Տեղի է ունեցել ընդդեմ «Իրավունք»-ի երեք քաղաքացիների հայցով նախնական դատական նիստը

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արայիկ Մելքումյանի նախագահությամբ (Թբիլիսյան խճուղի) տեղի ունեցավ ՀՀ քաղաքացիներ Արման Սահակյանի, Գրիգոր Գևորգյանի և Հովհանես Մկրտչյանի ընդդեմ «Իրավունք» թերթի և նույն թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանի նախնական դատական նիստը: Այդ մասին ասված է «Նոր Սերունդ» Մարդասիրական հ/կ պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրությունում: 

 

Նիստի ընթացքում հայցվորների ներկայացուցիչ Մարո Խաչատուրյանը ներկայացրեց նախապես ներկայացված հայցի հիմքի և առարկայի փոփոխումը, որի կրկնօրինակները հանձնվեցին Դատարանին և պատասխանող կողմին:

 

Դատական նիստի ընթացքում հայցվոր կողմի փաստաբան Մարո Խաչատուրյանը ներկայացրեց միջնորդություն հայցի ապահովման նասին հետևյալ պահանջներով՝

 

հիմք ընդունելով պատասխանող «Իրավունքի Մեդիա» ՍՊԸ-ի գործունեությունը կապված յուրաքանչյուր դատական նիստից հետո նոր հոդվածների հրատարակությամբ, որոնցում նույնպես առկա են վիրավորական արտահայտություններ, անհրաժեշտություն է ծագում կիրառելու հայցի ապահովման միջոց` արգելելով պատասխանողի կողմից նոր հրատարակումները մինչև գործով կայացված դատական ակտի ուժի մեջ մտնելը,

 

արգելանք դնել պատասխանող Հովհաննես Գալաջյանի դրամական միջոցների և այլ գույքի նկատմամբ հայցագնի չափով:

 

Պատասխանող կողմը ժամանակ խնդրեց ծանոթանալու նոր հայցի հիմքերին և առարկային, որից հետո հաջորդ դատական նիստը նշանակվեց ս/թ. փետրվարի 10-ին ժամը 12:15-ին:

 

«Նոր Սերունդ» Մարդասիրական հ/կ 3 աշխատակիցները՝ Գրիգոր Գևորգյանը, Արման Սահակյանը և Հովհանես Մկրտչյանը, դատական հայցով դիմել են դատարան ընդդեմ «Իրավունք» թերթի, որը հրապարակել և հրատարակել էր «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. Ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» հոդվածը: Կազմակերպության աշխատակիցները պահանջում են հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենց պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար և յուրաքանչյուրին փողհատուցել 3 մլն դրամ:

 

Հիշեցնենք նաև, որ նույն հոդվածի առնչությամբ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանը հոկտեմբերի 30-ին կայացած դատական նիստում վճռել է մերժել 16 քաղաքացիների հայցն ընդդեմ «Իրավունք» թերթի:

 

Հավելենք, որ «Նոր Սերունդ» Մարդասիրական Հասարակական Կազմակերպությունը ևս դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Իրավունք» թերթի՝ կազմակերպության գործունեությունը արատավորելու համար: