Սլովենիայում տեղի է ունեցել առաջին նույնասեռ ամուսնությունը

Սլովենիայի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Մարիբորում, կայացել է առաջին նույնասեռ ամուսնությունը: Նախորդ օրը երկրում ուժի մեջ է մտել ամուսնության մասին նոր օրենքը, որն ընդունվել էր 10 ամիս առաջ:

Նոր օրենքը հավասարեցնում է նույնասեռ միությունների կարգավիճակը ամուսնությունների կարգավիճակի հետ՝ բացառությամբ որդեգրման և էքստրակորպորալ բեղմնավորման իրավունքի: Սլովենիան դարձավ Կենտրոնական Եվրոպայի առաջին պետությունը, որն օրինականացրել է նույնասեռ ամուսնությունները, թեև ոչ լիարժեքորեն:

2015-ի դեկտեմբերին կայացած հանրաքվեի ժամանակ Սլովենիայի քաղաքացիները մերժել էին ամուսնության վերաբերյալ օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագիծը, որը թույլատրում էր նույնասեռ զույգերին երեխաներ որդեգրել և որպես ամուսնություն էր ճանաչում «երկու չափահաս մարդկանց միջև միությունը»:

Այնուամենայնիվ՝ նոր օրենքը զգալի առաջընթաց է, եթե այն համեմատենք 2006-ի օրենսդրության հետ, որը երկրում ներմուծեց նույնասեռ միությունների ինստիտուտը: Մինչև այժմ նման զույգերն օրենքի առաջ հարազատներ չէին համարվում և նույնիսկ ընդհանուր ապահովագրության և սոցիալական նպաստների հնարավորություն չունեին: Ուժի մեջ մտած նոր օրենքով այս սահմանափակումներն այլևս չեն գործի:

Սլովենիայի՝ նույնասեռականների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններն օրենքը զգալի առաջընթաց են համարում, սակայն հիշեցնում են, որ այն ամուսնության հավասարությանից դեռևս շատ հեռու է: