Սաֆո. լեսբիական սիրո «հիմնադիրը»

Լեսբիական սերը գովերգող բանաստեղծուհի, Հին հունական գրականության խոշորոգույն դեմքերից մեկը՝ Սաֆոն (Սապփո) ծնվել է Էգեյան ծովում գտնվող Լեսբոս կղզում, մեր թվարկությունից առաջ 7-րդ դարում:

 

Ցավոք, շատ քիչ տեղեկություն է հայտնի այս կնոջ մասին, ում անունը, ինչպես նաև նրա կղզու անունը դարձել են կանանց միջև սիրո խորհրդանիշեր:

 

Հայտնի է, որ նա դաստիարակվել է արիստոկրատական ընտանիքում։ Հայրը պատկանում էր Միտիլինեի հարուստ քաղաքացիների թվին։ Նա ամուսնացել է Սերկոլաս անունով մի վաճառականի հետ, հղիացել և ծննդաբերել Կլեիս անունով աղջկան: Հայտնի է նաև, որ նա մասնակցել է բռնապետներից մեկի դեմ ըմբոստությանը, ինչի պատճառով աքսորվել է Սիցիլիա կղզի, որտեղ որոշ ժամանակ ապրել է: Ամենայն հավանականությամբ, նա իր կյանքի մեծ մասն անցկացրել է Լեսբոս կղզում:

 

Ինչպես հայտնի է, մթա 6-րդ դարում Լեսբոս կզղում աստիճանավոր կանայք ոչ ֆորմալ խմբակներ էին կազմում, որտեղ բանաստեղծում էին և պոետիկ ստեղծագործություններ ասմունքում: Սաֆոն նման բոհեմական խմբակներից մեկի առաջնորդներից և շատ կանանց կուռքն է եղել. ոմանք նույնիկ հեռավոր երկրներից գալիս էին Սաֆոյի ասմունքը լսելու:

 

Սաֆոն բանաստեղծել է էոլիական բարբառով՝ օգտագործելով տարբեր բանաստեղծական ռիթմեր, որոնցից մեկը՝ սաֆիականը, ստացել է նրա անունը:

 

Սաֆոյի լիրիկան պարզ ու կրքոտ է, այն ավելի շատ մոտ է ժողովրդական էպոսին, քան գրականությանը:

 

Նրա թեմաներն են սերն ու ատելությունը, կանացի գեղեցկությունը, կանանց միջև քնքուշ շփումները: Նրա ամենասիրելի ընկերուհիների անունները՝ Ատտիս, Անակտորյա, Հոնգիլյա, Մնասադիկա, շարունակում են ապրել դարերի մեջ: 

 

Չնայած Սաֆոյի պոեմներից որևէ մեկն ամբողջությամբ չի պահպանվել մինչև մեր օրերը, մենք կարող ենք ծանոթանալ դրանց՝ մեզ հասած հատվածներին:

 

Սաֆոն մեծ համբավ է վայելել անտիկ աշխարհի պոետների շրջանում: Ահա թե ինչպես է նրա մասին արտահայտվել Պլատոնը. «Միայն ինը մուսաներ թվելով՝ մենք վիրավորում ենք Սաֆոյին: Նրա մեջ պետք է տեսնել տասներորդ մուսային…»: Նրա բանաստեղծություններն ազդեցություն են ունեցել նաև Հին Հռոմի պոետների վրա:

 

                                          safo_g

 

Չնայած Սաֆոյի՝ մեզ հասած պոեմներում չկան փաստացի ապացույցներ նրա՝ լեսբուհի լինելու մասին, անտիկ պոետները, որոնք կարող էին ավելի ամբողջական պատկերացում ունենալ նրա ստեղծագործությունների ու կյանքի մասին, այնպես են նկարագրում նրա կերպարը, որը, ժամանակակից պատկերացումներով, կարելի է վստահորեն լեսբիական անվանել:

 

Տիրից Մաքսիմն, օրինակ, Սաֆոյի հարաբերությունները կանանց հետ համեմամատել է Սոկրատի՝  իր աշակերտների հետ ունեցած հոմոսեքսուալ հարաբերությունների հետ: Սաֆոյի անունը և նրա գործունեությունը հարյուրամյակների ընթացքում երբևէ չի խամրել: Նա հոմոֆոբների համար իսկական անեծք է եղել: Նրա մահից ընդամենը մեկ սերունդ հետո հույն պոետ Անաքերոնը գրել է, որ Լեսբոս կղզուց չարություն է տարածվում, որ պետք է այնտեղից «դուրս մղել կանանց միջև ոչ նորմալ ինտիմ հարաբերությունները»:

 

                                                           Safo y Erina en un jardín en Mitilene. Simeon Solomon

 

18-րդ դարի պատմությունից մեզ հայտնի է, որ Ֆրանսիայի թագուհի Մարի Անտուանետը մեղադրվում էր այն բանում, որ «գլխավորում էր բարոյալքվածների մի աղանդ, որի անդամներն իենց սաֆոյական էին անվանում և հպարտանում, որ նմանակում են նրան»:

 

19-րդ դարի ամենահայտնի միստիֆիկացիաներից մեկը Պյեր Լուիի «Բիլիտիի երգերը» գիրքն էր, որն իրենց ներկայացնում էր լեսբիական սիրո մասին էրոտիկ պոեմների հավաքածու: Գիրքը որոշ ժամանակ համարվում էր Սաֆոյի ստեղծագործությունների թարգմանությունը: Այս ստեղծագործությունը մեծ տարածում ուներ այն կանանց սերնդի մոտ, որոնք նոր-նոր իրենց սկսել էին ընկալել որպես լեսբուհիներ:

 

Ֆրանսերենով ստեղծագործող բրիտանացի բանաստեղծուհի Ռենե Վիվիենն իր սիրուհու հետ մեկնել էր Լեսբոս կղզի՝ ցանկանալով այնտեղ պոեզիայի դպրոց հիմնել՝ խարսխված Սաֆոյի ավանդույթների վրա: 

 

1950-ականների ամերիկացի լեսբուհիներն իրենց կազմակերպությունն անվանել էին «Բիլիթիի դուստրեր»:

 

Իսկ 1972-ին լույս է տեսել Դիդնի Էբոտի և Բերնիս Լավի հեղինակած «Սաֆոն իսկական կին է եղել» գիրքը, որը համարվում է լեսբուհիների իրավունքերի պաշտպանության շարժման անդրանիկ գիրքը:

 

 

Այսպիսով, կարելի է պնդել, որ Սաֆոն կանգնած է լեսբիական սիրո պատմության հիմքերում: