Վարույթն իրականացնող մարմինը ցանկանում էր շատ արագ ավարտել Շուռնուխի գործը. փաստաբան

Շուռնուխի քրգործի կարճումը տեղի է ունեցել հապշտապ, տուժող կողմին հնարավորություն չի տրվել ծանոթանալու գործի նյութերին և միջնորդություններ հայտնելու: Այդ մասին այսօր Շուռնուխ գյուղում տեղի ունեցած բռնության քրեական գործի կարճման վերաբերյալ ասուլիսի ընթացքում ասաց տուժող կողմի փաստաբան Լուիզա Վարդանյանը:

Նա նշեց, որ իրենք վարույթն իրականացնող մարմիններից երեք ամիս որևէ տեղեկատվություն չեն ունեցել գործի վերաբերյալ, այնուհետև իրենց զանգահարել են և ասել, որ գործը կարճում են. «Վարույթն իրականացնող մարմինը չէր պատասխանում ո՛չ զանգերին, ո՛չ գրավոր հարցումներին՝ թե ինչ գործողություններ են կատարվում տվյալ գործի շրջանակներում»:

Ըստ փաստաբանի, գործի հապշտապ կարճումը, ինչպես նաև այն հանգամանքը, որ տուժող կողմի իրավունքները սահմանափակվել են, թույլ է տալիս որոշակի ենթադրություններ անելու, որ վարույթն իրականացնող մարմինը ցանկանում էր շատ արագ ավարտել գործը և թույլ չտալ գործի հետագա ընթացքը:

Ասուլիսի մյուս բանախոս, իրավաբան Վաղինակ Տեր-Հովհաննիսյանը նշեց, որ իր անցկացրած՝ «Շուռնուխում բռնության արձագանքի իրավական վերլուծությունն ատելության խոսքի համատեքստում» ուսումնասիրության արդյունքում առանձնացվել են մի խումբ անձանց ատելության խոսքեր, այդ թվում՝ պետական պաշտոնյաների, կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների, ԶԼՄ-ների, հասարակության, հասակարակական միավորումների: Նա հատկապես առանձնացրեց ԲՀԿ֊ական նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի, ԱԺ նախկին փոխկոսնակ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի՝ ԼԳԲՏԻ համայքնի վերաբերյալ հնչեցրած ատելության խոսքերը:

Ըստ բանախոսի, քաղաքական գործիչների հնչեցրած ատելության խոսքերը բավական մեծ ազդեցություն ունեն և լուրջ վտանգ են ներկայացնում հանրային վերաբերմունքի ձևավորման գործում. «Դրանք կրկնապատկում են անհանդուրժողականության մթնոլորտը Հայաստանում»:

Իրավաբանն առանձնացրեց նաև Հայ Առաքելական Եկեղեցու մի շարք հոգևորականների հնչեցրած ատելության խոսքերը:

«Ինչպես քաղաքական գործիչների դեպքում, այնպես էլ՝ այս պարագայում կրոնական կազմակերպության ներկայացուցիչները հեղինակություն են վայելում հասարակության շրջանում և, բնականաբար, ատելության խոսքեր հղելով՝ ավելի են տարածում թշնամանքն ու անհանդուրժողականությունը մեր երկրում»:

Ասուլիսի մեկ այլ բանախոս, լրագրող Հովհաննես Իշխանյանը կարծիք հայտնեց, որ լրատվամիջոցները, հաճախ ԼԳԲՏԻ թեմային անդրադառնալիս, մոռանում են, որ գործ ունեն մարդկանց հետ:

«Թվում է, թե եթե հասարակությունում վատ վերաբերմունք կա, ուրեմն լրագրողը կարող է ամբողջովին մոռանալ իր մասնագիտությունն ու էթիկան ու գրել ինչպես ուզում է՝ չապահովելով երկրորդ ձայնը: Երբեմն թվում է, որ մարդիկ նույնիսկ խոսում են մի բանի շուրջ, որը գոյություն չունի, որովհետև երբեք չի ապահովվում այդ մադկանց ձայնը»:

Ըստ նրա, լրատվամիջոցներն իրենց բաժին մեղքն ունեն, որ ոստիկանությունը շարունակում է անընդհատ կարճել ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ իրականացված բռնության գործերը կամ հասարակությունում շարունակվում է վատ վերաբերմունքը, իսկ քաղաքական ու պետական գործիչները շարունակում են ծայրահեղ ատելության խոսքը:

Լուսանկարը՝ Մեդիակենտրոնի։