Պետությունը, ոստիկանությունը չեն իրականացրել իրենց պարտավորությունները․ Լարա Ահարոնյան

Շատ մտահգված եմ իրավիճակով, որովհետև սա հստակ ցույց է տալիս՝ ինչքանով է խախվտում միավորումների և հավաքների ազատության իրավունքը, LGBTnews-ի հետ զրույցում ասաց «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ ղեկավար Լարա Ահարոնյանը՝ անդրադառնալով ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումի վերաբերյալ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հայտարարությանն ու ֆորումի չեղարկմանը։

Ըստ Ահարոնյանի՝ տեղի ունեցածը կարող է նախադեպ դառնալ․ «Կարող է այսպես շարունակվել։ Այսօր եթե ԼԳԲՏ համայնքի հանդեպ է, այսինքն՝ այդ ֆորումի, վաղը կարող է շատ ուրիշ բաների մասին լինել, և դա շատ վտանգավոր միտում է երկրում, որտեղ պետությունը պարտավորություն ունի յուրաքանչյուր քաղաքացու իրավունքները պաշտպանելու անկախ այն բանից՝ ով են նրանք, ինչ համայնքի մաս են կազմում, ինչ դիրքորոշում ունեն, ինչ սեռական կողմնորոշում կամ գենդերային ինքնություն»:

Իրավապաշտանը նշեց, որ այդպիսով պետությունը և մասնավորապես՝ ոստիկանությունն իր պարտավորությունը չի իրականացնում՝ միջոցառման և միջոցառման մասնակիցների անվտանգությունն ապահովելու։

«Ու այսպես մի իրավիճակի մեջ հայտնվեցինք, որ ատելության քարոզի պատճառով՝ կազմակերպված հասարակության մի փոքր մասի կողմից․․․ Չեմ կարողա բնորոշել՝ ինչ ինչ մասշտաբի էր, բայց ընդդեմ ԼԳԲՏ համայնքի հավաքների ժամանակ, որ մի քանի հատ եղել էին, այնքան շատ մարդիկ չէին դուրս եկել, որքան ավելի սոցիալական մեդիայում էին ակտիվ, բայց այդ մարդիկ ահագին ատելության քարոզ իրականացրին՝ բռնության կոչեր, հայհոյանքներ, մարդու արժանապատվության և իրավուքնների խախտումներ․․․ Եվ այս իրավիճակում պետությունը և ոստիկանությունը՝ մասնավորապես, պարտավորություն ունեին այնպիսի ապահով պայմաններ ստեղծելու, որ ԼԳԲՏ ֆորումը տեղի ունենար, որովեհտև այն խաղաղ հավաք է, միջոցառում է, և պետք է ապահովվեր նաև անհատների, մասնակիցների անվտանգությունը ամեն կերպ: Եվ ահա մենք ոստիկանապետից միանգամից որոշում լսեցինք, որ հարմար չեն գտնում ֆորումի անցկացումը:

Ո՞վ է որոշում, որ հարմար պետք է գտնեն կամ ոչ։ Դա ոստիկանության որոշելիքը չէ, և բացի այդ՝ ոստիկանապետն անվտանգության մասին խոսեց, բայց մենք չգիտենք՝ իրենք դրա ռիսկերն ինչպես են գնահատել և նույնիսկ եթե գնահատել են՝ իրենք ունեն այդ պարտականությունը՝ ապահովելու խաղաղ ֆորումի անցկացումը։ Եթե 50 հոգի դրսից գալիս է ու հավաքվում է մի տեղ, կոնֆերանս անում, իրենք պարտավոր են ապահովել դա, ուրիշ ձև չի լինում»,֊ նշում է Լարա Ահարոնյանը։ 

Իրավապաշտպանն ընդգծում է՝ վտանգն այն է, որ անթույլատրելի այս երևույթը կարող է շարունակական դառնալ․ «Այսօր ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումն է արգելվում, վաղը կարող է, չգիտեմ, կաթոլիկ եկեղեցու անդամներն են, մյուս օրը՝ նարնջագույն մազերով մարդկանց հավաքն արգելվի, չթողնեն հավաքվել, որովհետև հայտնվի մի խումբ, որ սուբյեկտիվորեն կհամարի՝ այդ գույնի մազերը հայկական չէ, ավանդական չէ․ այդպիսով մենք կգտնվենք իրավունքները ոտնահարված վիճակում»։  

Հարցին՝ ի՞նչ քայլեր է իրականացրել կամ պատրաստվում իրականացնել իրավապաշտպանն՝ ուղղված ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքների պաշտպանությանը, Լարա Ահարոնյանը պատասխանեց․ «Ատելության խոսքը միայն այս վերջին ամիսներին չի դրսևորվել, դրանք համարյա միշտ եղել են շատ վաղուց՝ հանրային կերպով: Հնարավոր է՝ այս վերջին ամիսներին մի քիչ ավելի է թեժացել, բայց խտրական հայտարարությունները միշտ եղել են:

Մենք տարբեր առիթներով բարձրաձայնել ենք տարբեր ատյաններում՝ թե՛ երկրի ներսում, թե՛ հատուկ զեկույցներում՝ ՄԱԿ-ի և այլն, տարբեր ֆորմատներում, որտեղ կարելի է, որտեղ ՀՀ-ն նաև պարտավորություններ ունի ստանձնած:

Այս շաբաթը կարևոր է, որովհետև նաև Հայաստանում է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը՝ միավորումների և հավաքների ազատության հարցով, և կարծում եմ՝ այս առիթը մենք կօգտագործենք: Հանդիպումներ են լինելու քաղաքացիական հասարակության հետ, տարբեր խմբերի հետ՝ ամսի 7-13-ը, և ամենահիմնական հարցը, որ մենք կբարձրացնենք՝ հոմոֆոբիայի դրսևորման մասին կլինի, ինչպես նաև այս վերջին դեպքերը ԼԳԲՏ ֆորումի հետ կապված, որ թույլ չտվեցին, որ տեղի ունենա:

Ինձ թվում է՝ դա կներառվի Հայաստանում իրավիճակի վերաբերյալ հատուկ զեկուցողի զեկույցի մեջ, ինչը, կարծում եմ, որոշ ձևով իր ազդեցությունը կունենա: Սա, իհարկե, բավարար չէ, մենք պետք է շարունակենք մտածել նաև ուրիշ ձևեր։ Շուտով ընտրություններն են, ընտրությունից հետո՝ նոր կառավարություն, և ինձ թվում է՝ մենք պետք է շարունակենք բարձրացնել այս խնդիրները թե՛ ԱԺ-ի առաջ, թե՛ կառավարության, թե՛ տարբեր նախարարություններում, որովհետև շատ բաներ կան, որ իրենք պարտավոր են անել, իրենց վրա պարտավորություն են վերցրել՝ թե՛ իրազեկելու հասարակությանը տարբեր ձևերով, թե՛ խտրականության դեմ պայքարելու՝ տարբեր խմբերի հետ կապված, տարբեր ոլորտներում, ինչի առնչությամբ մենք մինչև հիմա հստակ քայլեր չենք տեսել:

Հասարակությունն այսօր եթե այդպիսի հոմոֆոբ ծայրահեղ կոչեր է անում, դա գալիս է նաև նրանից, որ տարիների ընթացքում պետությունը պարտավորությունը չի վերցրել, որ իրազեկի հասարակությանը հավասարության մասին, մարդու իրավունքների պաշտպանության մասին, խտրականության դեմ պայքարի մասին: Կարծում եմ՝ շատ բաներ կան դեռ անելու, նաև մտածելով խտրականության դեմ օրենքի մասին, որի շուրջ աշխատել ենք և որը, սակայն, դեռ չի ընդունվել Հայաստանում»,֊ նշեց Լարա Ահարոնյանը։