Պահանջը հստակ է՝ հավասա՛ր իրավունքներ, այլ ոչ թե «դրական խտրականություն»

Հասարակություններում իրենց ոտնահարված իրավունքների համար պայքարող խմբերը, այդ թվում՝ ԼԳԲՏ անձանց իրավունքների համար պայքարողները հաճախ մեղադրվում են նույնպիսի վարքագիծ ու մոտեցում ունենալու մեջ, ինչպիսին այդ խմբերին ճնշողներն են:

 

«Նրանք նույնքան անհանդուրժող են, որքան՝ նրանց ճնշող խմբերը: Նրանք ցանկանում են իրե՛նք ճնշել մյուսներին» բնույթի մտքերին անմիջապես հետևում են, օրինակ, «գեյ ֆաշիզմի», «ֆեմինիստական ֆանատիզմի» մասին հիշատակումներ, պատրիարխատը՝ հայրիշխանությունը «գեյ մաֆիայի» իշխանությամբ կամ մատրիարխատով՝ մայրիշխանությամբ փոխարինելու ձգտման մասին պնդումներ:

 

Բանավեճերի պարզ դիտարկումը ցույց է տալիս, որ այսօրինակ մտքերը հիմնականում հնչեցնում են այն խմբերը/անձինք, որոնք մշտապես հարվածում են թե՛ նալին (պայմանականորեն՝ ԼԳԲՏ անձանց իրավունքների դեմ հանդես եկողներին) և թե՛ մեխին (այդ անձանց իրավունքները պաշտպանողներին): Նման մտքերի ենթատեքստն էլ ակնհայտ է՝ ո՛չ մի կողմն է բանի պիտանի, ո՛չ էլ մյուս, միմյանց արժանի են:

 

Նման մոտեցմամբ հանդես եկողներից ակադեմիական գիտելիքների պաշար ունեցողները բացի պիտակավորումից փորձում են նաև փաստարկներ բերել, որոնք միայն առաջին հայացքից է, որ կուռ են թվում:

 

Որպես փաստարկ հիմնականում բերվում է Միացյալ Նահանգներում իրենց իրավունքների համար պայքարող սևականների որոշակի հաջողությունից հետո ձևավորված այսպես կոչված «սևական ռասիզմի» կամ «դրական խտրականության» հետևանքը: Մասնավորապես, 2003-ին ԱՄՆ Գերագույն դատարանը վճռել էր, որ ռասայական պատկանելությունը կարող է իբրև առավելություն դիտվել ուսումնական հաստատություններ ընդունվելու համար: Այդպիսի «դրական խտրականության» միջոցով փորձ էր արվում խտրականության ենթարկված սևականների մուտքն ուսումնական հաստատություններ դյուրացնել, սակայն արդյունքում ըստ էության խտրականություն էր կիրառվում այլ ռասաների ներկայացուցիչների նկատմամբ, որոնք որոշ դեպքերում թեև քննությունների ընթացքում ավելի բարձր միավորներ էին ստանում, սակայն դատարանի վճռի ուժով ուսումնական հաստատությունում իրենց տեղը զիջում էին ավելի ցածր միավորներ վաստակած սևականներին: Քանի որ ԱՄՆ Սահմանադրությամբ և մի շարք օրենքներով խտրականության բոլոր ձևերն արգելված են, իսկ Գերագույն դատարանի վճռի հետևանքները մեծ դժգոհություն առաջացրեցին քաղաքացիների շրջանում, խնդիրը թեժ բանավեճերի առիթ դարձավ: Արդյունքում մի քանի տարի անց՝ 2009-ին Գերագույն դատարանը գործերից մեկի կապակցությամբ կայացրած վճռով և դրանից բխող նախադեպի ուժով «դրական խտրականության» այս դրսևորումը վերացրեց:

 

Ընդհանրապես, տարբեր պետությունների օրենսդրություններում այս կամ այն չափով «դրական խտրականության» բազմաթիվ դրսևորումներ կան. այս կամ այն խմբին տնտեսական, սոցիալական կամ այլ բնույթի արտոնությունների տրամադրումը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ «դրական խտրականություն», որի վերջնարդյունքը կարող է լինել ինչպես դրական՝ հանրօգուտ, այնպես էլ՝ բացասական: Հիմնական խնդիրն այն է, թե արդյոք այս կամ այն խմբին արտոնությունների տրամադրումը կատարվում է ի հաշիվ մյուս խմբերի հիմնարար իրավունքների և ազատությունների և հատկապես որքա՞ն վնաս են կրում մյուս խմբերը դրանից: Ահա այս հարցերի պատասխաններն են այն սահմանը, որոնք հնարավորություն են տալիս պարզելու, թե հանուրի բարօրության տեսանկունից արդարացվա՞ծ է այս կամ այն «դրական խտրականության» առկայությունը, թե՞ ոչ:

 

Կապված յուրաքանչյուր առանձին «դրական խտրականության» իրավական դրույթի բնույթի հետ՝ այդ սահմանների թույլատրելիության և տեղակայման պատկերացումները տարբեր անձանց և խմբերի մոտ տարբեր կարող են լինել, ըստ այդմ՝ բանավեճի առարկա:

 

Բայց կա մի շատ կարևոր «բայց»: ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանները (ինչպես նաև, օրինակ, կանանց իրավունքների պաշտպանները) ո՛չ թե պահանջում են այդ խմբի համար առավել իրավունքներ, ո՛չ թե ձգտում են այդ խմբի իրավունքների գերակայությանը մյուս խմբերի իրավունքների հանդեպ, ո՛չ թե պահանջում են «դրական խտրականության» իրավական կամ ոչ իրավական վերաբերմունք, այլ ընդամենը մեկ բան՝ հավասա՛ր իրավունք, օրենքի առաջ հավասարությո՛ւն, հավասարությո՛ւն Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, Սահմանադրության և օրենքների առաջ, և ուրիշ ոչինչ: Այլ կերպ ասած, ոչ թե ձգտում են, օրինակ, հայրիշխանությունը մայրիշխանությամբ փոխարինելուն, այլ քաղաքացիների՝ անկախ սեռից ու սոցիալական և այլ հատկանիշներից բոլո՛ր քաղաքացիների իշխանությամբ փոխարինելուն:

 

Ընթերցողը որևէ անգամ հանդիպե՞լ է ԼԳԲՏ իրավունքների պաշտպանների, որոնք ասած լինեն, թե ԼԳԲՏ անձինք առավե՛լ իրավունքներ պիտի ունենան, քան հետերոսեքսուալները կամ որ կանայք ավելի՛ մեծ լիազորություններով պետք է օժտված լինեն, քան տղամարդիկ: Ասվում է՝ ԼԳԲՏ անձինք, կանայք մյուսների պես հավասար պետք է ունենան ճիշտ նույն այն իրավունքներն ու ազատությունները, որոնք բոլորի համար բխում են իրավունքից: ԼԳԲՏ անձինք նույնքա՛ն պետք է իրավունք ունենան իրենց հարաբերություններն իրավաբանորեն ձևակերպելու և դրանից բխող օրենսդրական կարգավորումներից օգտվելու, ինչ մյուսները, կարող են երեխա որդեգրել ճիշտ այն օրենսդրական հիմքերով, ինչ մյուսները, կարող են անել այն ամենն, ինչ իրավունքով արգելված չէ մյուսներին: Որտե՞ղ է այս պահանջներում «ԼԳԲՏ ֆաշիզմի» կամ «ֆեմինիստական ֆանատիզմի» դրսևորում նկատվում: Հավասար իրավունքների համար պայքարը գաղափարական ու պահանջների ձևակերպման մակարդակում, այսինքն, որևէ դեֆեկտ չունի: 

 

Նալին ու մեխին միաժամանակ հարվածողների տարածված փաստարկն, ուրեմն, մի պարզունակ հնարք է, որն կամա թե ակամա օգտագործվում է՝ վարկաբեկելու համար հավասար իրավունքների համար պայքարը: Այն իր էությամբ կոնֆորմիստական է և խոչընդոտում է հանուն առաջադիմության պայքարին:

 

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ոտնահարված իրավունքներ ունեցող խմբերն իրենց ազատությունների ու իրավունքների հաստատման պայքարի ինչպիսի՞ մեթոդներ ու մոտեցումներ են ընտրում, ապա պետք է նշել, որ թեև խոցված այդ խմբերի որոշ անդամներ հռետորաբանության մակարդակում երբեմն կոշտ են, այնուամենայնիվ`

 

1. նախ դա շատ բնական է. տարօրինակ կլիներ հալածվողներից հալածողների նկատմամբ երջանիկ դեմքի արտահայտությամբ բարյացակամ վերաբերմունք ակնկալել,

 

2. կոշտ հռետորաբանությունը հանուն իրավունքի ու հավասարության պաշտպանության է, հանուն որոնց պատմական տարբեր ժամանակահատվածներում ժողովուրդներն անգամ ավելին են արել, քան միայն հռետորաբանությունն է: Ժողովրդավարության համար պայքարը երբեմն կարող է ցույց տալ, որ հեչ էլ անատամ չէ,

 

3. Անհանդուրժողականության նկատմամբ հանդուրժողականության դրսևորումները միայն սնում են այդ անհանդուրժողականությունը: Հանդուրժել իրավունքների ու ազատությունների ոտնահարո՞ւմը: Հավասար իրավունքների նկատմամբ անհանդուրժողականության նկատմամբ ոչ թե հանդուրժողականություն է պետք դրսևորել կամ ակնկալել, այլ ուղիղ հակառակը՝ որևէ կերպ չհանդուրժել նման անհանդուրժողականությունը:

 

Ի վերջո, իրավունքների համար ոչ բռնի պայքարի բոլոր դրսևորումները թույլատրելի են: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով թույլատրելի է նաև ապստամբելու իրավունքը, և դրա ամենավառ օրինակը սթոունուոլյան ապստամբությունն է: Իսկ «գեյ ֆաշիզմի», «ֆեմինիստական ֆանատիզմի» մասին դատարկ փաստարկներն ու դրանք կրկնողներն ավելի վտանգավոր են, քան այս կամ այն խմբի իրավունքների հավասարության դեմ բացեիբաց արտահայտվողները. առաջիններն ընդամենը երկրորդների ավելի լավ քողարկված տարբերակն են: