Տեղի ունեցավ ընդդեմ «Իրավունքի» 16-ի գործով վերաքննիչ դատը. վճիռը կհրապարակվի մարտի 5-ին

Վերաքննիչ քաղաքացիական դատարանում այսօր տեղի ունեցավ 16 համահայցվորների բողոքի քննությունն ընդդեմ «Իրավունք» թերթի, հայտնում է LGBTnews.am-ի լրագրողը:

 

Հիշեցնենք, որ 2014 թվականի մայիսի 17-ին «Իրավունք» թերթի կայքում հրապարակվել է «Նրանք սպասարկում են համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» վերնագրով հոդված: Հոդվածի ներքևի հատվածում տեղադրվել են հայցվորների ֆեյսբուքյան էջից հղումներ, որոնց էլ ուղղված է վերոնշված հոդվածը: Դրանում նշված են մի շարք արտահայտություններ, ինչպիսիք են՝ «սրանք գեյ քարոզչության դրույթերին հավատացող զոմբի են», «յուրաքանչյուր լոբբիստ ազգի և պետության ներքին թշնամին է», և այլն», որոնք հայցվորները համարում են իրենց պատիվն ու արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ, ինչպես նաև իրենց մեջ պարունակում են ատելության և խտրականության կոչ: Ուստի նրանք դիմել էին առաջին ատյանի դատարան՝ պահանջելով՝ հրապարակային ներողություն խնդրելու և 5 մլն դրամ գանձելու պահանջով: Դատարանը, սակայն մերժել է հայցն, ինչպես նաև հայցվորներին պարտավորեցրել պատասխանող կողմին փոխհատուցել դատական և փաստաբանական ծախսերի գումարը:

 

Վերաքննիչ բողոքում հայցվոր կողմը նշել էր, որ դատարանը չի առանձնացրել գործի համար էական նշանակություն ունեցող փաստերի շրջանակները, չի մասնավորեցրել փաստերի՝ կողմերի վրա դրված ապացուցման բեռը, դատարանի կողմից հետազոտման առարկա չեն դարձել հայցվորի ներկայացրած ապացույցները, ինչպես նաև չի հիմնավորել իր կողմից հրապարակված վճիռը, որի հետ շարադրված եզրահանգումներն, ըստ բողոք ներկայացրած կողմի մերկապարանոց են:

 

«Դատարանը չի անդրադարձել կոնկրետ արտահայտությունների, մասնավորապես՝ քննարկման առարկա չի դարձրել հայցվորի կողմից մատնանշած «ազգի և պետության թշնամի» արտահայտությանը, որով անվանարկում է հայցվորներին և նրանց նույնացնում ազգի և պետության դավաճանի հետ: Դատարանը չի անդրադարձել նաև հոդվածում առկա ատելության կոչերին, հայցվորների պատիվը նվաստացնող և նրանց վնասելու փորձին: Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ հոդվածն ի սկզբանե նպատակ է ունեցել արատավորելու հայցվորների պատիվն ու արժանապատվությունը, իսկ եթե այդպիսի նպատակ չհետապնդեր ապա, հոդվածը կհրապարակվեր առանց հայցվորների ֆեյսբուքյան էջերին հղումներ կատարելու»,- ասված է բողքում:

 

Ուստի բողոքաբերները դատարանից պահանջում են ամբողջությամբ բեկանել և փոփոխել դատարանի վճիռը կամ բեկանել և այն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:

 

Փաստաբանները նշեցին, որ հոդվածի հրապարակումից հետո հայցվորը մի շարք խնդիրներ են ունեցել, արժանացել խտրական վերաբերմունքի:

 

Հայցվորներից մեկը նշեց, որ հոդվածից հետո մինչև հիմա ինքը չի կարողանում աշխատանք գտնել, ինչը պայմանավորում է հենց հոդվածի՝ իր պատիվն ու արժանապատվությունն արատավորելու հետ:
«Հոդվածի հրապարակումից հետո չեմ կարողանում աշխատանք գտնել, մասնավորապես՝ պետական սեկտորում: «Ազգի և պետության թշնամի», «զոմբի» արտահայտություններն ինձ համար վիրավորանք են, և ես հոդվածից հետո հասարակության կողմից խտրական վերաբերմունքի եմ արժանացել»,- ասաց հայցվորը:
Պատախանողի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը, օգտվելով պատասխան տալու իր իրավունքից, նշեց, որ վերաքննիչ բողոքը անհիմն է:

 

«Բողոքում խեղաթյուրվել են նաև գործի հանգամանքները: Առաջին ատյանի դատարանի ակտը իրավաչափ է և հեղինակավոր: Դատարանի վրա շատ ծանր խնդիր էր դրված. մի կողմում դրված էր խոսքի ազատությունն, իսկ մյուս կողմում՝ մարդու պատիվն ու արժանապատվությունը:

 

Ինչի՞ց ծագեց վեճը: «Եվրատեսիլ» երգի մրցույթից հետո երգիչ կամ երգչուհի Կոնչիտայի մասնակցությունը դրան բուռն արձագանք գտավ, և մեր հայրենակիցներն, այդ թվում՝ Ինգա և Անուշ Արշակյան քույրերն, իրենց քննադատական խոսքն ասացին՝ կապված այդ կերպարի հետ: Չգիտես ինչու՝ դա հայցվորներին դուր չեկավ, և չգիտես ինչու ամբողջ մամուլը լցվեց նրանց հասցեին վիրավորական արտահայտություններով: Այդ դեպքում ի՞նչ պիտի աներ մամուլը: «Իրավունք» թերթն, ի դեմս Հովհաննես Գալաջյանի, հայտնեց իր դիրքորոշումը: Այո՛, գուցե կային վիրավորական տարրեր, գուցե ցնցեց, բայց մարդը հայտնեց իր կարծիքը. եթե դու խոսում ես ազատ խոսքի մասին, ապա բարի եղիր դու էլ ընդունել այն վիրավորանքը՝ նույնատիպ, որքանով դու վիրավորեցիր մեր հայրենակիցներին: Անձի դեմ ուղղված վիրավորանքի խնդիր չի եղել, եղել է անձի գործողության դեմ»,- ասաց Բաղդասարյանը:

 

Ի պատասխան հայցվորների փաստաբանները նշեցին, որ Ինգա և Անուշ Արշակյաններ քույրերը հայտարարել էին, որ իրենք Կոնչիտային արհամարհում են այնպես, ինչպես հոգեկան հիվանդներին՝ դրանով վիրավորելով նաև հոգեկան խնդիրներ ունեցող ՀՀ քաղաքացիներին:

 

Այսօրվա դատական նիստին հայցվորների փաստաբաններ Մարինե Գրիգորյանն ու Նվարդ Խաչատուրյանն միջնորդեցին վեճի առարկա դարձած հոդվածում խտրականության և ատելության խոսքի վերաբերյալ նոր ապացույցներ ներկայացնել դատարանին:

 

«Սրանք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի և Մարդու իրավունքների պաշտպանի կողմից վեճի առարկա դարձած հոդվածի վերաբերյալ տրված կարծիքներ են»,- ասաց Խաչատրյանը՝ նշելով, որ իրենք այդ փաստաթղթերը առաջին ատյանի դատարան ներկայացնելու հնարավորություն չեն ունեցել, քանի որ թե՛ ՄԻՊ-ի, թե՛ ԵԽԽՎ-ի պատվիրակների կողմից կարծիքներն արտահայտվել են առաջին ատյանի դատարանի վճռից հետո:

 

Դատավորներից մեկը նշեց, որ եթե կար վեճի առարկայի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու խնդիր, ապա փաստաբանները կարող էին միջնորդել հետաձգել գործի քննությունը: Խաչատրյաը, սակայն, ի պատասխան նշեց, որ ԵԽԽՎ-ի պատվիրակներն ինքնակամ են ներկայացրել հոդվածի և դրա վերաբերյալ դատարանի վճռի վերաբերյալ իրենց դիրքորոշումն, իսկ ՄԻՊ-ի արձագանքը վերաբերում է հենց առաջին ատյանի դատարանի վճռին:

 

«Մենք չէինք կարող կանխորոշել, որ ԵԽԽՎ-ն այդպիսի դիրքորոշում կհայտնի»,- ասաց Խաչատրյանը:
Պատախանող, «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը, միջնորդության վերաբերյալ իր կարծիքն արտահայտելով, նշեց, որ դատարանն այն չպիտի բավարարի, քանի որ «Օմբուդսմենի կամ ԵԽԽՎ մի քանի պատվիրակների կարծիքն օրենքով չեն կարող դիտվել որպես ապացույց»:
ՍՊԸ-ի փաստաբան Լևոն Բաղդասարյանը նույնպես հիմնազուրկ համարեց ապացույցները գործին կցելու միջնորդությունը:

 

Դատարանը մերժեց միջնորդությունը՝ նշելով, որ հայցվոր կողմը բավարար հիմնվորումներ չներկայացրեց այն մասին, որ հայցվորները առաջին ատյանի դատարանում հնարավորություն չեն ունեցել այսօր ներկայացված ապացույցների վերաբերյալ դիրքորոշում հայտնել, ինչպես նաև ապացուցել, որ դրանք էական նշանակություն կարող են ունենալ գործի քննության համար:

 

Դատարանը հեռացավ վճիռ կայացնելու, որը կհրապարակվի մարտի 5-ին: