Ռուսաստանն առարկել է Բան Կի Մունին ուղղված շնորհակալական խոսքում ԼԳԲՏ իրավունքների հիշատակման առնչությամբ

Ռուսաստանը կանխել է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի կողմից գլխավոր քարտուղար Բան Կի Մունին շնորհակալության հայտնումը տասը տարի շարունակ իր պաշտոնում նույնասեռականների իրավունքները ջատագովելու կապակցությամբ: Այդ մասին գրում է Guardian-ը` հղում անելով անանուն դիվանագետի:

Հինգ մշտական և տասը ոչ մշտական անդամ-պետություն ունեցող Անվտանգության խորհուրդն այդպիսով ցանկացել է հարգանքի տուրք մատուցել Բան Կի Մունին, ով տասը տարի շարունակ կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնելուց հետո այս ամսվա դեկտեմբերին կավարտի իր առաքելությունը ՄԱԿ-ում:

Միացյալ Նահանգները և Խորհրդի անդամ մյուս պետությունները ցանկացել են գլխավոր քարտուղարին ուղղված շնորհակալագիրը ձևակերպել հետևյալ կերպ. «Շնորհակալ ենք, հարգարժա՛ն գլխավոր քարտուղար, որ կանայք, երիտասարդները և ԼԳԲՏ համայնքի անդամները լսվել և օգնություն են ստացել, և որ այսօր նրանց ձայներն էլ ավելի բարձր և ուժգին են հնչում ՄԱԿ-ում և ողջ աշխարհում: 

Ռուսաստանն առարկել է տեքստի այսպիսի բովանդակության կապակցությամբ, և արդյունքում ընդունվել է մեկ այլ տեքստ, որում Անվտանգության խորհուրդը Բան Կի Մունին շնորհակալություն է հայտնում «առավել խոցելի կամ մարգինալ խմբերի ձայները ՄԱԿ-ի միջոցով ավելի լսելի դարձնելու» կապակցությամբ: 

Իր պաշտոնավարման տարիներին Բան Կի Մունը բազմաթիվ անգամ անդրադարձել է ԼԳԲՏ անձանց իրավունքների հարցերին՝ մշտապես շեշտելով, որ ԼԳԲՏ անձանց իրավունքները մարդու իրավունք են: Այդ դիրքորոշմանը մշտապես ընդդիմանում են աֆրիկյան, արաբական և մուսուլմանական պետություններն, ինչպես նաև Ռուսաստանն ու Չինաստանը: 

2014-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել էր, որ կազմակերպությունը ճանաչում է իր աշխատակիցների բոլոր նույնասեռ միությունները: Ռուսաստանը նախորդ տարի 43 պետությունների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի, Չինաստանի, Իրանի, Հնդկաստանի, Եգիպտոսի, Պակիստանի  ու Սիրիայի աջակցությամբ, փորձեց տապալել Բան Կի Մունի այս նախաձեռնությունը, սակայն ձախողեց: 

2014-ին Բան Կի Մունը ներկա է գտնվում ՄԱԿ-ի Վիենայի գրասենյակում «Եվրատեսիլ-2014»-ի հաղթող Կոնչիտա Վյուրսթի ելույթի ժամանակ և իր ելույթում նշում է, որ վաղուց էր ցանկանում ծանոթանալ Կոնչիտայի հետ և որ բարձր է գնահատում վերջինիս պայքարն ընդդեմ խտրականության: 

Իսկ 2015-ին Բան Կի Մունն անձամբ է գլխավորում  ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության արշավի ղեկավարումը՝ կապված Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա հետ: 

«Ես հարգում եմ մշակույթները, ավանդույթներն ու կրոնները, բայց դրանք չեն կարող արդարացնել հիմնարար իրավունքների մերժումը: Ես ԼԳԲՏ անձանց և նրանց ընտանիքների անդամներին ասում եմ՝ ես ձեզ հետ եմ: Ես խոստանում եմ, որ իբրև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար` մշտապես դիմադրելու եմ ձեր դեմ հարվածներին և նպաստելու եմ ձեր նկատմամբ նորմալ վերաբերմունքի ձևավորմանը»,- արշավի ընթացքում հայտարարել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: 

Հիշեցնենք, որ Բան Կի Մունը երկու անգամ ընտրվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար, և այս տարի հոկտեմբերին տեղի է ունեցել նոր՝ թվով 9-րդ գլխավոր քարտուղարի ընտրությունը. պորտուգալացի Անտոնիու Գուտերեշը պաշտոնը կզբաղեցնի 2017-ի հունվարի 1-ից: