Սյունիքում մի քանի տասնյակ մարդ հարձակվել է ԼԳԲՏԻ ակտիվիստների վրա

Այսօր Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում մի քանի տասնյակ մարդ հարձակվել է այդ տարածքում գտնվող թվով 9 ԼԳԲՏԻ ակտիվիստների վրա, ինչի հետևանքով նրանք մարմնական վնասվածքներ են ստացել, կան հոսպիտալացվածներ։ 

Ակտիվիստների մի մասն այժմ ոստիկանության բաժնում են և իրավապահներին են ներկայացնում միջադեպի մանրամասները։ 

LGBTnews-ի տեղեկություններով՝ ակտիվիստները Շուռնուխ գյուղում հյուրընկալվել են իրենց ընկերներից մեկի տանը։ 

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ դեպքի առնչությամբ իրենք ահազանգ են ստացել, անմիջապես կապ են հաստատել ոստիկանության հետ, սակայն այս պահին հրապարակման ենթակա այլ տեղեկատվություն չունեն, տեղեկություններ կտրամադրվեն հետագայում։ 

Գորիսի ոստիկանությունից LGBTnews-ի հարցմանն ի պատասխան հաստատեցին միջադեպի մասին տեղեկությունները, սակայն այլ տեղեկություններ չհաղորդեցին։ 

Pink Armenia հասարակական կազմակերպությունը Facebook սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում հայտնում է, որ կազմակերպության, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներն այժմ մեկնում են Գորիսի ոստիկանություն, որտեղ էլ գտնվում է ակտիվիստների մի մասը։ 

Հասարակական կազմակերպությունը Գորիսի ոստիկանությանը կոչ է անում «ապահովել տուժողների անվտանգությունը, ինչպես նաև համապատասխան միջոցներ ձեռնարկել հարձակում գործած անձանց հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար»։