Սիրո և համերաշխության հեղափոխությունը նաև ԼԳԲՏԻ անձանց հաղթանակն է․ Նվարդ Մարգարյան

Հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի, բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ LGBTnews-ը զրուցել է Pink Armenia հասարակական կազմակերպության նախագահ Նվարդ Մարգարյանի հետ։ 

֊ Նվա՛րդ, Հայաստանում կտրուկ փոխվել է հասարակական֊քաղաքական իրադրությունը, և IDAHOT֊ի այս օրն առիթ է՝ խոսելու այն մասին, թե ինչպիսի հեռանկարներ են բացվում նոր իրավիճակում ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքների իրացման առումով։

֊ Նախ նշեմ, որ Հայաստանում հասարակական-քաղաքական իրադրության փոփոխության վրա մեծապես ազդել են նաև ԼԳԲՏԻ մարդիկ, ովքեր պայքարի առաջին իսկ օրվանից եղել են առաջնագծում։ Այսինքն՝ կարող ենք փաստել, որ սիրո և համերաշխության հեղափոխության հաղթանակը նաև ԼԳԲՏԻ անձանց հաղթանակն է։ Ավելին՝ նոր կառավարության ներկայացուցիչներն իրենց ելույթներում բազմիցս անդրադարձել են մարդու իրավունքների պաշտպանության, սահմանադրական կարգի վերականգնման, օրենքի առջև բոլորի հավասարության և իրավունքի գերակայության սկզբունքների մասին, ինչը, իրավամբ, հնարավորություններ է բացում Հայաստանի բոլոր խոցելի խմբերի ներկայացուցիչների և նախորդ իշխանությունների կողմից ճնշված խմբերի համար՝ իրացնելու իրենց իրավունքները հավասար պայմաններում, քանզի յուրաքանչյուր ոք Հայաստանում պետք է երջանիկ լինի։

 ֊ Ձեր կազմակերպությունն այս նոր իրավիճակում ի՞նչ նոր հնարավորություններ է տեսնում։
 
֊ Մենք հուսով ենք, որ նախ կվերականգնվի արդար դատաքննության իրավունքի իրացումը մեր երկրում և դատարանները կլինեն ավելի անկախ ու մատչելի։ Մյուս կողմից մենք հուսով ենք, որ նոր կառավարությունն ավելի զգայուն կգտնվի ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության հարցում և մարդու իրավունքների հարցը կպահի օրակարգում։ 
 
 ֊ Երեկ հրապարակվել է Rainbow Europe֊ի ինդեքսը, որում Հայաստանը եվրոպական պետությունների շարքում ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքների իրացման հնարավորությունների առումով վերջից երկրորդ տեղում է՝ մրցելով Ադրբեջանի հետ։ Ինչի՞ վկայությունն է սա։
 
֊ Այն ամփոփում է Եվրոպայի Խորհրդի անդամ երկրներում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող օրենքներում և քաղաքականություններում իրավիճակը։ Հայաստանի՝ վերջից երկրորդ տեղում լինելը, իհարկե, խնդրահարույց է եւ արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ մի քայլ չի ձեռնարկել բարելավելու ԼԳԲՏԻ անձնաց իրավունքների իրադրությունը մեր երկրում։ Ավելին՝ վիժեցնում է ցանկացած օրեսդրական նախաձեռնություն և քաղաքականության առաջարկ, որոնք կարող են բարելավել այդ իրադրությունը։ Սա մտահոգիչ է, և մենք հուսով ենք, որ առաջիկա տարիներին Հայաստանը կբարելավի իր տեղը այդ ցանկում։
 
֊ Ի՞նչ ուղերձ ունեք ԼԳԲՏԻ համայնքին այսօրվա առթիվ։
 
֊ Ես ուզում եմ, որ Հայաստանում յուրաքանչյուր ԼԳԲՏԻ մարդ լինի երջանիկ, հնարավորություն ունենա ինքնաարտահայտվելու և ինքնադրսևորվելու, իրացնի իր ներուժը։ ԼԳԲՏԻ մարդիկ պետք է լինեն համարձակ, պահանջատեր քաղաքացիներ: Բազմազանությունը և յուրօրինակությունը միայն հարստացնում է մեր հասարակությունը։ Սիրելի՛ ԼԳԲՏԻ մարդիկ, մեր հասարակությունում իրապես կան մարդիկ, ովքեր սիրում և ընդունում են ձեզ այնպիսին, ինչպիսին դուք կաք։ Միշտ ժպտացե՛ք։