«Ռոսկոմնադզոր»֊ն արգելված կայքերի ցանկում է ներառել Gay.ru և Lesbi.ru կայքերը

Ռուսաստանի Տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտը վերահսկող «Ռոսկոմնադզոր»-ը Gay.ru և Lesbi.ru կայքերը ՌԴ-ում արգելված՝ «ոչ ավանդական սեռական հարաբերությունների» մասին տեղեկատվություն տարածող ռեսուրսների ցանկին է դասել, գրում է Newsru.com-ը: Այդ մասին ծանուցումը վերահսկող մարմինը Gay.ru-ի խմբագրություն է ուղարկել մարտի 29-ին: Հաջորդ օրը կայքի գլխավոր խմբագիր Էդուարդ Միշինը նշել է, որ պատրաստվում է բողոքարկել այս որոշումը:

Ինտերնետային կայքի խմբագրությունից մանրամասնել են, որ «Ռոսկոմնադզոր»-ը կայքում տեղադրվող տեղեկատվությունը «Արգելված կայքերի միասնական ցանկ» է մտցրել Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ Խակասիայի Հանրապետության Ալթայի շրջանային Բելիյ Յար գյուղի դատարանի որոշման հիման վրա:

Գործի հայցվորն է եղել Ալթայի շրջանի դատախազը, ինչպես նաև «Ռոսկոմնադզոր»֊ի Ենիսեյան գործակալությունը: Դատավոր Օլգա Կվասովայի վճիռն ուժի մեջ է մտել 2017-ի դեկտեմբերի 22-ին:

Gay.ru ինտերնետային պորտալի գործունեությունը կասեցնելու վերաբերյալ որոշման հիմք է դարձել «ոչ ավանդական սեռական հարաբերություններ քարոզող տեղեկատվության տարածումը, ինչը ՌԴ տարածքում արգելված է»: Մարտի 29-ին կայքը «Ռոսկոմնադզոր»-ից «ստանդարտ նամակ» է ստացել, որում նշվում է «Ռուսաստանի տարածքում տարածման համար արգելված տեղեկատվության անհապաղ ջնջման» անհրաժեշտության մասին:

Վերահսկող գերատեսչության ծանուցման համաձայն՝ Gay.ru պորտալում տեղադրված է «անչափահասների շրջանում տարածման համար նախատեսված» տեղեկատվություն, որը կարող է նրանց մոտ «ոչ ավանդական սեռական հարաբերությունների նկատմամբ հետաքրքրություն, ինչպես նաև ավանդական և ոչ ավանդական սեռական հարաբերությունների սոցիալական համարժեքության մասին խեղաթյուրված պատկերացումներ» առաջացնել:   

Վերահսկող ծառայության ծանուցման մեջ ասվում է նաև, որ Gay.ru կայքի նյութերը կարող են անչափահասների մոտ «ոչ ավանդական սեռական հարաբերություններով զբաղվելու ցանկություն առաջացնել, ինչը նրանց առողջության համար լուրջ վտանգ է»:

Ռուսական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում Gay.ru-ի գլխավոր խմբագիր Էդուարդ Միշինն ընդգծել է, որ Ռուսաստանում չկա օրենք, որով «նույնասեռ հարաբերությունների մասին տեղեկատվության տարածումը համարվում է արգելված»: Նրա խոսքով՝ Gay.ru-ի խմբագրությունն արդեն «բողոքներ ու բողոքարկումներ» է պատրաստում:

«Դատարան է կանչվել «Ռոսկոմնադզոր»-ի ներկայացուցիչը, որն ասել է, որ Gay.ru կայքում կա տեղեկատվություն, որը հասկանելի է նաև երեխաներին: Եթե մենք այն չհեռացնենք, կայքը երեսուն օրվա ընթացքում կարգելափակվի: «Ռոսկոմնադզոր»-ը չի նշել, թե կոնկրետ ո՛ր տեղեկատվությունն է պետք հեռացնել: Ո՛չ ես, ո՛չ խմբագրությունից որևէ մեկն այս գործով պատասխանող չէ»,- հավելել է կայքի գլխավոր խմբագիրը: 

Հատկանշական է, որ այս պահին ինտերնետ կայք մուտք գործելու դեպքում տեղեկատվական վահանակ է հայտնվում այն մասին, որ «կայքը պարունակում է տեղեկություններ, որոնց խորհուրդ չի տրվում ծանոթանալ անչափահասներին»․ միայն չափահասությունը հաստատելուց հետո է հնարավոր մուտք գործել կայք։

Gay.ru ինտերնետային կայքը գործում է 1997-ից ու ԼԳԲՏ միջազգային ասոցացիայի անդամ է: Similarweb վիճակագրական ծառայության տվյալներով՝ ամեն ամիս կայք է այցելում 1.5 մլն մարդ, որից 2/3 -ը՝ ռուսական IP հասցեներից: