Ռուստամյանը համարում է, որ «բնականը երկու սեռն է» և դեմ է «վեց սեռին»

«Հայաստանում նույնասեռական անձանց իրավունքների հետ կապված խնդիր չկա, նրանց իրավունքներն ավելի քան պաշտպանված են»,- ի պատասխան LGBTnews.am-ի այն հարցին, թե ինչպե՞ս է Ազգային ժողովի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը գնահատում Հայաստանում ԼԳԲՏ անձանց իրավունքների վիճակն, ասաց պատգամավորը:

 

Մեր հարցին՝ թե ինչպե՞ս է Ռուստամյանը եկել նման եզրահանգման այն դեպքում, երբ, օրինակ, ի տարբերություն ՀՀ մյուս քաղաքացիների՝ ԼԳԲՏ անձինք չունեն ամուսնության և դրանից բխող մի շարք այլ իրավունքներ, ինչպիսին են, ասենք, ամուսնուց ժառանգություն ստանալու իրավունքը, կամ երբ ՀՀ Սահմանդրությամբ ամրագրված մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների գերակշիռ մասից ԼԳԲՏ անձինք չեն կարողանում օգտվել, Ռուստամյանը կտրուկ պատասխանեց, որ նույնասեռական անձանց ամուսնությունը հայկական մենթալիտետի մեջ տեղավորվել չի կարող:

 

«Ո՞նց… Նույնասեռական անձանց ամուսնությունը հայկական մենթալիտետի մեջ չի տեղավորվում, ի՞նչ է նշանակում՝ ամուսնության իրավունք: Ես չեմ պատկերացնում մի ընտանիք, որը պտուղ չի տալիս: Ընտանիքն այն բջիջն է, որը պետք է պտուղ տա, իսկ եթե պտուղ չի տալիս, չի վերարտադրվում, ապա դա ընտանիք չէ»,- ասաց Ռուստամյանը:

 

Հարցին՝ Ռուսատամյանի խոսքից կարելի՞ է եզրակացնել, որ ինքը, որպես պատգամավոր, Հայաստանում նույնասեռական անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլեր չի պատրաստվում կատարել, պատգամավորը պատասխանեց.

 

«Դա իմ համոզմունքն է, իմ գաղափարն է, իմ բարոյական արժեքներն են, իմ ազատությունն է. որևէ մեկը չի կարող բռնանալ իմ ազատության վրա, այնպես, ինչպես ես չեմ բռնանում նրանց ազատության վրա»:

 

Ռուստամյանի խոսքով՝ Ազգային ժողովի պատգամավոր լինելու հանգամանքն իրեն չի կաշկանդում այս կամ այն հարցում ունենալ և արտահայտել իր դիրքորոշումը:

 

«Եթե ես Ազգային ժողովի պատգամավոր եմ, դա դեռ չի նշանակում, որ պետք է փոխեմ իմ մոտեցումները: Ես Ազգային ժողովի պատգամավոր եմ դարձել՝ իմ գաղափարները ժողովրդին ներկայացնելով, և մարդիկ հենց իմ գաղափարների համար են ինձ ընտրել»,- ասաց Ռուստամյանը:

 

Մեր հարցին՝ Ռուստամյանը մտավախություն չունի՞, որ կկորցնի իր ընտրողների մի մասին՝ նույնասեռականների և նրանց աջակիցների վերաբերյալ ակնհայտորեն բացասական վերաբերմունք դրսևորելու համար, Ռուստամյանը պատասխանեց.

 

«Ամենևին. ես կկորցնեմ իմ ընտրողներին, եթե ձեր ասածն ասեմ»:

 

Մե մյուս հարցին, թե, ըստ Ռուստամյանի, ՀՀ իշխանությունները սխա՞լ են վարվել, որ միացել են միջազգային մի շարք փաստաթղթերի և պարտավորություն ստանձնել պաշտպանել Հայաստանում նույնասեռական անձանց իրավունքները, Ռուստամյանը պատասխանեց, որ Հայաստանն իր ստորագրած փաստաթղթերի առումով ոչ մի խախտում չի կատարել:

 

Մեր դիտարկմանը, որ անկախությունից ի վեր ՀՀ իշխանությունները նույնասեռական անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված ոչ մի շոշափելի քայլ չեն կատարել, պատգամավորը պատասխանեց.

 

«Ի՞նչ պիտի աներ, ԼԳԲՏ անձանց դներ գլխին, մա՞ն տար»:

 

Մեր հարցին՝ Ռուստամյանը բոլոր խոցելի խմբերի՞, թե՞ միայն ԼԳԲՏ անձանց նկատմամբ նման վերաբերմունք ունի, պատգամավորը պատասխանեց, որ այլ խոցելի խմբերի և նույնասեռական անձանց միջև շատ զգալի տարբերություններ կան:

 

«Ես համարում եմ, որ բնականը երկու սեռն է, ոչ թե 6 սեռը, ես դեմ եմ վեց սեռին»,- ասաց պատգամավորը: