Տեղեկատվական վեճերի խորհուրդը կարծիք է հրապարակել ընդդեմ «Իրավունք»-ի 16 քաղաքացիների գործի մասին

Տեղեկատվական վեճերի խորհրդի կարծիքը Քաղաքացիական հասարակության 16 ներկայացուցիչ ընդդեմ “Իրավունքի Մեդիա” ՍՊԸ-ի և Հովհաննես Գալաջյանի գործի վերաբերյալ
 
 
1.ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
 
 
17.05.2014թ.-ին www.Iravunk.com առցանց լրատվական կայքում հրապարակվել է «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. Ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» վերնագրով հոդված , որը հեղինակել է լրագող Հովհաննես Գալաջյանը։ Մի խումբ քաղաքացիներ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի հիմքով դիմել են դատարան ընդդեմ լրատվամիջոցի և լրագրողի, գտնելով, որ հոդվածում տեղ են գտել իրենց պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող մի շարք արտահայտություններ, որոնք ոչ միայն վիրավորական ու զրպարտող բնույթի էին, այլ նաև ատելության խոսքի դրսևորումներ էին։ Խնդրել են դատարանից պատասխանողներին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել (տեքստի հրապարակումով) և որպես փոխհատուցում բռնագանձել հինգ միլիոն ՀՀ դրամ։ 
 
 
30/10/2014թ.-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է վճիռ, որով ամբողջությամբ մերժել է հայցը։ Իր որոշումը դատարանը հիմնավորել է այն եզրահանգմամբ, որ թեև հոդվածում օգտագործվել են որոշ չափազանցություններ, որոնք կարող էին ցնցել ու անհանգստություն պատճառել հայցվորներին, սակայն ընդհանուր առմամբ հոդվածագրի կողմից ցուցաբերվել է հավասարակշռված մոտեցում։ Սրա հիման վրա դատարանը գտել է, որ հոդվածը «ամբողջությամբ համապատասխանում է խոսքի մատուցման լրագրողական ազատության թույլատրելի շրջանակներին»  և որ հոդվածը «իր բովանդակությամբ պայմանավորված է գերակա հանրային շահով»։ 
 
 
ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ
 
 
Խորհուրդը գտնում է, որ հոդվածում հնչեցվել են արտահայտություններ ու կոչեր, որոնք ծայրահեղականության, ատելության խոսքի դրսևորումներ են։ Մինչդեռ դատարանն այդ հանգամանքը քննության առարկա չի դարձրել, թեև հայցվորներն  այդ հարցը հստակորեն բարձրացրել էին իրենց հայցում։ 
 
 
Անկասկած է, որ նշված հոդվածով հոդվածագիրն իրականացնում էր ազատ արտահայտվելու իր իրավունքը։ Այդուհանդերձ, ազատ խոսքի պաշտպանության ոչ մի կառուցակարգ չի տարածվում ատելության խոսքի վրա։ Անհրաժեշտ է տարբերակել ցնցող, անհանգստություն պատճառող և նույնիսկ սադրող բնույթի քննադատական խոսքը այնպիսի խոսքից, որը ծայրահեղականության դրսևորում է և որպես այդպիսին սերմանում ու քարոզում է ատելություն։ Առաջինը պաշտպանված է ազատխոսքով, իսկերկրորդը՝ ոչ։ Քաղաքակիրթ ազգերի կողմից ատելության խոսքը բացառվում է իսպառ՝ առանց որևէ բացառության։ Այս մոտեցումն է ամրագրված նաև միջազգային իրավունքում, որը ատելության խոսքն աստիճանաբար ճանաչում է որպես միջազգային իրավունքի սովորույթային նորմ։
 
Ինչ վերաբերում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, ապա վերջինս ատելության խոսքն արգելում է երկու նյութաիրավական հիմքերով՝ Կոնվենցիայի 17-րդ հոդվածի հիմքով (իրավունքների չարաշահման արգելում), ըստ որի ատելության խոսքը ժխտում է Կոնվենցիայի հիմքում ընկած արժեքները, ևԿոնվենցիայի 10 կամ 11-րդ հոդվածների երկրորդ մասերի հիմքով (պետական անվտանգություն, հասարակական անվտանգություն, այլոց իրավունքներ և այլն)։ Այնպիսի արտահայտություն, ինչպիսին է «զրո հանդուրժողականությունը», ինչպես նաև հոդվածի ողջ համատեքստը, որով կոչ է արվում լիակատար անհանդուրժողականություն դրսևորել կոնկրետ անձանց նկատմամբ, ընդhուպ նրանց լիակատար սեգրեգացիան հասարակությունից, անհամատեղելի է ժողովրդավարական արժեքների, «իրավունքի գերակայության» և «քաղաքացիական համերաշխության»  գաղափարների հետ, որոնք ամրագրված են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանում։  
Հատկապես խնդրահարույց է այն հանգամանքը, որ տվյալ դեպքում լրատվամիջոցը ոչ թե տրամադրել է հարթակ ատելության խոսքի տարածման համար, այլ հենց ինքն է նման խոսքի հեղինակ։ Առավել խնդրահարույց է, որ լրագրողը միևնույն ժամանակ տվյալ լրատվամիջոցի խմբագրական քաղաքականությունը մշակող անձ է, որի ուժով վերջինս ոչ միայն ստանձնում է առավել լայն իրավունքներ, այլ նաև պարտականություններ Սահմանադրությանը, օրենքներին և լրագրողական վարքագծի նորմերին իր գործունեությունը համապատասխանեցնելու հարցում։ 
 
 
Տեղեկատվական վեճերի խորհուրդ
Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) – Ինֆորմացիայի ազատության
կենտրոնի նախագահ 
Մանանա Ասլամազյան -«Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ»
ծրագրի տնօրեն
Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ
Արամ Աբրահամյան – «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Արա Ղազարյան – «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն
Գեղամ Վարդանյան- Մեդիա Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի պրոդյուսեր