Վերաքննիչ դատարանը մերժեց ընդդեմ «Իրավունք»-ի 16 քաղաքացիների գործով բողոքը

Վերաքննիչ քաղաքացիական դատարանն այսօր հրապարակեց ընդդեմ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի և «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանի 16 համահայցվորների գործով որոշում՝ մերժելով վերջիններիս վերաքննիչ բողոքը, հայտնում է LGBTnews.am-ի լրագրողը:

 

Հիշեցնենք, որ 2014 թվականի մայիսի 17-ին «Իրավունք» թերթի կայքում հրապարակվել է «Նրանք սպասարկում են համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» վերնագրով հոդված: Հոդվածի ներքևի հատվածում տեղադրվել են հայցվորների ֆեյսբուքյան էջից հղումներ, որոնց էլ ուղղված է վերոնշված հոդվածը: Դրանում նշված են մի շարք արտահայտություններ, ինչպիսիք են՝ «սրանք գեյ քարոզչության դրույթերին հավատացող զոմբի են», «յուրաքանչյուր լոբբիստ ազգի և պետության ներքին թշնամին է», և այլն», որոնք հայցվորները համարում են իրենց պատիվն ու արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ, ինչպես նաև իրենց մեջ պարունակում են ատելության և խտրականության կոչ: Ուստի նրանք դիմել էին առաջին ատյանի դատարան՝ պահանջելով՝ հրապարակային ներողություն խնդրելու և 5 մլն դրամ գանձելու պահանջով: Դատարանը, սակայն մերժել էր հայցն, ինչպես նաև հայցվորներին պարտավորեցրել պատասխանող կողմին փոխհատուցել դատական և փաստաբանական ծախսերի գումարը:

 

«Վերաքննիչ դատարանը որոշեց մերժել հայցվորների վերաքննիչ բողոքը, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 30.10.2014-ի վճիռը թողնել օրինական ուժի մեջ, հայցվորներից հօգուտ յուրաքանչյուր պատասխանողի բռնագանձել 50 հազար դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, դատական ծախսերի հարցը համարել լուծված: Որոշումը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի Դատական ակտերի հարկադիր կատարկման ծառայության միջոցով»,- վճռի եզրափակիչ մասը հրապարակեց դատավոր Պետրոսյանը՝ հիշեցնելով, որ այն կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարան:

 

Նշենք, որ այսօր դատարանում էին նաև «Իրավունք» մեդիա «ՍՊԸ»-ի սեփականատեր, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանն ու վերջիններիս փաստաբան Լևոն Բաղդասարյանը: Նրանք դատական ակտի հրապարակումից հետո ծափահարեցին՝ ողջունելով դատարանի կայացրած որոշումը:

 

Հիշեցնենք, որ Հայկ Բաբուխանյանն ու վերջինիս կողմնակիցները նմանատիպ վարքագիծ էին դրսևորել նաև առաջին ատյանի վճռի հրապարակման ժամանակ:

 

Հայցվորներից Նվարդ Մարգարյանը LGBTnews.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք անպայման Վճռաբեկում բողոքարկելու են Վերաքննիչ դատարանի որոշումը:

 

«Այլ որոշում չէինք էլ սպասում, կդիմենք Վճռաբեկ: Վստահեցնում եմ, որ գնալու ենք մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,- ասաց Մարգարյանը: