Պայքարե՛լ ու չհանձնվե՛լ, նվաճե՛լ ազատ, հավասար ու արժանապատիվ ապրելու իրավունքը. Էդգար Խաչատրյան

LGBTnewsի զրուցակիցն է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության ղեկավար Էդգար Խաչատրյանը:

– Պարո՛ն Խաչատրյան, ինչպե՞ս եք գնահատում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների վիճակը Հայաստանում:

– Իրավիճակն իրականում խայտառակ է: ԼԳԲՏԻ անձինք թե՛ օրենքի կողմից պաշտպանված չեն, թե՛ հասարակության լայն շերտերի կողմից նրանց խնդիրների վերաբերյալ լայն ընկալում չկա:

– Ավելի շատ ո՞ւմ մեղավորությունը, դերակատարումը պետք է փնտրել ստեղծված իրավիճակում:

– Ես միշտ այդ խնդիրը դնում եմ պետության պատասխանատվության տակ, քանի որ պետությունն է պարտավոր ապահովել բոլոր հնարավորությունները քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանության համար: Այսինքն՝ սա առաջին հերթին պետության խնդիրն է, պետությունն է թերանում և պետությունն է պարտավոր հասարակության, քաղաքացիների մոտ իրազեկվածության մակարդակը բարձրացնել ԼԳԲՏԻ անձանց խնդիրների և իրավունքների վերաբերյալ:

– Այսինքն՝ դուք կարծում եք, որ ցանկության դեպքում պետական իշխանությունը կարո՞ղ է քայլեր կատարելով հասնել այն բանին, որ հարգվեն ԼԳԲՏԻ անձանց իրավունքները:

– Իհարկե, միանշանակ:

– Տարիներ առաջ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը հակախտրական օրինագիծ էր մշակել, որը, սակայն, այդպես էլ Ազգային ժողով չուղարկվեց: Դրանում դրույթներ կային նաև ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ խտրականության անթույլատրելիության վերաբերյալ: Այսօր Հայաստանում մշակվում է հակախտրական նոր օրինագիծ: Ինչպե՞ս կգնահատեք այդ օրինագիծը, եթե դրանում այս անգամ ԼԳԲՏԻ անձանց վերաբերյալ դրույթներ չլինեն:

– Օրենքը պե՛տք է ընդգրկի ԼԳԲՏԻ անձանց վերաբերյալ դրույթներ, հակառակ դեպքում դա կլինի թերի և խտրական մոտեցմամբ ստեղծված հակախտրական օրենք: Իսկ կընդգրկեն, թե՝ ոչ, դժվարանում եմ ասել: Գիտեմ միայն, որ քաղաքացիական հասարակության որոշակի խմբի, ակտիվիստների, հասարակական կազմակերպությունների կողմից աշխատանք է կատարվում, որ այդ դրույթը ևս ներառվի, բայց չգիտեմ՝ օրենքի նախագծի վերջնական տարբերակն ինչպիսին կլինի:

– Պարո՛ն Խաչատրյան, Հայաստանը մի շարք միջազգային փաստաթղթերի է միացել`պարտավորություն ստանձնելով ապահովել նաև ԼԳԲՏԻ անձանց իրավունքների իրացումը: LGBTnews-ը հարցազրույցների շարք է իրականացնում նաև քաղաքական գործիչների, Ազգային ժողովի պատգամավորների հետ, որոնց մեծամասնությունը բացասական վերաբերմունք ունի ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ: Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս պիտի նման քաղաքական վերնախավ ունենալու պարագայում Հայաստանը կատարի իր պարտավորությունները:

– Իրականում շատ բարդ հարց եք հնչեցնում: Եթե նայում ենք մարդու իրավունքների տեսանկյունից, ցանկացած քաղաքացի՝ անկախ իր սեռական, ռասայական, կրոնական կողմնորոշումից, պետք է ունենա իր իրավունքները վերականգնելու մեխանիզմներ, որոնք պաշտպանված են պետության կողմից և օրենքով: Այս խմբի նկատմամբ խտրական վերաբերմունքն ակնհայտ երևում է: ԼԳԲՏԻ անձանց համար խոչընդոտներ են ստեղծվում ոտնահարված իրավունքները վերականգնելու համար: Եվ այդ խոչընդոտները ստեղծվում են օրինաստեղծ մարմնի կողմից, այն նույն պետական այրերի, որոնք գնում և ուրախ-ուրախ միջազգային փաստաթղթեր են ստորագրում, անգամ դրամաշնորհներ ստանում, որպեսզի Հայաստանում իբր ռեֆորմներ անցկացնեն: Հասկանում եմ հակասությունը, բայց իսկապես չգիտեմ՝ ինչ պետք է անել: Ինձ ևս շոկի մեջ են գցում Ազգային ժողովի պատգամավորների ելույթներն ու հարցազրույցները՝ ԼԳԲՏԻ անձանց վերաբերյալ: Օրինակ՝  Դաշնակցության առաջնորդների վերջին հարցազրույները խայտառակություն են: Պետք է այսպիսի մարդիկ իշխանության մեջ չլինեն, որովհետև նրանց  մոտ չկա մարդու իրավունքների, օրենքի գերակայության վերաբերյալ էլեմենտար գիտակցություն:

– ԱԺ պատգամավորների հետ հարցազրույցներում նաև ԼԲԳՏԻ անձանց ամուսնության իրավունքի վերաբերյալ հարցն է բարձրացվում: Ձեր կարծիքով՝  նրանք պե՞տք է ունենան ամուսնության իրավունք:

– Պետության քաղաքացիների մշակութային առանձնահատությունները, հասարակական ընկալումները կարող են տարբեր լինել, բայց մարդու իրավունքների տեսանկյունից ցանկացած քաղաքացի ունի ամուսնության իրավունք: Պետությունն է, որ պիտի կոտրի կարծատիպերը:

– Պարո՛ն Խաչատրյան, ի՞նչ ուղերձ կհղեք ԼԳԲՏԻ անձանց:

– Գուցե մի քիչ հանդուգն է հնչում իմ կողմից ասելը՝ պայքարե՛ք ձեր իրավունքների համար, քանի որ ԼԳԲՏԻ անձանց համար համար շատ խոչընդոտներ և վտանգներ կան Հայաստանում և քիչ աջակիցներ՝ անգամ քաղաքացիական հասարակության շրջանում, բայց պիտի հորդորեմ պայքարե՛լ ու չհանձնվե՛լ, նվաճե՛լ ազատ, հավասար ու արժանապատիվ ապրելու իրավունքը: