Սկանդալ Dolce & Gabbana-ի շուրջ. ԼԳԲՏ անձիք բոյկոտ են հայտարարում, միացել է նաև Էլթոն Ջոնը

Նորաձևության հանրահայտ “Dolce & Gabbana” տան հիմնադիրներ Դոմենիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբանան քննադատել են ընտանիքների ժամանակակից մոդելներն՝ ընդգծելով, որ «միակ ընտանիքն ավանդականն է», գրում է իտալական LGBTnews.com-ը:

 

Իրենց սեռական կողմնորոշումը չթաքցնող Դոլչեն և Գաբանան, որոնք մինչ 2005-ը 23 տարի շարունակ սիրային հարաբերությունների մեջ են եղել, վերոնշյալ կարծիքը հայտնել են իտալական “Panorama” ամսագրի հետ զրույցում:

 

Հարցազրույցի հրապարակումից հետո “LGBT News Italia”-ն հայտնի դիզայներների ընկերության բոյկոտի արշավ է սկսել՝ սոցցանցերում այն կազմակերպելով #BoycottDolceGabbana հաշթեգի ներքո:

 

Դոլչեն և Գաբանան հարցազրույցում նշել են, թե «միակ ընտանիքն ավանդականն է: Ո՛չ մի արհեստական սերունդ և վարձակալած արգանդներ. կյանքն ունի բնական ընթացք, կան բաներ, որ չպետք է փոփոխվեն»:

 

Նրանց խոսքով՝ մարդը ծնվում է և ունի հայր ու մայր, կամ գոնե պետք է ունենա: Ընդ որում, Գաբանան նշել է,որ ցանկանում է ընտանիք ունենալ, իսկ Դոլչեն ասել է, որ նման ցանկություն չունի:

 

«Ես գեյ եմ, ես չեմ կարող երեխա ունենալ: Ես կարծում եմ, որ կյանքում ամեն ինչ ունենալ հնարավոր չէ»,- նշել է Դոլչեն:

 

Հատկանշական է, որ հայտնի դիզայներներն իրենց այս հայտարարություններն արել են մոդայի տան՝ 2015-ի աշուն-ձմեռ հավաքածուի ցուցադրությունից հետո, որի հիմնական թեման մայրությունն էր. ցուցադրությունից հետո Դոլչեն ու Գաբանան բեմ էին բարձրացել՝ փոքր երեխաներ գրկած:

 

Ի դեպ, բոյկոտին միացել են բազմաթիվ հայտնի մարդիկ:

 

Էլթոն Ջոնը, որը սուրոգատ մայրության միջոցով երկու որդի ունի, Instagram-ում գրել է. «Ինչպե՞ս եք դուք հանդգնել իմ չքնաղ երեխաներին «սինթետիկ» կոչել: Եվ ամո՛թ ձեզ, որ ձեր քմահաճ քիթը խոթել եք արհեստական բեղմնավորման անոթի մեջ, որ իրականում մի հրաշք է, որ թույլ է տվել հարյուր հազարավոր սիրող մարդկանց ՝ինչպես նույնասեռական, այնպես էլ՝ հետերոսեքսուալ, հասնել երեխա ունենալու իրենց երազանքին: Ձեր հնամենի մտածողությունը համընթաց չէ ժամանակին, ճիշտ ինչպես ձեր ստեղծած հագուստները: Ես այլևս երբևէ Dolce & Gabbana չեմ կրի»: