Պատգամավորն արդարացնում է ԼԳԲՏԻ մարդկանց հանդեպ տարբերակված մոտեցումը

LGBTnews-ը շարունակում է հարցազրույցների շարքն Ազգային ժողովի պատգամավորների հետ, և այս անգամ մեր զրուցակիցն է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, որը մասնագիտությամբ իրավաբան է, դասավանդում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում: Նա նաև խորհրդարանի Պետական֊իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է, իսկ 2009-ին եղել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։

Հիշեցնենք, որ Գևորգ Պետրոսյանը մի քանի օր առաջ հանրության ուշադրության կենտրոնում էր հայտնվել այն բանից հետո, երբ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգնական, իրավագիտության ֆակուլտետի ուսանող Արմեն Գալջյանը հայտարարել էր, որ պատգամավոր֊դասախոսը սպառնացել է «ծռել չանը»՝ դասին չսափրված ներկա գտնվելու պատճառով։ Իսկ ավելի վաղ՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման մասին» օրինագծի հանրային քննարկումների և խորհրդարանում օրենքի ընդունման ընթացքում, Պետրոսյանը դեմ էր արտահայտվում փաստաթղթին՝ այն «տնաքանդության մասին օրենք» անվանելով։

– Պարո՛ն Պետրոսյան, Հայաստանում, ըստ ձեզ, որևէ խմբի նկատմամբ խտրականություն դրսևորվո՞ւմ է, թե՞ ոչ:

– Ո՞ր խտրականությունը նկատի ունեք:

– Խտրականություն` պայմանավորված որևէ հիմքով:

– Իհարկե։ Եթե մի բանի մասին գրված է մեր երկրի գլխավոր օրենքում, նորմատիվ ակտերում, ուրեմն այդ երևույթը կա: Եթե քաղաքացիների նկատմամբ խտրականության մասին է խոսքը, ապա կարծում եմ՝ այս հարցում պետք է դիմել այն պաշտոնյաներին, որոնք իրենց աշխատանքի բերումով անմիջականորեն են առնչվում քաղաքացիների հետ. նկատի ունեմ տեղական, տարածքային ինքնակառավարման մարմինները, դատական համակարգը, բայց եթե խոսքը քաղաքական ուժերի նկատմամբ խտրականության մասին է, ապա դա էլ կա, դրա վառ դրսևորումն այն է, որ Կառավարությունը մերժում է ընդդիմադիր քաղաքական ուժերի օրենսդրական նախաձեռնությունները, դրանց բացասաբար է վերաբերում, երբեմն նաև ջղաձգումներով, իսկ իշխանական թևից եկող օրենսդրական նախաձեռնությունները փորձ են անում արագ տեմպերով անցկացնել: Եթե սա խտրականություն չէ, ապա ի՞նչ է. խտրկանությունն, ինչպես ասում են, պոզով-պոչով չի լինում: Դա միանման հանգամանքներում տարբերակված մոտեցումն է, եթե դրա համար չկա օբյեկտիվ և արդարացի հիմնավորում:

– Դուք համարում եք, որ Հայաստանում ամենաշատը քաղաքական ընդդիմադիր ուժե՞րն են խտրականության ենթարկվում:

– Չէ, ես ասում եմ, որ խտրականությունն ամենուր է. ինչպես քաղաքացիների և պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերություններում, այնպես էլ քաղաքական դաշտում:

– Սեռական կողմնորոշմամբ և գենդերային ինքնությամբ պայմանավորված խտրականությունը, թերևս, ամենաշատ արծարծվող հարցն է դառնում խտրականության թեմայով ցանկացած քննարկման ժամանակ: Ձեր կարծիքով`սեռական կողմնորոշումն ու գենդերային ինքնությունը պե՞տք է որպես խտրականության բացառման հիմք ամրագրել օրենքով:

– Հայաստանում արդեն գործում է կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների մասին օրենք: Ինչ վերաբերում է կոնկրետ սեռական կողմնորոշման հատկանիշերով պայմանավորված խտրականությանն, ապա այդ հարցի պատասխանն արդեն իսկ կա և՛ Եվրոպական դատարանի վճիռներում, և Սահմանադրական դատարանի որոշումներում. խտրականություն չի կարող համարվել այն տարբերակված մոտեցումն, ինչն ունի արդարացի հիմնավորում: Սեռական կողմնորոշմամբ, գենդերային ինքնությամբ պայմանավորված տարբերակված մոտեցումը չի կարող համարվել խտրականություն, քանի որ խնդիրն, ասենք, կապված է սերնդի դաստիարակության հետ։ Ես գտնում եմ, որ սեռական ոչ ավանդական կողմնորոշում ունեցող անձն, օրինակ, չպիտի աշխատի մանկապատանեկան դաստիարակության հիմնարկներում, դպրոցներում: Դա իմ կարծիքն է:

– Ավանդականը ո՞րն է, ի՞նչ նկատի ունեք՝ ասելով ավանդական։

– Ավանդական դաստիարակությունը գալիս է քրիստոնեական մեր ուսմունքից, մեր Աստվածաշնչից:

– Կան նաև աթեիստներ, այլ կրոնական․․․

– Ես չգիտեմ՝ աթեիստներն ինչպես, բայց ավանդական ընտանիքը կնոջ և տղամարդու հիմնադրած ընտանիքն է: Ես այդպես եմ իմանում:

– Ըստ ո՞ւմ պատկերացման։ Ձե՞ր:

– Ընդհանրապես. և՛ օրենսդրությամբ, և՛ Աստվածաշնչով, և՛ իմ պատկերացմամբ: Ինձ համար բացարձակապես խորթ են այդ երևույթները՝ տղամարդը տղամարդու հետ, կինը կնոջ հետ․․․ Եվ կարծում եմ, որ ես այլևս այս թեմայով ասելիք չունեմ:

– Դուք խորհրդարանի պատգամավոր եք, մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի անդամ եք, ենթադրվում է, որ պետք է ներկայացնեք մարդկանց շահերն ու պաշտպանեք նրանց իրավունքները: Այս հասարակությունում գոյություն ունեն ԼԳԲՏԻ մարդիկ անկախ այն բանից՝ դա ձեզ դուր է գալիս, թե ոչ: Դուք, որպես պատգամավոր, պատրա՞ստ եք նրանց շահերն ու իրավունքները նույնպես պաշտպանել, արդյոք պատրա՞ստ եք նրանց այս կամ այն իրավունքներն իրացնելու հնարավորություն ընձեռող օրինագծերին կողմ քվեարկել:

– Երբ այդպիսի օրինագիծ լինի, ես դրան կծանոթանամ ու իմ մոտեցումը կասեմ, բայց ես երիցս հաստատում եմ իմ այն դիրքորոշումը, որ ինձ համար այդ խնդիրները հարազատ չեն, ինձ համար ավանդական ընտանիքն է ընդունելի: Ես պատգամավոր լինելուց բացի նաև քաղաքացի եմ, նաև հայ տղամարդ եմ, հայկական նահապետական ընտանիքի ղեկավար եմ և ես իմ կարծիքը չեմ փոխի ոչ մի պարագայում:

– Կարո՞ղ ենք փաստել, որ դուք պատրաստ չեք գոնե հանդուրժողականություն դրսևորել ԼԳԲՏԻ մարդկանց նկատմամբ:

– Հանդուրժողականությունը միայն չպետք է հանգեցնել այդ հարցին: Ես հանդուրժողական կարող եմ լինել շատ հարցերում, բայց եթե պիտի այդ հանդուրժողականությամբ սասանվեն հայկական ավանդական ընտանիքի հիմքերը, պետք է մեր հասարակության բարոյական հիմքերը ցնցում ապրեն, ապա ես այդպիսի հարցում հանդուրժողականության չեմ կարող դրսևորել:

– Մի վերջին ճշտող հարց․ եթե, օրինակ, ԼԳԲՏԻ անձանց ամուսնության վերաբերյալ որևէ օրինագիծ շրջանառվի Ազգային ժողովում, դուք դե՞մ կքվեարկեք:

– Ես, բնականաբար դեմ, կքվեարկեմ. այդտեղ երկրորդ կարծիք չկա: