«Պահանջում ենք արդար դատաքննություն»․ ակցիա՝ Դատախազության դիմաց (ֆոտոշարք)

«Ո՛չ խտրականությանը», «Ծեծողի, վառողի, դանակահարողի տեղն ազատազրկման մեջ է», «Ատելությունը սպանո՛ւմ է», «Օրենքի առաջ բոլորը հավասար են», «Պահանջում ենք արդար դատաքննություն». այս և մի քանի այլ բովանդակությամբ պաստառներով մի խումբ քաղաքացիներ այսօր բողոքի ակցիա իրականացրին Դատախազության շենքի դիմաց:

Վերջիններս եկել էին իրենց բողոքի ձայնն արտահայտելու այն առնչությամբ, որ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով կատարված հանցագործությունները Հայաստանում պատշաճ քննության չեն ենթարկվում:

Միջոցառման կազմակերպիչներից Pink Armenia հասարակական կազմակերպության ղեկավար Նվարդ Մարգարյանը LGBTnews-ի հետ զրույցում նշեց, որ վերջին մեկ ամսվա ընթացքում սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով երկու հանցագործություն է տեղի ունեցել:

«Առաջին դեպքում ծեծել են տրանսգենդեր անձին, որից հետո նրա բնակարանն այրվել է, իսկ երկրորդ դեպքը տեղի է ունեցել օրեր առաջ. 35-ամյա տղամարդը կասկածել է, որ 15-ամյա երեխան նույնասեռական է և դանակահարել է նրան: Երկու դեպքում էլ հանցանք կատարելու մեջ կասկածվող անձինք ազատ են արձակվել»,- մեզ հետ զրույցում նշեց Նվարդ Մարգարյանը:

Վերջինս նկատեց, որ Հայաստանի պրակտիկայում չնչին արարքների համար անձանց կալանավորվում են, իսկ այնպիսի արարքների համար, ինչպիսին, օրինակ, 15-ամյա երեխային դանակահարելն է կամ տրանսգենտեր անձին ծեծի ենթարկելը, ազատազրկման հետ կապ ունեցող խափանման միջոց չի կիրառվում:

«Իրավապահ համակարգը կանխակալ վերաբերմունք ունի, և մեր պահանջն է, որ ատելության հիմքով հանցագործություններն օբյեկտիվ ու համապարփակ քննվեն, դրանցում ատելության մոտիվը դառնա քննարկման առարկա ու այդ հիմքով հանցանք կատարած անձինք քրեական պատասխանատվության ենթարկվեն»,- մեզ հետ զրույցում ասաց Նվարդ Մարգարյանը:

Ակցիայի մասնակից Լիլիթ Ավետիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրավապահ մարմիններն անգործության են մատնվում այնպիսի հանցագործությունների առկայության պայմաններում, որոնց կարող էին ընդհուպ մարդկանց կյանքն արժենալ:

«Ես այստեղ եմ, որ միանամ մաև մյուս մարդկանց ձայներին, որ պահանջենք օրենքի առաջ հավասարություն՝ անկախ որևէ հատկանիշից»,֊ նշեց նա։

Ավետիսյանի խոսքով՝ ատելության խոսքը հաճախ հենց պետական պաշտոնյաների միջոցով է տարածվում:

«Մարդիկ տեսնում են, թե ատելության հիմքով հանցագործություններին պետական մարմիններն ինչպես են վերաբերվում, ուստի նրանց մոտ համոզմունք է ձևավորվում, որ հանգիստ կարող են ծեծել ու սպանել՝ ում կցանկանան»,-ասաց Լիլիթը:

Լիլիթ Ավետիսյանը նշում է, որ անձին նույնասեռական լինելու մեջ կասկածելու ու դրա համար նրան դանակահարելու պատճառը հենց անպատժելիության մթնոլորտն է:

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Երևանում Մաշտոցի պողոտայի բնակարաններից մեկում տրանգենտեր անձի են ծեծի ենթարկել: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել մեկ անձի, ում նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, թեև դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, այսինքն՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու հոդվածով, որով անցնող անձանց նկատմամբ Հայաստանի դատական պրակտիկայում առավել հաճախ խափանման միջոց է ընտրվում կալանավորումը:

Ապրիլի 1-ին էլ 35-ամյա մի տղամարդ դանակահարել է 15-ամյա երեխայի՝ կասկածելով, որ նա նույնասեռական է: Դեպքից 4 օր անց դեռևս քրեական գործ չի հարուցվել: 

Նշենք, որ այսօր մի շարք հասարակական կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել՝ իրավապահ մարմիններին մի քանի պահանջներ ներկայացնելով։ Հայտարարությանն ընթերցողը կարող է ծանոթանալ այստեղ։