Սա ուղղակի խայտառակ վիճակ է, խախտվում է հավաքների անցկացման իրավունքը․ Էդգար Խաչատրյան

Նորմալ չէ, որ Հայաստանում խախտվում է հավաքների անցկացման իրավունքը, LGBTnews-ի հետ զրույցում ասաց «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության նախագահ Էդգար Խաչատրյանը՝ անդրադառնալով ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումի վերաբերյալ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հայտարարությանն ու ֆորումի չեղարկմանը։ 

«Հարցը միայն ոստիկանապետի հայտարարությունն էլ չէ։ Ես չգիտեմ՝ ինքը դա ինքնակա՞մ է որոշել, թե՞ ոչ։ Նա, ամեն դեպքում, քաղաքացիների սահմանադրական իրավունքն է խախտել։ Ես չգիտեմ՝ ինքը հրամա՞ն է կատարել, թե՞ ոչ, բայց տեսնում ենք, որ պետական մակարդակով այդ քաղաքացիներին հնարավորություն չի տրվել իրենց ֆորումն անցկացնել:

Ինչ վերաբերում է փաստարկին, որ ասում են, թե հավաքների անցկացման իրավունքը բացարձակ իրավունք չէ և կարող է որոշ դեպքերում խոչընդոտվել, նշեմ, որ պետությունն այդ դեպքում պետք է հիմնավորի, որ այդ հավաքի անցկացումը կարող է վտանգել, ենթադրենք, երկրի անվտանգությունը կամ այդ խոչընդոտումը կնպաստի երկրում ժողովրդավարության զարգացմանը․ եթե այդ հիմնավորումը չկա, ոչ մի արգելք չի կարող կիրառվել, դա շատ կարևոր է նշել»,֊ նշեց Էդգար Խաչատրյանը։

Հարցին, թե վերջին ամիսներին նկատվող հոմոֆոբիայի ու ատելության խոսքի հրապարակային դրսևորումների կտրուկ աճի առնչությամբ ինչ քայլեր է իրականացրել, իրավապաշտպանը պատասխանեց․ «Ճիշտն ասած, որ անկեղծ ասեմ՝ մեր ձեռքերն ուղղակի չի հասել այդտեղ, ուրիշ հարցերով ենք զբաղվում, բայց սա ուղղակի խայտառակ վիճակ է, պետությունը պետք է քայլեր ձեռնարկի, որ կանխի նման բաները։ Ցանկացած, եթե անգամ ինտերնետային հարձակում, սոցիալական հարձակում է լինում, այդ բոլոր գործերը․․․ Ատելության խոսք տարածողները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Ցավոք սրտի մենք դեռ այդ ուղղությամբ ոչինչ չենք արել: Հայտարարություններ կարող է պատրաստենք, բայց կոնկրետ գործերի վերաբերյալ․․․ Չգիտեմ, չեն դիմել մեզ քաղաքացիները, որ մենք կարողանանք իրավական աջակցություն ցուցաբերել կամ այդ գործերով զբաղվենք, մենք էլ, ինքներս մեր նախաձեռնությամբ, ցավոք սրտի, ոչինչ դեռ չենք արել»: 

Հիշեցնենք, որ «Նոր սերունդ» հասարակական կազմակերպությունն այսօր չեղարկել է նոյեմբերին Հայաստանում ծրագրված ԼԳԲՏԻ քրիստոնյաների ֆորումն այն բանից հետո, ինչ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարել էր, որ Հայաստանում այդ միջոցառումը չի անցկացվելու, քանի որ կարծում է, թե նպատակահարմար չէ։ 

«Ո՛չ, չի լինելու, որովհետև կարծում եմ, որ այս պահին նպատակահարմար չէ, ինքս չեմ գտնում, որ անցկացվի՝ նաեւ ռիսկերից, անվտանգությունից ելնելով: Մենք ինքներս էլ բացատրական աշխատանքներ տարանք, որ ՀՀ տարածքում դա տեղի չունենա»,֊ ասել էր Օսիպյանը։ 

«Նոր Սերունդ» ՀԿ֊ն ոստիկանապետի հայտարարությունից հետո հանրությանը տեղեկացրել էր, որ «հաշվի առնելով համացանցում անընդհատ հնչեցվող սպառնալիքները, կազմակերպված հետապնդումները և ֆորումի մասնակիցների վրա հավանական հարձակումների ռիսկերը, ինչպես նաև ՀՀ ոստիկանության կողմից պաշտպանելու լիարժեք պատրաստակամության բացակայությունը, «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն, բանակցելով «Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումի կազմակերպչական թիմի հետ, հայտարարում է, որ որոշում է կայացվել չեղարկել 2018թ-ի նոյեմբերի 15-18-ը Հայաստանում կայանալիք հանդիպումը»։