Ռուս արվեստագետը «կախել է» իրեն Լոնդոնի շենքից՝ ի աջակցություն Չեչնիայի ԼԳԲՏԻ համայնքի

Իր պրովոկացիոն ու էքստրեմալ պերֆորմանսներով հայտնի ռուս արվեստագետ, պերֆորմանս արտիստ Ֆյոդոր Պավլով Անդրեևիչն իր հերթական էքստրեմալ պորֆորմանսով հասցեագրել է Չեչնիայում իշխանությունների կողմից ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ շարունակվող բռնաճնշումները:

Իր՝ «Ժամանակավոր հուշարձան 0» (Temporary Monument 0) անունը կրող պերֆորմանսի ընթացքում արվեստագետը՝ կովկասյան ավանդական գորգի մեջ փաթաթված, հինգ ժամ շարունակ կախված է եղել Լոնդոնում գտնվող «Գազելի Արտ հաուզ» (Gazelli Art House) թանգարանի վերևի հարկի պատուհանից:

Փետրվարի 15-ի երեկոյան հինգժամյա պերֆորմանսի ընթացքում Անդրեևիչը գրավել է բազմաթիվ լոնդոնաբնակների ուշադրությունը ու երթևեկության կանգնեցման պատճառ դարձել:

Հիշեցնենք, որ Չեչնիայում անցած տարվա մարտից նույնասեռականների զանգվածային հետապնդումներ ու սպանություններ են սկսվել: Չնայած միջազգային հանրության քննադատությանը՝ բռնանշումները ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ Չեչնիայում շարունակվում են:

Անդրեևիչի պերֆորմանսներից են անցած տարվա մայիսին Նյու Յորքում Met Gala-ի ժամանակ մերկ՝ թափանցիկ ապակե տուփի մեջ որպես «Վիժվածք» (պերֆորմանսի անվանումը) պառկելը, ինչպես նաև 2009-ին Մանչեսթերի Whitworth Art Gallery-ում նա մասնակցել է Մարինա Աբրամովիչի պորֆորմանս-փառատոնին, որտեղ այցելուների համար ցուցադրել էր իր բերանը՝ կերակրելու համար:

Նրա վերջին պերֆորմանսները՝ խորագրված՝ «Ժամանակավոր հուշարձաններ» (Temporary Monuments) Անդրեևիչի մարմնի օգնությամբ փորձում են հասցեագրել ժամանակակից ստրկության թեման: