Սլովակիայում հոմոֆոբ հանրաքվեն տապալվել է

Սլովակիայում տապալվել է հոմոֆոբ «Դաշինք հանուն ընտանիքի» կազմակերպության նախաձեռնած և կաթոլիկ եկեղեցու կողմից պաշտպանվող հանրաքվեն, որի նպատակը նույնասեռ ամուսնությունների օրինականացման ու նույնասեռ զույգերի կողմից երեխաների որդեգրման արգելքն էր:

 

Հանրաքվեն տապալվել է քվեարկողների ցածր մասնակցության պատճառով: Հանրաքվեին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների ընդամենը 21 տոկոսը, այնինչ որպեսզի այն կայացած համարվեր, անհրաժեշտ էր ընտրողների առնվազն 50 տոկոսի մասնակցությունը:

 

Հատկանշական է, որ երկրում ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները քաղաքացիներին կոչ էին արել բոյկոտել հանրաքվեն, և նրանց որդեգրած մարտավարությունը, փաստորեն, աշխատել է:

 

Ի դեպ, հանրաքվեին մասնակցածների 90 տոկոսը կողմ է արտահայտվել ինչպես նույնասեռ ամուսնությունների արգելքին, այնպես էլ՝ հանրաքվեի դրված մյուս երկու հարցին՝ նույնասեռ զույգերի կողմից երեխաների որդեգրման արգելքին, ինչպես նաև դպրոցում սեռական դաստիարակության դասերից հրաժարվելու իրավունքին:

 

Նշենք, որ Սլովակիայում նույնասեռ ամուսնությունները սահմանադրորեն արգելված են, ինչպես նաև անհնար է նույնասեռ զույգերի կողմից երեխաների որդեգրումը: Հոմոֆոբ կազմակերպության նախաձեռնած հանրաքվեն միտված էր էլ ավելի բարդացնել սահմանադրության մեջ ու օրենքներում հնարավոր փոփոխությունները:

 

Հիշեցնենք, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ողջունել էր հանրաքվեն՝ կոչ անելով Սլովակիայի բնակիչներին մասնակցել դրան: