Տեսանելի ապագայում դրական փոփոխության հնարավորություն չկա․ Արա Հարությունյան

LGBTnews.am–ի զրուցակիցն է լրագրող Արա Հարությունյանը։

Արա՛, դուք՝ որպես լրագրող, անդրադարձել եք Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց խնդիրներին։ Ըստ ձեզ` ավելի հաճախ ի՞նչ խնդիրների են հանդիպում ԼԳԲՏԻ անձինք Հայաստանում։

֊ ԼԳԲՏԻ անձանց խնդիրները Հայաստանում բազմաթիվ են, դրանք հանդիպում են գրեթե բոլոր ոլորտներում` սկսած ընտանիքից մինչև պետական հիմնարկներ` բանակ, առողջապահություն, կրթություն, աշխատաշուկա և այլն։ Հասարակության ու պետական մարմինների խտրական վերաբերմունը ԼԳԲՏԻ համայնքի նկատմամբ հանգեցնում է այն բանին, որ հաճախ գրանցվում են բռնության դեպքեր, խտրականության պատճառով մարդիկ չեն կարողանում ինքնադրսևորվել, ինչը նաև կարող է հանգեցնել հոգեբանական խնդիրների ի հայտ գալուն։ Այս կոնտեքստում կարևոր է պետության դերը խտրականության դեմ պայքարի գործում։

Կարո՞ղ եք ավելի կոնկրետ օրինակներ բերել, թե ինչպես է արտահայտվում խտրականությունը Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ։

Ես ինքս պետական մակարդակով խտրականության եմ ենթարկվել և չեմ անցել պարտադիր զինվորական ծառայություն, ինչի հետևանքով զրկվել եմ հետագայում պետական պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից, ավելին`որպես դրա հետևանք՝ վարորդական իրավունք ձեռք բերելու գործընթացը ևս օրինական ճանապարհով հնարավոր չէ, ինչը մարդու իրավունքների ակնհայտ ու կոպիտ ոտնահարում է։

Նշեցիք, որ պետական պաշտոններ զբաղեցնելու հնարավորությունից զրկված եք։ Մասնավոր սեկտորում որքանո՞վ են պաշտպանված ԼԳԲՏԻ անձանց իրավունքները։

Ես միշտ բացահայտ հանդես եմ եկել ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության դիրքերից։ Նույնիսկ միայն այս հանգամանքը իմ հանդեպ բացասական վերաբերմունքի պատճառ է դարձել։ Գործընկերներիցս մեկը հենց այս պատճառով աշխատավայրում արշավ սկսեց իմ դեմ։ Նա մոտեցավ ինձ ու սպառնաց, որ եթե պարզվի, որ ես նույնասեռական եմ, ինքն այլևս ինձ հետ չի աշխատի։ Նա բոլորին ասում էր, որ ես նույնասեռական եմ և հորդորում էր ինձ հետ չաշխատել։ Ի վերջո ես ստիպված եղա հեռանալ աշխատանքից` հետագա կոնֆլիկտներից խուսափելու համար։ Ինքներդ էլ գիտեք, որ Հայաստանում ԼԳԲՏԻ խնդիրները շատ տաբու թեմա է, բանակում նույնիսկ առանձին սպասք կա նույնասեռական անձանց համար։ Շատերի համար այդ մարդկանց հետ աշխատելը մահվանն ու խայտառակությանը հավասար մի բան է։ Նման իրավիճակում ատելությունից ու խտրականությունից դեպի բռնություն մի քայլ է։ Ոչնչից ապահովագրված չես կարող լինել։

Փորձե՞լ եք խնդիրն իրավական ճանապարհով լուծել։

Մենք Հայաստանում ենք ապրում, որտեղ նույնիսկ քաղաքացիական բնույթի տարրական գործերն արդար լուծում չեն ունենում, ուր մնաց՝ տարբեր սոցիալական խմբերի ներկայացուցիչները կարողանան խնդրին իրավական լուծում գտնել։ Լավագույն դեպքում նրանց վրա կծիծաղեն ու կծաղրեն ոստիկանության բաժանմունքում։ Դրա համար խոչընդոտ է նաև համապատասխան օրենսդրության բացակայությունը մեր երկրում։

Դուք խոսեցիք բազմաթիվ խնդիրներից, որոնց, փաստորեն, դուք ինքներդ եք բախվել։ Ի՞նչ է պետք անել իրավիճակի փոփոխության համար։

Պետությունն ահռելի դերակատարություն ունի ԼԳԲՏ անձանց նկատմամբ հանրության շրջանում հանդուրժողականություն տարածելու գործում, սակայն ցավով արձանագրում եմ, որ պետական մարմիններն իրենք հոմոֆոբ քաղաքաղականություն են իրականացնում։ Այս պայմաններում հասարակության հետ աշխատանք տանելու ու մարդկանց վերաբերմունքը փոխելու մասին խոսք լինել չի կարող։ Ավելին՝ 2013–ին Հայաստանի` Ռուսաստանի ղեկավարած Մաքսային միությանը միանալու որոշումից հետո, տեսանելի ապագայում, ցավոք, դրական փոփոխությունների հնարավորություն չեմ տեսնում։ Միակ բանը, որ կարող ենք անել՝ պայքարելն է, որ առկա իրավիճակն էլ ավելի չվատանա։