Պետք է հարգես դիմացինիդ իրավունքը, եթե անգամ չես ընդունում նրա ապրելակերպը. Արայիկ Ղազարյան

LGBTnews.am-ը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության երկրորդ վիճահարույց մրցույթում հաղթող ճանաչված անձանց՝ նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանի, փաստաբան Արայիկ Ղազարյանի և վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանի հետ հարցազրույցներ է նախաձեռնել՝ պարզելու համար վերջիններիս դիրքորոշումը Հայաստանում ԼԳԲՏ անձանց իրավունքների և դրանց պաշտպանության վերաբերյալ:

 

 

Նշենք, որ մրցույթի արդարության վերաբերյալ մտահոգություններ է հայտնել «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությունը: Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության առաջին մրցույթի թափանցիկությունն ու արդարությունը ևս կասկածի տակ էր առվել, ինչից հետո մրցույցում հաղթած երեք թեկնածուների ցուցակը Սերժ Սարգսյանի հաստատումից հետո ուղարկվել էր ԵԽԽՎ, որտեղ փորձագետների խորհրդատվական խումբը գտել էր, որ Հայաստանի թեկնածուների որակական չափանիշները չեն համապատասխանում ՄԻԵԴ դատավորի չափանիշներին:

 

Դրանից հետո Սերժ Սարգսյանը ուժը կորցրած էր ճանաչել առաջին մրցույթում հաղթած թեկնածուների ցուցակը, արդյունքում կազմակերպվել էր երկրորդ մրցույթը: Արմեն Հարությունյանն ու Արայիկ Ղազարյանը երկու մրցույթներում էլ հաղթող էին ճանաչվել, իսկ ահա առաջին մրցույթում հաղթող ճանաչված դատախազության աշխատակից Նելիկ Հարությունյանի փոխարեն երկրորդ մրցույթում հաղթել է վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը: 

 

LGBTnews.am-ն արդեն հրապարակել է Արմեն Հարությունյանի հետ հարցազրույցը, և այժմ ներկայացնում ենք մյուս թեկնածուի՝ Արայիկ Ղազարյանի հետ մեր հարցազրույցը ստորև: 

 

Արայիկ Ղազարյանը կարծում է, որ Հայաստանում ԼԳԲՏ անձանց խնդիրը որոշ շրջանակների կողմից շահարկվում է՝ քաղաքական դիվիդենտներ շահելու նպատակով:

 

«Կան շրջանակներ, որոնք դեմ են եվրոպական արժեքներին և ունեն ռուսական կողմնորոշում: Ահա այդպիսի անձանց անընդհատ պետք են որոշ թեմաներ, որպեսզի խնդիրը միշտ տաք պահեն: Այդ թեմաներից մեկն էլ հենց ԼԳԲՏ անձանց իրավունքների վերաբերյալ թեման է՝ ամենահարմար թեման, որպեսզի մեր երկրում եվրոպական արժեքները մերժվեն: Ըստ որում և՛ քաղաքական, և՛ լրատվական շրջանակներն այդ գործընթացին որոշակիորեն մասնակցում են՝ ԼԳԲՏ անձանց նկատմամբ անհանդուրժողականության ու թշնամանքի մթնոլորտ ստեղծելով»,- մեզ հետ զրույցում ասաց Ղազարյանը: Նա նշեց, որ, փաստորեն, ԼԳԲՏ անձանց նկատմամբ ատելության խոսքը լայնորեն աջակցություն է ստանում, իսկ այդ անձիք խիստ անբարենպաստ պայմաններում են գտնվում, հետապնդվում:

 

Ըստ փաստաբանի՝ քաղաքական դիվիդենտներ շահելու նպատակով ԼԳԲՏ անձանց թեման շահարկողները խնդիրը ոչ թե սոցիալական դաշտում են քննարկում, այլ այն ուռճացնելով՝ հասցնում են քաղաքական դաշտ:

 

«Իհարկե, խնդիրը որոշակի չափով ունի նաև քաղաքական էլեմենտ, բայց մեծամասամբ այն զուտ սոցիալական է. մենք գործ ունենք կարծրատիպերի, որոշակի մշակութային արժեքների ու ավանդույթների հետ: Ինչպես Եվրոպական դատարանն է մեկնաբանում, հարցը գտնվում է և՛ իրավական, և՛ սոցիալական, և՛ բարոյականության, և՛ առողջապահության դաշտում, սակայն այս չորսը դրվում է մի կողմ, և ատելության, անհանդուրժողականության խոսքի հիման վրա խնդիրը լայնացվում ու ներկայացվում է որպես «արտասահմանից մեր ազգային արժեքները քայքայելու նպատակով ներմուծված» էլեմենտ»,- նշեց Ղազարյանը՝ կարծիք հայտնելով, որ հենց խնդիրն աղավաղելու հետևանքով է, որ հասարակությունը դեռ չի կարողանում ճիշտ ըմբռնել այն, որ Սահմանադրության նախաբանում դրված քաղաքացիական համերաշխության սկզբունքը պետք է կյանքում կիրառվի: Այսինքն՝ դա նշանակում է, որ պետք է հարգես դիմացինիդ իրավունքը, եթե անգամ չես ընդունում նրա ապրելակերպը: 

 

«Իհարկե, կարող ես քննադատել, քո կարծիքն ասել, բայց ատելության խոսք ասել չես կարող»,- հիշեցրեց Ղազարյանը: 

 

Անդրադառնալով Հայաստանում ԼԳԲՏ անձանց ունեցած հիմնական խնդիրներին՝ Ղազարյանն առանձնացրեց դրանցից մի քանիսը:

 

«Լրջագույն խնդիր է, օրինակ, այն, որ դատարանները ԼԳԲՏ անձանց նկատմամբ ատելության խոսքը մեկնաբանում են որպես իրավաչափ խոսք»,- օրինակ բերեց փաստաբանը՝ նկատի ունենալով «Իրավունք» թերթում «Նրանք սպասարում են համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների սեև ցուցակ» հոդվածը, որում տեղ գտած արտահայտությունները դատարանները որակել են որպես գնահատողական դատողություններ:

 

«Ես վստահ եմ, որ դատարանները հոդվածում տեղ գտած արտահայտություններն այդպես մեկնաբանեցին, որովհետև գործի կոնտեքստում սեռական կողմնորոշումն էր դրված, իսկ եթե հայցը մեկ այլ խնդրի վերաբերեր, ապա այդ դեպքում գուցե դատարաններն այլ որոշում կայացնեին»,- ասաց Ղազարյանը:

 

Որպես մյուս լրջագույն խնդիր Ղազարյանը նշեց սեգրեգացիան:

 

«Մենք գործ ունենք սեգրեգեացիայի հետ: Օրինակ՝ բանակում նրանք կարող են իզոլացվել: Սակայն սրանում ոչ միայն բանակի ղեկավարությունն է մեղավոր, այլ նաև յուրաքանչյուր ծառայող, քանի որ նրանք հասարակության կարծրատիպերն իրենց հետ տանում են բանակ։: Նույն է նաև կալանավայրերում»,- ասաց Ղազարյանը:

 

Մեր դիտարկմանը, որ կարծրատիպեր ունեն նաև անձիք, որոնք պարտավոր են պաշտպանել ԼԳԲՏ անձանց իրավունքները, ինչպես, օրինակ, ԱԺ պատգամավորների մեծամասնությունը, Ղազարյանը հիշեցրեց, որ այդ նույն պատգամավորներն ընդունեցին «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքը, որում «գենդեր»-ի սահմանումը սկզբում մեծ աղմուկ էր հանել:

 

«Մենք, իհարկե, կարող ենք ասել, որ ԱԺ պատգամավորները չունեն անհրաժեշտ իրավական մտածելակերպ, որպեսզի գործուն միջոցներ ձեռնարկեն՝ իրավական պաշտպանություն իրականացնելու համար, բայց այդ նույն պատգամավորներն ընդունեցին նաև «գենդերային» օրենքը: Այսինքն՝ խնդիրն այնքան նրանց մեջ չէ, որքան՝ հասարակության»,- ասաց Ղազարյանը:

 

Փաստաբանը կարծիք հայտնեց, որ ԼԳԲՏ անձանց իրավունքների հարցերը կլուծվեն, եթե հասարակության մեջ կոտրվեն նրանց նկատմամբ ունեցած կարծրատիպերը:

 

«Իսկ այդ կարծրատիպերը կոտրելու համար առաջին հերթին պետք է իրազեկում իրականացվի: Պրոպագանդան, որն արվում է քաղաքական նպատակներով, չպետք է արվի, և մարդիկ պետք է հիշեն Սահմանդրության նախաբանում գրված քաղաքացիական համերաշխության մասին»,- խոսքը սահմանափակեց Արայիկ Ղազարյանը:

 

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության գործող Սահմանադրության նախաբանում ասվում է. «Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»: