Պատգամավոր Տաճատ Վարդապետյանին հունից հանեց ԼԳԲՏ անձանց իրավունքների մասին հարցը

ՀՀԿ-ական պատգամավոր Տաճատ Վարդապետյանն, ով, հիշեցնենք, աչքի է ընկնում Ազգային ժողովում պարբերաբար սիրառատ ու հուզիչ բանաստեղծություններ արտասանելու իր «տաղանդով», ատում է նույնասեռական անձանց: Այդ մասին պատգամավորն ասաց LGBTnews.am-ի լրագրողի հետ զրույցում:

 

Մեր հարցն այն մասին, թե ինչպես է Վարդապետյանը վերաբերում նույնասեռական անձանց, պատգամավորին անհասկանալի պատճառով հունից հանեց:

 

«Ինձ այդպիսի հարցեր մի՛ տվեք, դրանք ինձ համար ամենաատելի մարդիկ են: Ես հիմա գուցե սեռական բնույթի հայհոյանք տամ այդ մարդկանց»,- ասաց Վարդապետյանը: Հարցից, թե ի՞նչն է նույնասեռական անձանց նկատմամբ պատգամավորի նման բացասական վերաբերմունքի պատճառը, Վարդապետյանն էլ ավելի բարկացած հարցրեց, թե ինչպե՞ս ենք որոշել, որ հենց իրեն պիտի այդ հարցով դիմենք: Պատգամավորին տեղեկացրինք, որ թեմայի վերաբերյալ այլ պատգամավորների հետ ևս զրուցել ենք ու շարունակելու ենք զրուցել:

 

«Դե, ես ասում եմ, նրանք՝ ձեր նշած այդ անձինք, ինձ համար մոլորակի ամենաատելի, զզվելի մարդիկ են, իսկապես դա ինձ համար զզվելի բան է, դա ատելի, զզվելի մասսա է»,- իր դիրքորոշումը ևս մի քանի անգամ կրկնեց Վարդապետյանը:

 

Մեր հարցին՝ պատգամավորն, այսինքն, խտրական վերաբերմո՞ւնք է ցուցաբերում նույնասեռայան անձանց նկատմամբ, Վարդապետյանը պատասխանեց, որ ինքն իր վերաբերմունքն արդեն հայտնեց:

 

Հետաքրքրվեցինք, թե արդոք պատգամավորը չի՞ կարծում, որ իր՝ նման դիրքորոշման պատճառով ինքն ու ՀՀԿ-ն ընտրազանգված կկորցնեն:

 

«Ո՛չ, ու այլևս ինձ նման հարց չտա՛ք»,- վրդովված ասած պատգամավորն ու հեռացավ` թույլ չտալով հնչեցնել այլ հարցեր:

 

Տաճատ Վարդապետյանն ասմունքում է. դիտեք տեսանյութը: