Ջորջ Մայքլը՝ տասնամյակներ շարունակ ԼԳԲՏԻ անձանց ոգեշնչող կերպար

Երեկ՝ դեկտեմբերի 25-ին, Օքսֆորդշիրում (Անգլիա) գտնվող իր առանձնատանը մահացել է փոփ երաժշտության լեգենդ Ջորջ Մայքլը: Ինչպես Hollywood Reporter-ին հայտնել է երգչի ներկայացուցիչը, մահվան պատճառը սրտային անբավարարությունն է եղել: Երգչի մահվան լուրը հաստատել է տեղի ոստիկանությունը՝ նշելով, որ ոստիկանները դեպքի վայրում որևէ կասկածելի հանգամանք չեն նկատել: Երգիչը վերջին տարիներին լուրջ առողջական խնդիրներ ուներ. 2011-ին նա հոսպիտացավել էր թոքաբորբով, ինչի պատճառով հետաձգել էր իր համերգային շրջագայությունը: 2013-ին երգիչը ավտովթարի էր ենթարկվել: Ջորջ Մայքլը 53 տարեկան էր:

Երգիչը ծնվել է 1963-ին Լոնդոնում, հույն ներգաղթյալի ու անգլիացու ընտանիքում: Երաժշտական հաջողության երգիչն առաջին անգամ հասել է Wham! փոփ դուետի կազմում: Խումբը լուրջ կոմերցիոն հաջողություններ է ունեցել ողջ աշխարհում: Խմբի հայտնի հիթերից են “Wake Me Up Before You Go-Go” и “Last Christmas”-ը: 1986-ին, սակայն, խումբը բաժանվում է, և Ջորջ Մայքլը սոլո կարիերա է սկսում, որում ավելի մեծ հաջողություններ է ունենում: Իր երաժշտական կարիերայի ընթացքում երգիչը 100 միլիոն ալբոմ է վաճառել, որը նրան աշխարհի ամենահաջողակ փոփ-երգիչներից է դարձրել: Երգիչը երկու «Գրեմմի» մրցանակ է ստացել:

Ջորջ Մայքլը ԼԳԲՏ անձանց տասնամյակներ շարունակ ոգեշնչող կերպարներից է եղել: 1990-ականների սերնդի համար նա առաջիններից էր այն հանրային անձանցից, ովքեր չէին թաքցնում իրենց սեռական կողմնորոշումը:

Սակայն երգիչը ոչ միշտ էր բաց իր սեռական կողմնորոշման հարցում, հատկապես իր կարիերայի սկզբնական շրջանում, երբ իր երաժշտական հաջողությունները նաև պայմանավորված էին կին երկրպագուների զգալի թվով: Ամեն ինչ փոխվեց 1998-ին Լոս Անջելեսում նրա աղմկահարույց ձերբակալությունից հետո. երգիչը ձերբակալվում է հանրային զուգարաններից մեկում «անբարո վարքի» համար: Դեպքից հետո 34-ամյա երգիչը CNN-ի եթերում անկեղծանում է իր սեռական կողմնորոշման մասին: Հարցազրույցում նա պատմում է, որ առաջին նույնասեռական հարաբերությունն ունեցել է 27 տարեկանում:

Քամինգ աութը լուրջ վնաս է հասցնում Մայքլի կարիերային, երկրպագուների զգալի զանգված երես է թեքում երգչից, ինչի հետևանքով երգիչը երկարատև ընկճախտ է ունենում ու ստեղծագործական ճգնաժամի մեջ հայտնվում: Այդ տարիներին Միացյալ Նահանգները դեռևս անգամ չէին ապաքրեականացրել նույնասեռ հարաբերությունները: 

Երգիչն իր հարցազրույցներից մեկում անկեղծացել է, որ իր՝ ավելի վաղ քամինգ աութ չանելու պատճառներից էր նաև իր մայրը:

«Կարծում էի, որ մորս համար ամեն օրը մղձավանջ կլիներ՝ մտածելիս, թե ինչ է ինձ հետ կատարվում»,- նշել է երգիչը:

Ջորջ Մայքլը հարաբերություններ է ունեցել նաև կանանց հետ և որոշ ժամանակ կարծել է, որ ինքը բիսեքսուալ է:

«Ես կարծում էի, թե նախկինում մի քանի անգամ սիրահարվել եմ կանանց: Հետո ես սիրահարվեցի տղամարդու ու հասկացա, որ նախկինում երբեք չեմ սիրել»,- իր հարցազրույցներից մեկում պատմել է նա:

Ջորջ Մայքլը բազմաթիվ երկարատև հարաբերություններ է ունեցել տարբեր տղամարդկանց հետ, սակայն երբեք ամուսնացած չի եղել: 1990-ականների սկզբներին նա հանդիպում էր դիզայներ Անսելմո Ֆելապայի հետ: Մի քանի տարի անց Ֆելապան մահանում է ՁԻԱՀ-ից: Նրան է նվիրված երգչի հայտնի “Jesus to a Child” սինգլը: 

1996-ին երգիչը սկսում է հանդիպել Քեննի Գոսի հետ: 2005-ին նրանք որոշում են կնքել իրենց հարաբերությունները «քաղաքացիական միությամբ», սակայն հետաձգում են արարողությունը հանրային աղմուկի պատճառով: 2011-ին զույգը բաժանվում է: Վերջերս երգիչը հանդիպում էր լիբանանցի հայտնի ոճաբան, մոդել Ֆադի Ֆավազի հետ:

Ջորջ Մայքլը նաև ակտիվ հասարակական գործունեություն է ծավալել՝ միանալով բամաթիվ ձախական նախաձեռնությունների, նկարահանվել ՄԻԱՎ-ի մասին պատմող դոկումենտալ ֆիլմում: Նա նաև ՄԻԱՎ-ի խնդիրներով զբաղվող “Terrence Higgins Trust” բարեգործական հիմնադրամի ակտիվ աջակիցներից էր: