Չնայած հրահանգին՝ Բոլոնիայի քաղաքապետը հրաժարվել է չեղյալ համարել արտասահմանում կնքված նույնասեռ ամուսնությունները

Բոլոնիայի քաղաքապետը, չնայած Իտալիայի ներքին գործերի նախարարության հրահանգին, հրաժարվել է չեղյալ համարել արտասահմանում գրանցված նույնասեռ ամուսնությունները, գրում է PinkNews.Co.Uk-ը:

 

Նշենք, որ հոկտեմբերի 7-ին Իտալիայի ներքին գործերի նախարար Անջելինո Ալֆանոն կասեցրել էր արտասահմանում գրանցված գեյերի և լեսբուհիների ամուսնությունների ճանաչումը՝ նշելով, որ դրանք չեն կարող վավեր համարվել ազգային օրենսդրությամբ, քանի որ նույնասեռ զույգերին Իտալիայում թույլատրված չէ գրանցել իրենց ամուսնությունները:

 

Իսկ Բոլոնիայի իշխանությունները նախորդ ամսվանից սկսել էին հաստատել միջազգային նույնասեռ ամուսնությունները:

 

Ալֆանոն հայտարարել է, որ արտասահմանում կնքված՝ լեսբուհիների և գեյերի ամուսնությունները, որոնք գրանցվել են քաղաքացիական կարգավիճակի մասին գրանցամատյաններում, պետք է չեղյալ հայտարարվեն:

 

Բոլոնիայի քաղաքապետ Վիրջինիո Մերոլան, սակայն, նշել է, որ չի պատրաստվում կատարել ներքին գործերի նախարարության հրահանգները:

 

«Եթե նրանք ուզում են չեղյալ հայտարարել արտասահմանում կնքված ամուսնությունները, թող անեն: Ես չեմ պատրաստվում ետ կանչել իմ ստորագրությունը: Այնպես որ, թող նրանք անեն դա, միայն թե ոչ Բոլոնիայի անունից, որը ես եմ ներկայացնում: Ես չեմ ենթարկվում»,- ասել է քաղաքապետը: