Պետությունը պիտի հոգա, որ ԼԳԲՏԻ մարդիկ խնդիրների չհանդիպեն․ Ժաննա Ալեքսանյան

«Lավ կլիներ` ոստիկանապետ Վալերի Օսիպյանը մինչև վերջ բացեր միտքը, թե ի՞նչ նկատի ունի՝ ասելով, որ նպատակահարմար չի գտնում, որ Հայաստանում ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումն անցկացվի»,- LGBTnewsի հետ զրույցում, անդրադառնալով ֆորումի վերաբերյալ Վալերի Օսիպյանի հայտարարություններին, ասաց իրավապաշտպան, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ Ժաննա Ալեքսանյանը:

Ժաննա Ալեքսանյանը նշում է, որ ոստիկանապետ Օսիպյանը պետք է հիմնավորումներ ներկայացնի այն մասին, թե ինչու էր ավելի լավ և ճիշտ այդ հավաքը չանցկացնելը, քան անցկացնելը:

Իրավապաշտպանի խոսքով՝ նկատի ունենալով հայաստանյան հասարակության մոտեցումը ԼԳԲՏ անձանց և նրանց խնդիրներին՝ ենթադրվում էր, որ համաժողովը պետք է մեծ հետաքրքրություն առաջացներ, և որ հասարակությունը կարող էր նման կերպ արձագանքել դրան:

«Հասարակությունը ԼԳԲՏ անձանց առանձնացնում է, բայց պետությունն է, որ պիտի հոգա, որ նրանք խնդիրների չհանդիպեն»,- ասում է Ալեքսանյանը:

Իրավապաշտպանն անդրադարձավ նաև օրեր առաջ Ազգային ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարությանը՝ կապված ԼԳԲՏ անձանց և նրանց խնդիրներին:

Ըստ Ալեքսանյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը ԼԳԲՏ անձանց հարցում հստակ չէ, դա հարցականներով տեքստ էր: 

Հիշեցնենք, որ ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումի առնչությամբ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ ԼԳԲՏ ֆորումը Հայաստանում չի անցկացվելու, որովհետև այս պահին նպատակահարմար չէ, ինքը նպատակահարմար չի գտնում, որ անցկացվի:

«Մենք նաև բացատրական աշխատանքներ տարանք նրանց հետ, որ Հայաստանի տարածքում դա տեղի չունենա»,ասել էր ոստիկանապետը: Օսիպյանն իր ասելիքը հիմնավորել էր նաև միջոցառման հետ կապված հնարավոր ռիսկերով ու նաև անվտանգության ապահովման խնդրով:

«Նոր սերունդ» հասարակական կազմակերպությունը Օսիպյանի հայտարարությունից հետո հանդես էր եկել հայտարարությամբ ու նշել, որ հաշվի առնելով համացանցում հնչող սպառնալիքները, հետապնդումները, ինչպես նաև ոստիկանության կողմից ֆորումի անվտանգությունն ապահովելու լիարժեք պատրաստակամության բացակայությունը՝ չեղարկում է ֆորումը: