Ազգային ժողովում այսօր շարունակվում է քննարկվել Մարդու իրավունքների պաշտպանի՝ «2013 թվականի ընթացքում մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» զեկույցը:
Ելույթ ունենալով խորհրդարանի ամբիոնից, իշխող ՀՀԿ-ական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, խիստ քննադատության ենթարկելով օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի զեկույցը, չվարանեց իր խոսքում հիշատակել ավստրիացի երգիչ, Եվրատեսիլում հաղթող ճանաչված Կոնչիտա Վուրստին:
«Կրկին անգամ հորդորում եմ մեր բոլոր գործընկերներին, որ աշխատեն հայոց խորհրդարանի ամբիոնը չօգտագործել կոնչիտաներին գովերգելու համար: Մենք ավանդույթներով օժտված ազգ ենք: Դա հարիր չէ մեր ազգին: Մենք ունենք ավանդույթներ և պահպանողական ենք ու պետք է պահպանենք այդ ավանդույթները: Որքան էլ օտարերկրյա ֆինանսավորումները շատ լինեն, մենք ազգային արժեքները չենք կորցնի»,- Վահրամ Բաղդասարյան:
Հիշեցնենք, որ խորհրդարանի երեկվա նիստի ժամանակ էլ Կոնչիտային հիշել էին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Բաբուխանյանը և «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը: Բաբուխանյանը, մասնավորապես, նշել էր, որ ինքը «զզվում է Կոնչիտայից» և քննադատել էր օմբուդսմենին Pink Armenia կազմակերպության հետ փոխըմբռնման հուշագիր ստորագրելու համար:
Վահրամ Բաղդասարյանի ելույթից անմիջապես հետո օմբուդսմենը, օգտվելով հիմնական զեկուցողի իր իրավունքից, ելույթ ունեցավ ԱԺ ամբիոնից՝ նշելով, որ ՄԻՊ գրասենյակը շուրջ 120 հասարակական կազմակերպությունների հետ իրական համագործակցություն է հաստատել:
«Կլինեն, իհարկե, նրանք, ովքեր կփորձեն այլասերել այդ համագործակցության էությունը: Մի՛ լսեք նրանց, նրանք ուղղակի աղավաղում են ճշմարտությունները: Մենք համագործակցում ենք հանուն այն խնդիրների, երևույթների, որոնք ամրագրված են Հայաստանի սահմանադրության մեջ և օրենքներում, որոնք դուք եք ընդունել»,- նկատի ունենալով Բաբուխանյանի ու Բաղդասարյանի խոսքերը՝ ասաց օմբուդսմենը:
Կարեն Անդրեասյանն իր հասցեին հնչող քննադատությունից փորձեց պաշտպանվել՝ իր ելույթում հիշատակելով Հայ Առաքելական Եկեղեցին:
«Մեր ինստիտուտի՝ ՄԻՊ գրասենյակի համար նորություն է, մենք համագործակցում ենք ընդհուպ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ, և նրա առաջնորդի՝ Վեհափառ տիրոջ հետ մենք քննարկում ենք մարդու իրավունքների խնդիրներ, և ես ստանում եմ աջակցություն նաև Սուրբ Եկեղեցուց»,- մասնավորապես ասաց Կարեն Անդրեասյանը: