Տեղի ունեցածն ակնհայտ խուլիգանություն է. հայտարարություն

«Նոր Սերունդ» Մարդասիրական հ/կ-ն խստագույնս դատապարտում է 2016թ.-ի փետրվարի 15-ին մի խումբ անձանց կողմից ԼԳԲՏԻ ակտիվիստների դեմ կատարված բռնությունը և հայտնում իրավական աջակցության տրամադրման իր պատրաստակամությունը դեպքից տուժած անձանց: Այդ մասին ասված է կազմակերպության տարածած հայտարարությունում

 

«Այս արարքը բացահայտ ոտնձգություն է և ակնհայտ խտրական վերաբերմունքի դրսևորում ինչպես ԼԳԲՏԻ համայնքի, այնպես էլ ԼԳԲՏԻ իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձանց և կազմակերպությունների, համախոհների նկատմամբ: 

 

Փետրվարի 15-ի երեկոյան արտակարգ դեպք է գրանցվել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում անհայտ 3 անձի կողմից հայհոյելով, ծաղրելով ծեծի են ենթարկվել ԼԳԲՏԻ ակտիվիստներ՝ երկու աղջիկ, երկու տղա, մեկ տրանսգենդեր կին: 

 

Դեպքից հետո բռնության ենթարկվածները Թումանյանի արձանին հարող տարածքը հսկող պարետային ոստիկանին հայտնել են կատարվածի մասին, իսկ երեկ առավել շատ տուժած երիտասարդը դիմել է բժշկի, ցույց տվել վնասածքները և կատարվածի վերաբերյալ դիմում ներկայացրել ոստիկանություն: 

 

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն կոչ է անում ՀՀ իրավապահ մարմիններին անհրաժեշտ գործողություններ ձեռնարկել, հայտնաբերելու մեղավորներին և պատասխանատվության ենթարկել։ 

 

Միաժամանակ կոչ ենք անում տուժածներին չերկնչել և չլռել կատարվածի վերաբերյալ և դիմել համապատասխան իրավապաշտպան մարմիններ իրենց խախտված իրավունքները վերանականգնելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: 

 

Տեղի ունեցածը ակնհայտ խուլիգանություն է՝ զուգորդված տուժածներին մարմնական վնասվածքներ պատճառելով: 

 

Անհրաժեշտ է ձեռնարկել մի շարք անհետաձգելի քննչական գործողություններ, քանի դեռ հանցանշանները չեն վերացել՝ 

 

բացատրություններ վերցնել կատարվածի վերաբերյալ, hարուցել քրեական գործ: 

 

հայտնաբերել մեղավորներին, քանի դեռ պատասխանատվությունից խուսափելու որևէ փորձ չեն կատարել: 

 

նշանակել դատաբժշկական փորձաքննություն վնասվածքների ծանրության աստիճանը որոշելու համար: 

 

Գտնում ենք, որ կատարվածը մարդասիրության, մարդու պատվի և արժանապատվության, անձեռնմխելիության միջազգային նորմերով երաշխավորված սկզբունքներին դեմ է»,- ասված է հայտարարությունում: