Ստորագրում են փաստաթղթեր, իսկ հասարակական կարծիքը չի փոխվում

1991-ի անկախության հռչակումից հետո Հայաստանը միջազգային հանրությանն ինտեգրվելու նպատակով ստորագրեց մի շարք միջազգային փաստաթղթեր, որոնցում կոչ է արվում բացառել խտրականության որևէ դրսևորում:

Դրանցից են՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որը Հայաստանը ստորագրել է 1992 թվականին, Մարդու իրավունքերի և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան, որը ստորագրվել է 2001-ին, վավերացվել՝ 2002-ին, Գենդերային ինքնության ու սեռական կողմնորոշման հարցերով ՄԱԿ-ի հռչակագիրը (2008) և բազմաթիվ այլ փաստաթղթեր:

Վերը նշված փաստաթղթերի ստորագրումից երկար ժամանակ է անցել, սակայն ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքը Հայաստանում չի փոխվել:

LGBTnews.am-ն անցորդների շրջանում հարցում է անցկացրել՝ պարզելու համար հասարակության վերաբերմունքը ԼԳԲՏ անձանց նկատմամբ:

Հարցմանը մասնակցած 50 քաղաքացիներից միայն 2-ը նշեցին, որ իրենք դրական են վերաբերում ԼԳԲՏ անձանց, քանի որ վերջիններս հասարակությանը ոչնչով չեն խանգարում, ինչպես նաև կարծիք հայտնեցին, որ ԼԳԲՏ անձինք, որպես հասարակության լիարժեք անդամներ, ունեն իրավունքներ, որոնք ոչ միայն Հայաստանում, այլ աշխարհի մի շարք այլ երկրներում պաշտպանության կարիք ունեն:

Քաղաքացիներից երեքը նշեցին, որ ԼԳԲՏ անձանց նկատմամբ բացասական վերաբերմունք ունեն, սակայն վերջիններիս իրավունքները պետք է պաշտպանել միայն այնքանով, որ հասարակությունը նրանց նկատմամբ ֆիզիկական բռնություն չգործադրի:

Իսկ հարցմանը մասնակցած քաղաքացիների ճնշող մեծամասնությունը ԼԳԲՏ անձանց անվանեց «շեղված», «հասարակությունից ցած կանգնած»: Ոմանք համոզմունք հայտնեցին, որ ԼԳԲՏ անձինք ցանկանում են հասարակական նորմերն անտեսել և մարդկանց թելադրել իրենց աննորմալ կեսնաձևը:

Ստորև ներկայացնումն ենք հարցման ժամանակ հնչած մի քանի մտքեր, որոնք արտացոլում են ԼԳԲՏ անձանց նկատմամբ հասրակության մեծամասնոթյան վերաբերմունքը:

«Կինը պիտի կին մնա, տղամարդը՝ տղամարդ, այլապես աստված կստեղծեր նաև գեյերին», «շատ վատ եմ վերաբերում նրանց, հայհոյում եմ, հարցում անցկացնելու փոխարեն հավաքեք նրանց ու վառեք», «աստված տա ՝բուժվեն. ես նրանց համարում եմ հիվանդ և մոդայի զոհ գնացող մարդիկ», «չեմ կարծում, որ նրանք ունեն իրավունքների պաշտպանության կարիք. որքան շատ ես նրանց պաշտպանում, այնքան ամեն ինչ ավելի լավ է լինում իրենց համար», «նրանք ուզում են ավելին, քան իրենց հասնում է, օրինակ՝ քաղաքացիական ամուսնության օրինականացում»:

Փաստորեն, մի շարք միջազգային փաստաթղթեր ստորագրած Հայաստանի իշխանություններն այս տարիների ընթացքում ոչ մի էական քայլ չեն ձեռնարկել՝ այդ փաստաթղթերում հռչակված գաղափարներն ու արժեքները տարածելու ու հասարակության կարծրատիպային պատկերացումները կոտրելու ուղղությամբ: