Տեղի է ունեցել ԼԳԲՏԻ թեմայով պաստառների վերաբերյալ դատական նիստ

Վարչական դատարանն այսօր քննեց «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպության (PINK Armenia) հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի:

Կազմակերպությունը, հիշեցնենք, հայց էր ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով Երևանի կենտրոնում գտնվող «Սանտաֆե» սրճարանի մոտ տեղակայված գովազդային վահանակներից ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքներին վերաբերող երեք պաստառները հեռացնելու Երևանի քաղաքապետարանի գործողությունները ճանաչել ոչ իրավաչափ, հայցվորի խոսքի ազատության, խտրականությունից զերծ մնալու իրավունքներին միջամտող և միջոցներ ձեռնարկել՝ վերականգնելու ապամոնտաժված պաստառները:

Հիշեցնենք, որ 2017-ի մայիսի 16-ից 19-ը ընկած ժամանակահատվածում Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպությունը հրապարակել էր երեք տեսահոլովակ, որոնց նպատակը ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ հանդուրժողականության տարածումն էր: Այդ տեսանյութերի բովանդակությամբ պատրաստված պաստառների տեղադրման վերաբերյալ հետագայում կնքվել էր պայմանագիր «Նուշիկյան ասոցիացիայի» հետ:

Պաստառներից մեկում պատկերված էր երկու նույնասեռական տղամարդու կերպարանավորող անձանց գրկախառնություն, որի տակ գրված էր. «Դու ուզու՞մ ես, որ բոլորը երջանիկ լինեն։ Ուրեմն՝ մաղթի՛ր մեզ երջանկություն»: Մյուս պաստառում պատկերված էին տարբեր մասնագիտություններ ունեցող մարդիկ, իսկ պաստառի վրա գրված էր «Դուք հանդիպում եքնրանց ամեն օր»: Պաստառներից երրորդում պատկերված էր երեք ձեռք և գրված էր «Տրանս անձինք մեր հասարակության մասն են»:

Ընդդեմ քաղաքապետարանի Դատարան ներկայացված հայցում ասվում է, որ այն բանից հետո, երբ լրատվամիջոցներն անդրադարձել են վերը նշված պաստառների բովանդակությանը`այն հիշատակելով որպես ԼԳԲՏԻ մարդկան վերաբերյալ Հայաստանում առաջին սոցիալական գովազդ, սոցիալական ցանցերում մի խումբ քաղաքացիների կողմից նկատվել է ագրեսիվ արձագանքանգամ այդ գովազդների «խնդիրը լուծելու» նպատակով խմբի ձևավորման կոչեր են եղել:

Արդյունքում պաստառներն ապամոնտաժվել են, պատռվել, նետվել աղբարկղը, և այդ գործընթացի լուսանկարները տարածել են հենց այն մարդիկ, ովքեր ԼԳԲՏԻ մարդկանց դեմ խումբ ձևավորելու կոչեր են հնչեցրել։ 

Հայցվոր կողմը վստահ է, որ պաստառներն ապամոնտաժվել են դրանց բովանդակության պատճառով և պնդում է, որ խախտվել է խտրականությունից զերծ մնալու և արտահայտվելու ազատության իրավունքը:

Դատավոր Ռաֆիկ Խանդանյանը, անդրադառնալով կողմերի միջև ապացուցման դատավարական բեռի բաշխման հարցին, հայցվորից, այսինքն՝ PINK Armenia հասարակական կազմակերպությունից պահանջել է հիմնավորում ներկայացնել առ այն, որ Քաղաքապետարանը խախտել է կազմակերպության իրավունքներն, այլ ոչ թե «Նուշիկյան ասոցիացիա»-ի։ Քաղաքապետարանն էլ պետք է ապացուցի, որ իր գործողությունները խտրական չեն, չեն խախտել հայցվորի արտահայտման ազատության իրավունքը և եղել են իրավաչափ։

Այսօրվա դատական նիստին Քաղաքապետարանի ներկայացուցիչ Լիլիթ Նարիմանյանը դիրքորոշում հայտնեց, որ Քաղաքապետարանը PINK Armenia-ի իրավունքները չի խախտել այն պարզ պատճառով, որ գովազդը պատվիրվել է «Նուշիկյան ասոցիացիային», այլ ոչ թե Քաղաքապետարանին:

«Նուշիկյան ասոցիացիան», ըստ Լիլիթ Նարիմանյանի, առանց քաղաքապետարանի թույլտվության, այսինքն՝ օրենքի խախտմամբ տեղադրել է հայցվոր կազմակերպության կողմից պատվիրված գովազդը:

Ըստ Նարիմանյանի՝ քաղաքապետարանը, նկատելով օրենքի խախտմամբ տեղադրված գովազդը, այդ մասին զգուշացրել է «Նուշիկյան ասոցիացիային», որն էլ ապամոնտաժել է տեղադրված գովազդային վահանակները:

Այսինքն՝ ըստ Լիլիթ Նարիմանյանի՝ Քաղաքապետարանը գործել է իր լիազորությունների շրջանակում ու չպետք է որևէ տեսակի պատասխանատվության կրի այն բանի համար, որ «Նուշիկյան ասոցիացիան» չի կատարել օրենքի պահանջը:

Վերը նշվածը հաշվի առնելով՝ Նարիմանյանը դիրքորոշում հայտնեց, որ Քաղաքապետարանն այս գործով պատշաճ պատասխանող չէ և դատարանին միջնորդեց կարճել գործի վարույթը:

Հայցվոր կազմակերպության ներկայացուցիչ Հասմիկ Պետրոսյանը դատարանին հանձնեց «Նուշիկյան ասոցիացիայի» գովազդային բաժնի պատասխանատու Գայանե Առուստամյանի և իրենց կազմակերպության ներկայացուցիչների միջև տեղի ունեցած խոսակցության ձայնագրությունը, որում Առումստամյանն, ըստ Հասմիկ Պետրոսյանի խոսքի, ասում է, թե պրակիտկայում «Նուշիկյան ասոցիացիան» գովազդների տեղադրման համար հազվադեպ է նախօրոք դիմել Քաղաքապետարանին, և նախկինում երբեք նման խնդիր չի առաջացել: Բացի այդ, նույն զրույցի ժամանակ Առուստամյանն, ըստ Պետրոսյանի խոսքի, ասել է, որ իրենք պաստառների տեղադրման համար նորից չեն դիմի Քաղաքապետարան, քանի որ իրենց այնտեղից զգուշացրել են, որ չդիմեն:

Փաստաբանը նշեց նաև, որ «Նուշիկյան ասոցիացիան» առևտրային շահ հետապնդող կազմակերպություն է, և եթե քաղաքապետարանը գովազդային վահանակների ապամոնտաժման պահանջ չներկայացներ, ապա անտրամաբանական կլիներ, որ կազմակերպությունը նման քայլի դիմեր ու վերադարձներ գովազդի համար տրված գումարը:

Պետրոսյանը քաղաքապետարանի ներկայացուցչից խնդրեց որևէ այլ դեպք նշել, երբ տեղադրված գովազդը ապամոնտաժվել է միայն այն պատճառով, որ դրա համար տեղադրող ընկերությունը քաղաքապետարանին նախօրոք չի դիմել: Լիլիթ Նարիմանյանը, սակայն, նման օրինակ չբերեց, նշեց, որ այդպիսի ինֆորմացիայի այս պահին չի տիրապետում
 

Միջազգային իրավական տեսության համաձայն՝ անուղղակի խտրականությունը ուղղակի խտրականությունից տարբերվում է այն բանով, որ կիրառվում է առերևույթ չեզոք կերպով։ Սույն դեպքի փաստերից, ըստ հայցվորի, երևում է, որ Երևանի քաղաքապետարանն ուղղակիորեն չի նշել պաստառների բովանդակությունը՝ որպես դրանց արգելքի հիմք, այլ նշել է որոշակի իրավական, ընթացակարգային ձևականությունների չպահպանումը, մասնավորապես՝ վերջինիս կողմից գովազդի տեղաբաշխման թույլտվության բացակայությունը:

Այսինքն՝ այս պարագայում խտրական վերաբերմունքն արտահայտվում է Երևանի քաղաքապետարանի առերևույթ չեզոք գործողությամբ, որը իբր հետապնդում է օրենսդրության պահպանման որոշակի իրավաչափ պահանջ՝ որակելով պաստառները ապօրինի:

Ըստ հայցվոր կողմի՝ Երևանի քաղաքապետարանը նշված պաստառները հեռացնելու իրավական հիմք չուներ, քանի որ այն իր բնույթով չէր խախտում գովազդի համար նախատեսված որևէ պահանջ, ինչի դեպքում միայն Երևանի քաղաքապետարանը կարող էր հեռացնել դրանք:

Այսօրվա նիստն այսքանով ավարտվեց. դատարանը հետաձգեց դատական նիստը, քանի որ հայցվոր կողմը ժամանակ խնդրեց ճառին պատրաստվելու համար: