Պետք է փոխել քաղաքական էլիտան, որ նոր էլիտան փոխի օրենսդրությունը. Զարուհի Հովհաննիսյան

LGBTnews.am-ը շարունակում է հարցազրույցների շարքը մարդու իրավունքների համար պայքարող ակտիվ քաղաքացիների հետ: Այս անգամ մեր զրուցակիցն է Զարուհի Հովհաննիսյանը: 

 

– Հայաստանում ի՞նչ վիճակում են գտնվում ԼԳԲՏ անձանց իրավունքներն ու ի՞նչ հիմանական խնդիրերի են նրանք բախվում:

 

– Ծանր է ԼԳԲՏ անձանց վիճակը, որովհետև Հայաստանում նրանց նկատմամբ բավական պահպանողական ու անհանդուրժողական մթնոլորտ է տիրում: Այդ ամենը ցցուն երևաց 2012 թվականին, երբ Ծոմակին պատկանող սրճարանի՝ մի խումբ երիտասարդների կողմից հրկիզման հետ կապված Հայաստանի տարբեր կուսակցությունների բարձր ներկայացուցիչները շատ լուրջ անհանդուրժողականություն դրսևորեցին՝ հպարտանալով այդ տղաների վարքագծով և համարելով, որ նույնասեռականները Հայաստանում ընդհանրապես պետք է չլինեն: Այսինքն՝ նրանք կարողացան այդ փաստն օգտագործել նաև քարոզչության համար: Մի խոսքով՝ սկսվեց անհանդուրժողականության դրսևորման մի ալիք, և լրատվամիջոցները նույնպես սկսեցին կտրուկ արտահայտվել և բարձրաձայն պարսավել նույնասեռական անձանց իրավունքների պաշտպանության համար քայլեր կատարող անձանց:

 

– Հետադեմ լինելու հանգամանքո՞վ է պայմանավորված նույնասեռականների նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքը:

 

– Այո՛, որովհետև ՀՀ Սահմանադրությունն ունի խտրականության դեմ 14-րդ հոդվածի 1-ին կետ, անձնական կյանքի իրավունքի վերաբերյալ 23-րդ հոդված, համաձայն որի որևէ մեկին չպիտի հետաքրքրի մարդկանց անձնական կյանքը: Փաստորեն, օրենքով ամրագրված է, որ մարդու անձնական կյանքով հասարակությունը հետաքրքրվելու իրավունք չունի: Անգամ լրատվամիջոցները չունեն առանց մարդու թույլտվության նրա անձնական կյանքի մասին տեղեկություններ տարածելու իրավունք: Իսկ հետադիմությունը միշտ դեմ է Սահմանադրությանը, այն չի պաշտպանում երկրի բարձրագույն օրենքը, ոտնահարում և արհամարհում է այն: 

 

– ԼԳԲՏ անձանց նկատմամբ բացասական վերաբերմունք ունեն նաև պետական գործիչներից շատերը, այսինքն՝ անձինք, որոնք ի պաշտոնե պարտավոր են պաշտպանել բոլոր քաղաքացիների իրավունքները:

 

– Այո՛, իհարկե, օրինակ այդ նույն ժամանակաշրջանում Արծվիկ Մինասյանը հայտարարում էր, թե հպարտանում է DIY-ը պայթեցրած այդ տղաներով, որոնք, փաստորեն, կարող են բռնություն կիրառել, միևնույն ժամանակ Էդուարդ Շարմազանովը նույնպես շատ կտրուկ տեսակետ հայտնեց, այսինքն՝ նույնասեռական անձանց և նրանց իրավունքների պաշտպանության համար պայքարողների դեմ ամեն ինչ արվում էր ամենաբարձր պետական մակարդակով: Այժմ ես հետևում եմ նաև ձեր հրապարակումներին: Դուք հարցազրույցներ եք անցկացնում պատգամավորների հետ՝ պարզելու համար նրանց վերաբերմունքը նույնասեռական անձանց նկատմամբ, և նրանք այս թեմայի վերաբերյալ զազրելի արտահայտություններ են անում. ընդհուպ, որ իրենք չեն գործուղվել Ազգային ժողով՝ նույնասեռականների իրավունքներով զբաղվելու համար: Դա ցուցանիշ է այն բանի, որ Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ տարրական գիտակցություն չկա:

 

Մարդու իրավունքները համալիր երևույթ է, և մենք չենք բաժանում կանանց, տղամարդկանց, նույնասեռականների իրավունքները, քանի որ այդպիսի բաժանումը խտրականության դրսևում կհամարվի: Չնայած մենք չունենք գենդերով պայմանավորված խտրականության դեմ օրենք, բայց, ամեն դեպքում, խտրակության դրսևորումները Սահմանդրությամբ արգելված են: Ստացվում է, որ մենք չունենք սահմանադրական գիտակցություն, չունենք հստակ պատկերացում, թե ինչ է մարդն ու թե ինչպես պետք է պաշտպանել նրա իրավունքները, և որպես այս ամենի հետևանք՝ խոցելի խմբերը հայտնվում են ամենավատ վիճակում:

 

– Ձեր կարծիքով՝ քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավոր կլինի՞ ԼԳԲՏ անձանց իրավունքների խնդիրը Հայաստանում լիարժեք լուծել:

 

– Պիտի գիտակցություն փոխվի, որովհետև օրենսդրական դաշտում բավական բան ամրագրված է, և այդ դրույթներին կարելի է հղում կատարել ու պաշտպանել ԼԳԲՏ անձանց իրավունքները: Այսօր մամուլում տեղ են գտնում ԼԳԲՏ անձանց վերաբերյալ աղաղկող հրապարակումներ, որից հետո այդ նույն լրատվամիջոցը ստանում է հատուկ մրցանակ, այդ լրատվամիջոցին խրախուսական ձոներ են ուղղվում: Դրան զուգահեռ՝ պատգամավորներն են հակաքարոզչությամբ զբաղվում ու ԼԳԲՏ անձանց նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտ տարածում, որն էլ, բնականաբար, հանրային գիտակցության վրա իր ազդեցությունն ունենում է:

 

– Դուք տեսնո՞ւմ եք հասարակության որոշակի հատվածի, որը կարող է փոխել ԼԳԲՏ անձանց նկատմամբ հասարակության մեծամասնության մեջ արմատավորված բացասական կարծիքն ու նրանց մեջ ևս հասունացնել այն գիտակցումը, որ պետք է հարգել ԼԳԲՏ անձանց ու նրանց իրավունքները, թե՞ հասարակության վրա ազդեցություն կարող են ունենալ միայն խտրականությունը, ատելության խոսքը, վատ վերաբերմունքն արգելող օրենքները:

 

– Ընդհանրապես օրենքները կարողանում են ազդել մարդկանց վրա այնքանով, որքանով դրանք նախատեսում են նաև պատիժ: Այսինքն՝ սկզբից մարդիկ օրենքով արգելված այս կամ այն արարքը չեն կատարում, որպեսզի պատասխանատվության չենթարկվեն, իսկ հետո այդ արարքը չանելը դառնում է կենսակերպ: Օրինակ՝ ընտանեկան բռնությունն արգելելու մասին օրենքը, ես վստահ եմ, նույնպես չեն ընդունում, որպեսզի վայրի մեթոդներով ապրող ընտանիքների կյանքին որևէ կերպ միջամտություն չլինի: Դարձյալ մտածողության խնդիրն է: Նույնն էլ գենդերով պայմանավորված խտրականության դեմ օրենքի ընդունման դեպքում է. եթե օրենքն ընդունվի, ապա այն, բնականաբար, կնախատեսի նաև պատիժ:

 

Այդ դեպքում բազմաթիվ լրատվամիջոցների դեմ դատական հայցեր չէին ներկայացվի, քանի որ օրենքը նրանց համար կդառնար զսպաշապիկ, հետո՝ կենսակերպ, իսկ օրենքի բացակայության պայմաններում այդ զսպաշապիկի դերը էլիտան է կատարում, սակայն ես կարող եմ բերել մի օրինակ, երբ Մարդու իրավունքների օրվան նվիրված երթի ժամանակ` դեկտեմբերի 10-ին, երբ այնտեղ կայքին բազմազանության տարրեր՝ ծիածանագույն դրոշ, ֆեմինիստական, անարխիստական դրոշներ, երթին մասնակցող անձանցից ոմանք եկան և շատ ագրեսիվ այդ հանրույթին դիմելով՝ ասացին. «Երբ Սերժիկից պրծնենք, անցնելու ենք ձեզ»: Այսինքն՝ ստացվում է, որ նրանք ցանկանում են ոչ թե մարդու իրավունքների վերաբերյալ գիտակցությունը փոխել, այլ՝ անձին: Սակայն պետք է նկատի ունենալ, որ դա մարդու իրավուքների միջազգային օրվան նվիրված երթ էր, այլ ոչ թե կուսակցական միջոցառում, և եթե մարդը գալիս է այդ երթին, ապա պիտի մարդու իրավունքների վերաբերյալ գիտակցություն ունենա: Ճիշտ է, նման վարքագիծ դրսևորողները երթի կազմակերպիչ Հայ Ազգային Կոնգրեսի պատգամավորներ չէին, բայց եթե իր համակիրն այդ գիտակցությամբ է գալիս այդ երթին, ուրեմն էլիտան լավ չի զբաղվել իր համակիրով, չի կարողացել բարձրացնել իր համակիրի իրավական գիտակցությունն այնքան, որ նա մարդու իրավունքների օրը բռնության կոչեր չանի:

 

– Եթե հաշվի ենք առնում թե՛ պատգամավորների վերաբերմունքը, թե՛ այն հանգամանքը, որ պատգամավորների նմանատիպ վարքագիծը խրախուսվում է պետական ամենաբարձր մակարդակով, թե՛ հասարակության վերաբերմունքը, դուք ինչպե՞ս եք պատկերացնում ԼԳԲՏ անձանց խնդիրների լուծումը: Ինչպե՞ս վարվել այն անձանց հետ, որոնք խնդիրներ են ստեղծում ԼԳԲՏ անձանց համար:

 

– Այդ ամենի լուծումը պետք է օրենսդրական դաշտում լինի, որովհետև եթե ասենք, որ իրավապաշտպանների և ակտիվստների որոշակի գործողությունների արդյունքում խնդիրները կլուծվեն, սխալ կլինի, որովհետև այդ գործողություններին դիմադրելու է հենց այսօր Հայաստանում եղած էլիտան, որովհետև այդ էլիտան ցանկանում է հասարակության մեծամասնությանը հաճոյանալ, իսկ մեծամասնության կարծիքը դեռ հեռու է մարդու իրավուքների պատկերացումից ու գիտակցումից: Նրանք մշտապես կառաջնորդվեն մեծամասնության ցանկությամբ, որպեսզի մշտապես մնան կամ նորից հայտնվեն իրենց զբաղեցրած տեղերում:

 

– Եթե հաշվի ենք առնում այն, որ ԱԺ մեծամասնությունը դարձյալ այդ նույն էլիտայի մասն է, խնդիրը, փաստորեն, առկա իրավիճակում լուծում չի՞ ստանա:

 

– Այո՛, փակ շղթա է ստացում, քանի որ օրենք գրողներն ու օրենքի համար քվերակողները դարձյալ իրենք են:

 

– Իսկ այդ դեպքում դուք ո՞ւմ եք տեսնում այդ խնդիրները լուծողի դերում:

 

-Ես կարծում եմ, որ երիտասարդությունը կարող է ինչ-որ կերպ դիմադրել, քանի որ նրանք նոր ժամանակի ծնունդ են, հաճախ՝ Եվրոպայում ուսանած, մարդու իրավունքների վերաբերյալ որոշակի գիտելիքներ ու պատկերացում ունեցող, վերջիվերջո անկախ Հայաստանում ապրած ու կրթված: Կարծում եմ՝ երիտասարդությունը շատ կտրուկ պետք է վերաբերվի նման երևույթներին, դատապարտի, ինչ-որ չափով էլ փորձի հասնել էլիտայի փոփոխությանը: Որովհետև ես չեմ պատկերացնում, թե ներկա քաղաքական վիճակում ում պետք է ումով փոխարինել, որպեսզի ԼԳԲՏ անձանց խնդիրները լուծվեն: Դուք բոլոր կուսակցությունների ներկայացուցիչներից հարցազրույցներ եք վերցնում, և բոլորի կարծիքը բավական նման է միմյանց: Այնպես չէ, որ մեկը հանդուրժող է և մարդու իրավուքների մասին մտածող, իսկ մյուսը՝ ոչ: Ես կարծում եմ, որ պետք է էլիտան փոխվի, և նրանց փոխարեն գան մարդիկ, որոնք մարդու իրավունքների, բռնության անթույլատրելիության մասին կունենան բոլորովին այլ պատկերացնումներ:

 

– Եվ դուք կարծում եք, որ ձեր նշած հատկանիշներն ու գիտելիքներն ունեցող երիտասարդությունը կկարողանա՞ փոխել էլիտան:

 

– Եթե երիտասարդությունը փոքր-ինչ քիչ ծույլ լինի, համագործակցի և միևնույն ժամանակ տուրք չտա այլ երկրներ արտագաղթելու իր ցանկությանը, ապա կկարողանա: