Սեռական կողմնորոշման հիման վրա դրսևորված բռնությունը չպետք է հանդուժել. Պյոտր Սվիտալսկի

Սեռական կողմնորոշման հիման վրա դրսևորված խտրականությունը, ատելություն սերմանող խոսքը և բռնությունը չպետք է հանդուժել: Այս մասին օգոստոսի 21-ին «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հ/կ-ի գործադիր տնօրեն Մամիկոն Հովսեփյանի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Այս մասին տեղեկանում ենք ԵՄ-ի Facebook-ի էջում զետեղված հաղորդագրությունից:

Դեսպանն ընդգծել է ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ իրականացված բռնության և ատելության խոսքի վերջերս տեղի ունեցած դրսևորումների ընդգրկուն և անաչառ հետաքննության անհրաժեշտության մասին: 

«Յուրաքանչյուրի իրավունքները պետք է պաշտպանված լինեն: Սեռական կողմնորոշման հիման վրա դրսևորված խտրականությունը, ատելություն սերմանող խոսքը և բռնությունը չպետք է հանդուժել»,- ասել է դեսպան Սվիտալսկին՝ իր համերաշխությունը հայտնելով բռնարարքներից տուժածներին:

Հանդիպման մասնակիցները նաև քննարկել են Հայաստանում խտրականության դեմ պայքարի մասին համապարփակ օրենքի ընդունման հեռանկարը և Մարդու իրավունքների պաշտպանի շարունակական ներգրավվածության անհրաժեշտությունը՝ կանխելու ատելություն սերմանող խոսքը և խտրականության դրսևորումը: