Չեչնիայում նույնասեռականների զանգվածային հետապնդումներ ու սպանություններ են սկսվել. Новая газетa

Չեչնիայում հարյուրավոր նույնասեռականներ են ձերբակալվել, գրում է Новая газета-ն: Թերթը նշում է, որ երեք տղամարդ զոհվել է, սակայն աղբյուրները պնդում են, որ զոհերի թիվն ավելի մեծ է:

Այս տեղեկությունները հաստատել են թերթի լավատեղյակ աղբյուրները Ներքին գործերի նախարարությունում, Չեչնիայի նախագահի վարչակազմում, Չեչնիայի անվտանգության դաշնային ծառայությունում, դատախազությունում, ինչպես նաև տեղի ԼԳԲՏԻ ակտիվիստները: Բերման ենթարկված տղամարկանց մի մասին բաց են թողել և նրանք հեռացել են հանրապետությունից: Որոշ բնակիչներ հեռացել են երկրից այն բանից հետո, ինչ նրանց բարեկամները կամ ծանոթները բերման են ենթարկվել:

Բերման ենթարկվածների թվում են չեչենական մուֆթիատի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովին մտերիմ ու հայտնի կրոնական գործիչներ, ինչպես նաև երկու հեռուստահաղորդավար: Վերջիններս երբեք հրապարակավ իրենց սեռական կողմնորոշումը չեն ընդգծել, քանի որ, ինչպես գրում է թերթը, Կովկասում դա հավասար է մահվան դատավճռի:

Չեչենները լքում են սոցիալական ցանցերում խմբերը, որտեղ քննարկումներ էին ունենում  նույնասեռականները: Դրանցից մեկում խմբի անդամներից մեկը երկրում սկսվող հետապնդումների մասին զգուշացնող հաղորդագրություն էր տեղադրել: Նա պնդում է, որ շատերը, ովքեր կասկածվում էին նույնասեռական լինելու մեջ, սպանվել են:

«Տարբեր միջոցառումների, հեռուստահաղորդումների, մրցույթների էին մասնակցել: Չեմ ուզում նրանց անունները տալ: Նրանցից ամենափոքրը 16 տարեկան է: Մեր գյուղից է: Բառացիորեն օրերս նրան բերեցին՝ ամբողջովին ծեծված, ուղղակի ոսկորների պարկի նման: Նետեցին բակ ու ասացին, որ սպանեն նրան: Նա մինչև օրս, ասում են, ուշքի չի գալիս և դժվար թե ապաքինվի»,- գրել է նա:

Մարտի սկզբին ռուս ԼԳԲՏԻ ակտիվիտները, GayRussia.ru նախագծի անդամները համառուսաստանյան ակցիայի շրջանակներում գեյ-շքերթների անցկացման ծանուցումներ էին ներկայացրել Հյուսիսային Կովկասի դաշնային շրջանի չորս քաղաքներում: Բոլոր քաղաքներում նրանց մերժել էին: 

Հոդվածի հեղինակը նշում է, որ շքերթների մասին դիմումների ներկայացումից հետո են Կովկասում սկսվել զանգվածային բողոքները նույնասեռականների դեմ, իսկ համացանցում նրանց սպանելու կոչեր հայտնվել: «Հենց այդ ժամանակ է Չեչնիայում «պրոֆիլակտիկ մաքրումների» հրաման տրվել և գործը հասել է իրական սպանությունների»,- գրում է թերթը:

Ռուսական ԼԳԲՏԻ կազմակերպությունները թեժ գիժ են բացել, որի միջոցով տվյալներ են ստանում Չեչնիայում հետապնդումների մասին և պատրաստ են էվակուացնել մարդկանց: Ակտիվիստները խնդրում են իրենց հետ կապվել kavkaz@lgbtnet.org հասցեով: