Վերականգնե՛լ ապամոնտաժված պաստառները․ մեկնարկել է ԼԳԲՏԻ սոցիալական գովազդի վերաբերյալ դատը

Վարչական դատարանում երեկ մեկնարկեց «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» (Pink Armenia) հասարակական կազմակերպության հայցի քննությունն ընդդեմ Երևանի քաղաքապետրանի: Կազմակերպությունը հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով Երևանի կենտրոնում գտնվող «Սանտաֆե» սրճարանի մոտ տեղակայված գովազդային վահանակներից ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքներին վերաբերող երեք պաստառները հեռացնելու Երևանի քաղաքապետարանի գործողությունները ճանաչել ոչ իրավաչափ, հայցվորի խոսքի ազատության, խտրականությունից զերծ մնալու իրավունքներին միջամտող և միջոցներ ձեռնարկել վերականգնելու համար ապամոնտաժված պաստառները:

Հիշեցնենք, որ 2017-ի մայիսի 16-ից 19-ը ընկած ժամանակահատվածում Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպությունը հրապարակել էր երեք տեսահոլովակ, որոնց նպատակը ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ հանդուրժողականության տարածումն էր: Այդ տեսանյութերի բովանդակությամբ պատրաստված պաստառների տեղադրման վերաբերյալ հետագայում կնքվել էր պայմանագիր «Նուշիկյան ասոցիացիայի» հետ:

Պաստառներից մեկում պատկերված էր երկու նույնասեռական տղամարդու կերպարանավորող անձանց գրկախառնություն, որի տակ գրված էր. «Դու ուզու՞մ ես, որ բոլորը երջանիկ լինեն։ Ուրեմն՝ մաղթի՛ր մեզ երջանկություն»: Մյուս պաստառում պատկերված էին տարբեր մասնագիտություններ ունեցող մարդիկ, իսկ պաստառի վրա գրված էր«Դուք հանդիպում եք նրանց ամեն օր»: Պաստառներից երրորդում պատկերված էր երեք ձեռք և գրված էր․ «Տրանս անձինք մեր հասարակության մասն են»:

Հասարակական կազմակերպության տարածած հաղորդագրության համաձայն՝ դատական նիստին դատավոր Ռաֆիկ Խանդանյանը անդրադարձել է  կողմերի միջև ապացուցման դատավարական բեռի բաշխման հարցին: Այսպիսով՝ հայցվորից պահանջվում է հիմնավորում ներկայացնել առ այն, որ Քաղաքապետարանը խախտել է կազմակերպության իրավունքներն, այլ ոչ թե «Նուշիկյան ասոցիացիա»-ի։ Քաղաքապետարանն էլ պետք է ապացույցներ ներկայացնի այն մասին, որ իր գործողությունները խտրական չեն, չեն խախտել հայցվորի արտահայտման ազատության իրավունքը և եղել են իրավաչափ։

Ստորև ներկայացնում ենք հայցի որոշ կարևոր հանգամանքներ:

Դատարան ներկայացված հայցում ասվում է, որ այն բանից հետո, երբ լրատվամիջոցներն անդրադարձել են վերը նշված պաստառների բովանդակությանը` այն հիշատակելով որպես ԼԳԲՏԻ մարդկանց վերաբերյալ Հայաստանում առաջին սոցիալական գովազդ` սոցիալական ցանցերում մի խումբ քաղաքացիների կողմից նկատվել է ագրեսիվ արձագանք, անգամ այդ գովազդների «խնդիրը լուծելու» նպատակով խմբի ձևավորման կոչեր են եղել:

Արդյունքում պաստառներն ապամոնտաժվել են, պատռվել, նետվել աղբարկղը, և այդ գործընթացի լուսանկարները տարածել են հենց այն մարդիկ, ովքեր ԼԳԲՏԻ մարդկանց դեմ խումբ ձևավորելու կոչեր են հնչեցրել։ 

Պաստառների հեռացումից մի քանի ժամ անց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը Facebook սոցցանցի իր էջում զետեղել էր գրառում՝ հայտնելով, որ Երևանում ապօրինի պաստառներ են տեղադրվել, որոնք հանդուրժողականություն են քարոզում սեռական տարբեր կողմնորոշում ունեցող մարդկանց նկատմամբ և շեշտել, որ անկախ գովազդի բովանդակությունից՝ այդ պաստառներն ապամոնտաժվել են, քանի որ չի եղել դրանք տեղադրելու թույլտվություն:

Այս առնչությամբ հայցվորն ընդգծել է, որ նույն գրառման տակ մեկնաբանություններում Արազ Բաղդասարյանը հայտարարել է «Ինչքան քիչ խոսենք այս թեմայի մասին՝ այնքան քիչ գովազդ կլինիեկեք մոռանանք այս թեման, և վստահ եղեք, որ Երևանի քաղաքապետարանի Արտաքին ձևավորման և գովազդի վարչությունը օրենքի շրջանակում բոլոր անհրաժեշտ քայլերը կձեռնարկի… Սակայն առանց ավելորդ հնչեղության և գովազդի»:

Այս հանգամանքը, հայցվորի պնդմամբ, ինքնին խոսում է այն մասին, որ պաստառների բովանդակությունը եղել է քաղաքապետարանի կողմից դրանք ապամոնտաժելու առաջնային պատճառը։

Վերը նկարագրված հանգամանքներով, ըստ հայցվորի, խախտվել է մի քանի իրավունք:

Հայցվորը գտնում է, որ Երևանի քաղաքապետարանը խախտել է խտրականությունից զերծ մնալու իրավունքը

Ինչպես արդեն նշեցինք, հայցվորը գտնում է, որ Երևանի քաղաքապետարանը պահանջել է հեռացնել պաստառները ոչ թե իրավական ընթացակարգային ձևականությունները չպահպանելու, այլ նշված պաստառների բովանդակության պատճառով, այսինքն՝ այն պատճառով, որ այդ պաստառները վերաբերել են ԼԳԲՏԻ մարդկանց հիմնախնդիրներին։ Ըստ այդմ՝ հայցվորի նկատմամբ դրսևորվել է խտրական վերաբերմունք՝ պայմանավորված պաստառների բովանդակությամբ։

Հղում կատարելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` խտրականության վերաբերյալ մեկնաբանությանը` հայցվորը նշում է, որ «խտրականությունը էապես նման իրավիճակում գտնվող անձանց նկատմամբ տարբեր վերաբերմունքի դրսևորում է՝ առանց որևէ օբյեկտիվ հիմքերի և որևէ ողջամիտ բացատրության»:

Հայցվորը նշում է, որ թեև ՀՀ Սահմանադրությունը ուղղակիորեն չի սահմանում խտրականության արգելքը անձի սեռական կողմնորոշման և/կամ գենդերային ինքնության հիմքով, բայց սահմանում է պաշտպանված հատկանիշների բաց ցանկ՝ տալով «անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներ» ձևակերպումը: Հայցվորը պնդում է, որ Երևանի քաղաքապետարանի գործողությունները խտրական են՝ պայմանավորված պաստառների՝ սեռական կողմնորոշմանն ու գենդերային ինքնությանը վերաբերող բովանդակությամբ:

Իսկ Մարդու իրավունքների և հիմնական ազատություների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 14-րդ հոդվածը, ինչպես նաև Հայաստանի կողմից վավերացված մի շարք միջազգային փաստաթղթեր սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը ճանաչում են որպես խտրականության արգելքով պաշտպանված հատկանիշներ: Հետևաբար, ըստ հայցվոր կողմի, այսպիսով խախտվել է խտրականությունից զերծ մնալու իրավունքը:

Խոսքն, ի դեպ, անուղղակի խտրականության մասին է:

Միջազգային իրավական տեսության համաձայն՝ անուղղակի խտրականությունը ուղղակի խտրականությունից տարբերվում է այն բանով, որ կիրառվում է առերևույթ չեզոք կերպով։ Սույն դեպքի փաստերից, ըստ հայցվորի, երևում է, որ Երևանի քաղաքապետարանն ուղղակիորեն չի նշել պաստառների բովանդակությունը՝ որպես դրանց արգելքի հիմք, այլ նշել է որոշակի իրավական ձևականությունների չպահպանումը, մասնավորապես՝ վերջինիս կողմից գովազդի տեղաբաշխման թույլտվության բացակայությունը:

Այսինքն՝ այս պարագայում խտրական վերաբերմունքն արտահայտվում է Երևանի քաղաքապետարանի առերևույթ չեզոք գործողությամբ, որը իբրև հետապնդում է օրենսդրության պահպանման որոշակի իրավաչափ պահանջ՝ որակելով պաստառները ապօրինի:

Ըստ հայցվոր կողմի՝ Երևանի քաղաքապետարանը նշված պաստառները հեռացնելու իրավական հիմք չուներ, քանի որ այն իր բնույթով չէր խախտում գովազդի համար նախատեսված որևէ պահանջ, ինչի դեպքում միայն Երևանի քաղաքապետարանը կարող էր հեռացնել դրանք:

Ավելին, որևէ նախազգուշացում կամ ծանուցում քաղաքապետարանի կողմից չի եղել, ներկայացվել է պաստառները շտապ հեռացնելու պահանջ: Պաստառները հեռացվել, պատռվել և նետվել են աղբարկղը, ինչը ցույց է տալիս Երևանի քաղաքապետարանի տրամադրվածությունը և ընդգծված վերաբերմունքը պաստառների բովանդակության նկատմամբ: Հայցվորը համոզված է, որ այլ բովանդակությամբ պաստառների խնդրի դեպքում քաղաքապետարանը նման ագրեսիվություն չէր արտահայտի:

Ավելին՝ 29.05.2017թ. Pink Armeniaև «Նուշիկյան ասոցիացիայի» ներկայացուցիչների միջև հանդիպման ընթացքում պարզվել է, որ «Նուշիկյան ասոցիացիան» հաճախ արտաքին գովազդի տեղադրման թույլտվության վերաբերյալ դիմումը քաղաքապետարան է ուղարկում պաստառների տեղադրումից հետո, իսկ կարճատև գովազդների դեպքում նույնիսկ չի էլ դիմում: Հետևաբար քաղաքապետարանի` նկարագրված գործողությունն անուղղակի խտրականություն է, քանի որ ուղղված է կոնկրետ խմբի` ԼԳԲՏԻ անձանց դեմ, ում համար առաջացրել է նվազ բարենպաստ պայմաններ, և քաղաքապետարանն իր գործողությունը փորձել է հիմնավորել օրենսդրության պահանջների պահպանմամբ:

Հայցվորը նշել է նաև, որ պաստառների ապամոնտաժման հետևանքով Pink Armenia և «Նուշիկյան ասոցիացիայի» միջև կնքված պայմանագրի գործողությունը պարտադրված դադարեցվել է, ինչի պատճառով Pink Armenia-ն զրկվել է սոցիալական գովազդներ տարածելու հնարավորությունից, և սա այն դեպքում, երբ նույն պայմաններում այլոք դրանից չեն զրկվում:

Հայցվորը գտնում է, որ Երևանի քաղաքապետարանը խախտել է նաև արտահայտվելու ազատության իրավունքը

Ըստ հայցվոր կողմի` գովազդի տեղադրման թույլտվություն ստանալու համար նախատեսված ընթացակարգերի չպահպանումը չէր կարող հիմք լինել մարդու արտահայտման ազատության սահմանափակման համար:

Ինչպես արդեն նշվեց, այլ գովազդների դեպքում նույն սահմանափակումը չի գործում, հետևաբար խոսքի ազատության սահմանափակումը պայմանավորված է դրանց բովանդակությամբ:

Արտահայտման իրավունքի սահմանափակումն, ըստ հայցվոր կողմի, պետք է նախատեսված լինի օրենքով, անհրաժեշտ լինի ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության և նպատակ ունենա կանխել անկարգությունները կամ հանցագործությունները, պաշտպանել առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես նաև այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները, կանխելու խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կամ պահպանել արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը: Ըստ որում՝ արտահայտվելու ազատության սահմանափակման համար ոչ թե պետք է այս պայմաններից որևէ մեկը, այլ դրանց միաժամանակյա առկայությունը: Տվյալ դեպքում, ըստ հայցվոր կողմի, այս պայմաններն առկա չեն եղել:

Հիշատակելով գործերից մեկով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումը` հայցվոր կողմը նշում է, որ արտաքին գովազդի տեղադրման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով տեխնիկական ձևական ընթացակարգերի նախատեսումը բնական երևույթ է և հետապնդում է իրավաչափ նպատակ, այնուամենայնիվ դրա կիրառումը պետք է լինի ողջամիտ, չհանդիսանա լրացուցիչ ձևական բարդություն անձի արտահայտման ազատության համար: Այս դեպքում, ըստ հայցվոր կողմի, նշյալ բովանդակությամբ պաստառների տարածումը աջակցություն է պետության ստանձնած պարտավորությունների կատարմանը, իսկ դրանց տարածման նկատմամբ պետության կողմից կիրառվող սահմանափակումը հանգեցնում է դրանց ձախողման
 

Վերը նշված և այլ հանգամանքներ հաշվի առնելով` հայցվորը պահանջում է՝

  • Երևանի քաղաքապետարանի կողմից 27.05.2017թ. «Նուշիկյան ասոցիացիային» պատկանող՝ «Սանտաֆե» սրճարանի մոտ տեղակայված գովազդային վահանակների վրա փակցված թվով երեք պաստառները հեռացնելուն ուղղված գործողությունները ճանաչել ոչ իրավաչափ,
  • այդ գործողությունները ճանաչել հայցվորի խոսքի ազատության, խտրականությունից զերծ մնալու իրավունքներին միջամտող, ոչ իրավաչափ,  
  • միջոցներ ձեռնարկել՝ վերականգնելու համար ապամոնտաժված պաստառները:

Գործով հաջորդ դատական նիստը նշանակված է մարտի 21-ին։