Պատգամավոր Վահե Էնֆիաջյանն ավանդապաշտ է և դեմ է նույնասեռ հարաբերություններին

ԼԳԲՏԻ անձանց իրավունքների մասին LGBTnews-ը զրուցեց Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանի հետ:

– Պարո՛ն Էնֆիաջյան, դուք Հայաստանում հակախտրական օրենքի ընդունման անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք:

– Ես ազատական մոտեցումների կողմնակից եմ, բայց միևնույն ժամանակ կարևորում եմ բարոյական նորմերը, սկզբունքները, այլ ոչ այլասերվածությունը, խեղաթյուրումը: Ես կարծում եմ, որ մոլորակի ոչ մի քաղաքացի չպիտի խտրականության մեջ ապրի, բայց միևնույն ժամանակ չպիտի խեղաթյուրվեն հասարակական ընկալումները:

– Ի՞նչն է ձեզ համար այլասերում կամ խեղաթյուրում: Ինչո՞ւ եք խտրականության վերաբերյալ հարցի համատեքստում խոսում այդ երևույթների մասին:

– Խտրականության հարցը՝ ազգային, ռասայական, գենդերային և այլն, միշտ մեծ հնչեղություն է ստացել և բարձր քաղաքական ամբիոններից կարևորվում է, առաջարկվել են դրանց լուծման որոշակի տարբերակներ:

– Ձեր կարծիքով՝ հակախտրական օրենքում պե՞տք է ԼԳԲՏԻ անձանց վերաբերյալ դրույթ կամ որևէ հիշատակում լինի, թե՞ կարող է, օրինակ, լինել խտրականությունն արգելող օրենք, որում խտրականություն կդրսևորվի որոշակի խմբի նկատմամբ:

– Ամեն մարդ ինչ ձևով ապրում է, ի վերջո դրա լավ և վատ արտացոլանքն ինքն է իր մաշկի վրա զգում: Ես կարող եմ իմ տեսակետն ունենալ այս հարցի վերաբերյալ: Ես ավանդապաշտ եմ, Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ եմ, նույնասեռական ամուսնությունների և հարաբերությունների կողմնակից չեմ: Ես ասում եմ, որ յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում՝ ինչպես ապրել, բայց միևնույն ժամանակ եկեք արձանագրենք, որ անձնական մոտեցումները չպիտի ազդեն ու ներգործեն այլ մարդկանց կյանքի վրա, որպեսզի նրանց վնասակար գործունեության ազդեցությունը չներթափանցի հասարակության մեջ:

– Սահմանադրությունը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ազատ է անել այն ամենն, ինչ արգելված չէ օրենքով և չի սահմանափակում այլոց իրավունքները: Օրինակ՝ եթե ԼԳԲՏԻ անձինք միություն կազմելու իրավունք ունենան, կսահմանափակե՞ն որևէ այլ անձի իրավունք, և եթե այո, ապա ինչո՞վ:

– Ես կարծում եմ, որ նման մոտեցումներն ունեն և՛ շատ շոշափելի, և՛ շատ խորքային` գլոբալ քաղաքական դրդապատճառներ: Ես ինքս իմ մոտեցումն ասացի: Եթե, օրինակ, նման անձինք ամուսնանան ու երեխա որդեգրեն, ձեր կարծիքով այդ երեխան իրեն ինչպե՞ս է զգալու հասարակության մեջ. արդեն խեղաթյուրում է գնում, բոլոր բիոլոգիական նորմերի խախտում է լինում:

– Ձեր խոսքի սկզբում «խեղաթյուրում», «այլասերում» տերմինները կապվո՞ւմ են ԼԳԲՏԻ անձանց հետ:

– Ես մի բան եմ ասում, իսկ դուք դետալների մեջ եք խորանում:

– Դուք պատգամավոր եք: Եթե ԼԳԲՏԻ անձինք ձեզ դիմեն իրենց իրավունքների հարցերով, որո՞նք կլինեն ձեր քայլերը:

– Իմ լիազորությունների շրջանակներում ես, բնականաբար, կատարելու եմ իմ պարտականությունները: