ֆրանսահայ շանսոնյե, կոմպոզիտոր, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը պատմել է իր Comme Ils Disent («Ինչպես ասում են») հիթային երգի պատմությունը, որը գրվել է 1972 թվականին՝ նույնասեռականի անունից:   

MAXIМ ամսագրին տված հարցազրույցում Ազնավուրն ասել է. «Այդ երգի ուժը հենց այն բանում է, որ այն առաջին դեմքով է գրված: Ես չէի կարող ինձ թույլ տալ մատով ցույց տալ ու երգել «նրանք»: Ես, վերջիվերջո, դերասան եմ, և այո՛, ես այդ երգում նույնասեռականի եմ խաղացել: Առավել ևս, որ նրանք այն ժամանակ իմ շրջապատում շատ էին և բոլորը շատ, շատ տաղանդավոր: Ես ուրախ եմ, որ հիմա՝ քառասունից ավել տարի անց, նրանց համար ապրելն ավելի հեշտ է դարձել»:

Comme ils disent-ը ստեղծվել և առաջին անգամ կատարվել է Շառլ Ազնավուրի կողմից 1972-ին: Երգը պատմում է տրավեստի դերասանի՝ դաշնակահարի նկատմամբ անպատասխան և ոչ «ավանդական» սիրո մասին: Երգը բազմիցս կատարել են այնպիսի հայտնի արտիստներ, ինչպես Լայզա Մինելին, Լարա Ֆաբիանը, Շայմը, Լինդա Լեմեյը և այլք: