Սպիտակ Տունը հնարավոր է՝ չեղարկի տրանսգենդերների վերաբերյալ Օբամայի որոշումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է չեղարկել դպրոցներին տրված հրահանգը, որը տրանսգենդեր աշակերտներին հնարավորություն է տալիս օգտվել այն զուգարաններից, որոնք իրենք համապատասխան են համարում իրենց գենդերային ինքնությանը, գրում է Reuters-ը՝ հղում անելով Իրավահավասարության հարցերով ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Մարա Քեյսլինգին:

Վերջինս էլ հղում է անում մի փաստաթղթի, որի նպատակն է չեղարկել նախկին նախագահ Բարաք Օբամայի՝ 2016-ի մայիսի 13-ին ընդունած որոշումը: Համաձայն այդ որոշման՝ դպրոցները, որոնք կստիպեին տրանսգենդեր աշակերտներին հակառակ իրենց կամքի օգտվել զուգարաններից՝ համապատասխան իրենց կենսաբանական սեռին, անտեսելով գենդերային ինքնությունը, զրկվում են պետական ֆինանսավորումից:

Հյուսիսային Կարոլինայում մարտին օրենք էր ընդունվել, որը ստիպում էր տրանսգենդեր անձանց օգտվել ոչ թե այն զուգարաններից, որոնք իրենք համապատասխան են համարում իրենց գենդերային ինքնությանը, այլ նրանցից, որոնք համապատասխան են իրենց կենսաբանական սեռին: Օրենքը խտրական էր ճանաչվել, և ԱՄՆ արդարադատության նախարարությունը նահանգից պահանջել էր չեղարկել այն, իսկ նահանգի իշխանություններն իրենց հերթին մայիսին հակընդդեմ հայց էին ներկայացրել:

2016-ի մայիսին 11 նահանգներ Օբամայի վարչակազմի դեմ տրանսգենդերների մասին որոշման համար հայց էին ներկայացրել Տեխասի Ուիչիտո Ֆոլս դատարան՝ մեղադրելով նրանց դպրոցները «մասսայական սոցիալական փորձարկման լաբորատորիաների վերածելու» փորձի համար:  

Նախագահական քարոզարշավի ժամանակ, սակայն, Թրամփն ասել էր, որ տրանսգենդեր անձիք պետք է հնարավորություն ունենան օգտվելու զուգարաններից, որոնք իրենք նպատակահար են գտնում իրենց համար՝ զարմացնելով շատ հանրապետականների: Հետագայում, սակայն, նա փոխել էր իր դիրքորոշումը՝ նշելով, որ դա այնպիսի հարց է, որում դաշնային կառավարությունը մասնակից չպետք է լինի, և որ դա դա նահանգային իշխանությունների խնդիրն է: Այս դիրքորոշումը երեքշաբթի օրը վերահաստատել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը:

Հատկանշական է, որ համաձայան UCLA համալսարանին կից գործող The Williams Institute-ի անցկացրած հետազոտության՝ 13-17 տարեկան ամերիկացի շուրջ 150 հազար (0.7 տոկոս) անչափահասներ իրենց տրանսգենդեր են համարում: