Չնայած արգելքին՝ Ստամբուլի փրայդը հազարներով ողողել է քաղաքի փողոցները

Չնայած իշխանությունների կողմից դրված արգելքներին և սպառնալիքներին՝ ձերբակալելու յուրաքանչյուրին, ով «գեյ տեսք» կունենա՝ Ստամբուլում կայացավ ամենամյա փրայդը՝ տոնական բազմահազարանոց երթով ողողելով քաղաքի փողոցները՝ ճանապարհին հանդիպելով ոստիկանության բռնություններին, գրում է Pinknews-ը:

«Մենք այս տարի նույնպես այստեղ ենք, ինչպես ամեն տարի»,– հայտնել են փրայդի մասնակիցները:  

Ստամբուլի փրայդը երկրում արգելված է արդեն չորս տարի՝ թեև Թուրքիայում նույնասեռական հարաբերություններն անօրինական չեն համարվում: Ամեն տարի փրայդի կազմակերպիչներն ու մասնակիցները, չնայած սպառնալիքներին ու ձերբակալություններին, կազմակերպում ու անցկացնում են միջոցառումը:  

Երեկ Ստամբուլի փրայդի պաշտոնական էջում տեղադրված հաղորդագրության մեջ կազմակերպիչներն ասել էին, որ միջացառումը, չնայած արգելքներին, կայանալու է:

«Մենք ցանկանում ենք հայտնել լրատվամիջոցներին ու հանրությանը, որ մենք առաջ ենք շարժվելու մեր հպարտ երթով նույն վճռականությամբ, ինչ նախկինում»,- հայտարարել էին փրայդի կազմակերպիչները:

Amnesty International-ը միացել էր փրայդի անցկացման արգելքը հանելու կոչերին՝ խնդրելով ճնշում գործադրել Ստամբուլի նահանգապետի վրա ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ միջոցառման ժամանակ դաժան վերաբերմունքի հարցով՝ հատկապես շեշտելով բարձր ճնշման ջրցանների օգտագործումը:

Երթը, ինչպես հայտարարվել էր, հազարներով անցել է Ստամբուլի փողոցներով: Ոստիկանությունը ոտնձգություններ է կատարել ու ձերբակալել փրայդի մասնակիցներին, սակայն կազմակերպիչները վճռական էին հասնելու ու Թաքսիմի հրապարակում կարդալու միջոցառման մասին մամուլի հաղորդագրությունը:

Փրայդը Twitter-ի իր էջում գրել է. «Չնայած ոստիկանության միջամտությանը՝ մենք կարդում ենք մեր հաղորդագրությունը Թաքսիմի փողոցներում: Մենք դեռևս այստեղ ենք»:

Մամուլի հաղորդագրությունը դատապարտել է ոստիկանական և պետական բռնությունները Ստամբուլի փրայդի դեմ և հաստատել, որ երթը, չնայած այդ ամենին, շարունակվելու է:

Հաղորդագրությունում ասվում է, որ ԼԳԲՏ համայնքը բռնությունների պատճառով չի մասնատվի ու չի նվազի, որ Ստամբուլի փրայդը երբեք չի հանձնվի ու միշտ հասնելու ու տոնելու է այդ օրը Թաքսիմում: